Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ
17 հազար ռեսպոնդենտ, 17 երկրից և 6 մայրցամաքներից
Տարեսկզբին հրապարակված «Քաղաքացիները պահանջում են գենդերային հավասարությամբ աշխարհ․ Գործողությունների ճանապարհային քարտեզ» հետազոտությունը բացահայտում է մարդկանց վերաբերմունքը Կայուն զարգացման նպատակներից 5- րդին ՝ գենդերային հավասարությանը և այն խթանելու ուղիների մասին նրանց պատկերացումները: Ըստ հետազոտության, կառավարություններն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ գենդերային հավասարությունը խթանելու համար, ինչպես նաև կանանց շարժումները և առաջնորդները պետք է հնարավորինս նպաստեն որոշումների կայացման գործընթացներում կանանց ներկայացվածության ավելացմանը՝ քվոտաների, ինչպես նաև հավասար վարձատրության միջոցով։
Հետազոտությունն իրականացվել է Women Deliver և Focus 2030 նախաձեռնությունների կողմից: Այն յուրահատուկ է իր ընդգրկվածությամբ և ծավալներով. իրականացվել է աշխարհի 17 երկրներում՝ Ավստրալիայում, Արգենտինայում, Կանադայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Քենիայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Շվեյցարիայում, Թունիսում և ԱՄՆ–ում։ Այս երկրներում ապրում է աշխարհի բնակչության կեսը և աշխարհի կանանց կեսից ավելին։ Հարցումն իրականացվել է առցանց, 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 4-ը, Deltapoll ինստիտուտի կողմից՝ յուրաքանչյուր երկրում ընդգրկելով 1000 հարցվածի։ Ընտրված երկրներից ինը բարձր եկամուտ ունեցող երկրներ են, հինգը ՝ միջինից բարձր եկամուտ, երեքը ՝ ցածր միջին եկամուտ ունեցող երկրներ են: Հետազոտության նպատակը գենդերային հավասարության վերաբերյալ հասարակական կարծիքի և սպասելիքների վերհանումն է եղել։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության 80 %-ը, իսկ Կանադայում հարցվածների 76 %-ը սատարում են գենդերային հավասարության գաղափարին և ցանկանում են, որ կառավարություններն ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ գենդերային հավասարությունը խթանելու համար: «Քաղաքացիները պահանջում են գենդերային հավասարությամբ աշխարհ․ Գործողությունների ճանապարհային քարտեզ» զեկույցը ոչ միայն հստակորեն մատնանշում է այն, թե ինչ են ցանկանում տեսնել մարդիկ, այլև ուղենշում այն ոլորտները, որոնց վրա առաջնորդները և որոշում կայացնողները կարող են առավել զգալի ազդեցություն ունենալ։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 80 % -ը կարծում է, որ գենդերային հավասարությունը կարևոր է, 65 %-ը ցանկանում է, որ իրենց կառավարությունն ավելի մեծ ջանքեր գործադրի գենդերային հավասարությունը խթանելու ուղղությամբ, 82 % -ը կարծում է, որ կանայք պետք է ներգրավվեն COVID-19 արձագանքմանն ու վերականգնմանն ուղղված բոլոր գործողություններում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդիկ համարում են, որ գենդերային հավասարության հասնելու համար ձեռնարկվող գործողությունների հիմնական պատասխանատվությունը կրում են կառավարությունները։ Հարցվածներից յուրաքանչյուր երկրորդը համարում է, որ կառավարությունները պետք է բարեփոխեն օրենքները՝ կանանց և տղամարդկանց հավասարությունը խթանելու և կանանց նկատմամբ խտրականությունը բացառելու նպատակով:
Գենդերային հավասարությունը նաև կարևոր է ընտրողների համար։ Հարցվածների 41 % -ը նշել է, որ պատրաստ է առաջիկա ընտրություններում քվեարկել այն թեկնածուի օգտին, որն աջակցում է գենդերային հավասարության գաղափարին, և միայն 5% -ն է նշել, որ իրենց կառավարությունը չպետք է աջակցի գենդերային հավասարությունը:
Հարցված կանանց կեսից ավելին՝ 57 %-ը, նշել է, որ իրենց անձնական, մասնագիտական կամ հասարակական կյանքում գոնե մեկ անգամ գենդերային անհավասարության դրսևորման է հանդիպել։
Հարցվածների 60 %-ը համոզված է, որ գենդերային հավասարությունը լուրջ ազդեցություն ունի աղքատության հաղթահարման վրա։
Հասարակական կարծիքի ուսումնասիրությունը կարևորվում է այս տարվա կեսերին սպասվող «Հավասարության սերունդ» ֆորումի համատեքստում, քանի որ հնարավորություն է տալիս կառավարություններին, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համաշխարհային առաջնորդներին ձեռնարկել համարձակ, հստակ գործողություններ, որոնք կնպաստեն գենդերային հավասարության ապահովմանը ամբողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ- Կանայք կառույցի, Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների կողմից համատեղ անցկացվող ֆորումը մաս է կազմում անցյալ տարի մեկնարկած Պեկին+25 գործընթացի և միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում։
Կանանց իրավունքների և գենդերային հավասարության պայքարի պատմության ամենաառաջադեմ այդ փաստաթղթերի ընդունումից 25 տարի անց անգամ որևէ երկիր լիովին չի կատարել իր պարտավորությունները՝ գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ։ Հատկապես COVID-19 համաճարակի համատեքստում, որը սրում է աղջիկների և կանանց նկատմամբ անհավասարության դրսևորումները և սպառնում չեզոքացնել տասնամյակների ընթացքում գրանցված առաջընթացը, բոլոր աղջիկների և կանանց բացառիկ կարիքների բավարարումը և նրանց իրավունքների պաշտպանությունը առավել կարևոր խնդիր է դառնում:
«Հավասարության սերունդ» ֆորումը հնարավորություն կընձեռի ակտիվացնելու գենդերային հավասարության պաշտպանությանը և խթանմանն ուղղված քաղաքական և ֆինանսական պարտավորությունները։ Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում։ Կոալիցիաների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։ Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:
ՄԱԿ-Կանայք կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան անդրադարձել է հարցման արդյունքներին․
«Զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում մարդիկ գենդերային հավասարությունը համարում են մեր ժամանակների խնդիր, և այն առավել հրատապ է դարձել COVID-19- ի պայմաններում: Այսպիսով, մենք պետք է օգտագործենք այս պահը, քանի դեռ ունենք այս հասարակական տրամադրությունը։ Հետազոտությունը մեր հիմնախնդիրների հզոր հաստատում է: Այն փաստը, որ հարցվածների 80 տոկոսը գենդերային հավասարությունը համարում է կարևոր խնդիր, նշանակում է, որ ղեկավարները ևս պետք է դա հասկանան և լսեն իրենց քաղաքացիներին: Այն փաստը, որ մարդիկ ցանկանում են, որ իրենց կառավարություններն ավելացնեն գենդերային հավասարության ապահովմանն ուղղված ֆինանսական ռեսուրսները` օգտագործելով հարկատուների գումարները, նույնպես պետք է լսելի դառնա կառավարությունների համար»,– ասել է նա:
Ամփոփելով հետազոտության արդյունքները, հեղինակներն առանձնացրել են 8 հիմնական գործողություններ, որոնք կարող են նպաստել գենդերային հավասարության հաստատմանը ողջ աշխարհում։ Դրանք ձևակերպված են որպես առաջարկություններ՝ ուղղված կառավարություններին, ֆեմինիստական շարժումներին և հասարակական սեկտորի գործիչներին։
Առաջինը, աշխարհում գենդերային հավասարության հաստատմանն ուղղված ավելի մեծ և համարձակ պարտավորությունների ստանձնումն ու կառուցողական գործողությունների ձեռնարկումն է։
Երկրորդը, ֆինանսական և հաշվետվողական մեխանիզմների համապատասխանեցումն է գենդերային հավասարության վերաբերյալ ստանձնված պարտավորություններին։
Երրորդ առաջարկությունը վերաբերում է թեմատիկ ոլորտների միջև համագործակցության խթանմանն ուղղված համապարփակ քաղաքականությունների և ծրագրերի մշակմանը։
Չորրորդ առաջարկը, որ ներկայացնում են զեկույցի հեղինակները վերաբերում է գենդերային հավասարությանը խոչընդոտող գենդերային նորմերի բացահայտմանն ու վերացմանը՝ շահերի պաշտպանության և հանրային իրազեկման արշավների միջոցով։
Հինգերորդ առաջարկը վերաբերում է խտրական օրենքների վերացմանը, ինչպես նաև աղջիկների և կանանց առողջությունն ու իրավունքները պաշտպանող, գենդերային հավասարությունը խթանող քաղաքականությունների կիրառմանը։
Վեցերորդ կետով հեղինակները խորհուրդ են տալիս ներդնել գենդերային տվյալների հավաքագրման և վերլուծության այնպիսի մեխանիզմ, որը կարող է հիմնավորել մշակվող քաղաքականությունները։
Յոթերորդ առաջարկը վերաբերում է համաճարակով պայմանավորված իրողություններին։ Ըստ այդմ, հեղինակները նշում են, որ որոշում կայացնողները պետք է համոզված լինեն, որ COVID-19 համաճարակի արձագանքման և դրա հետևանքների վերականգնման բոլոր ծրագրերը գենդերազգայուն են և դրանցում հաշվի են առնված խտրականության այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ռասայական պատկանելությունը և աղքատությունը, որոնք կապված են համաճարակի առողջապահական և սոցիալ-տնտեսական ազդեցության հետ:
Եվ վերջապես, հեղինակները խորհուրդ են տալիս որոշում կայացնողներին համոզվել, որ բոլոր ներդրումներում, քաղաքականություններում և ծրագրերում հավասարապես հաշվի են առնված բոլոր կանանց և աղջիկների՝ այդ թվում երիտասարդների և անբավարար չափով ներկայացված խմբերի կարիքներն ու պահանջմունքները:
Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ.
Դիտումների քանակը` 984