Հինգ  տարի անց. ինչո՞ւ չի գործում գենդերային հավասարության օրենքը

2013 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, որը կարևոր  փաստաթուղթ է սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի իրավական բազան ապահովելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, օրենքի ընդունումից 5 տարի անց գենդերային խտրականությունը, որն առաջին անգամ սահմանվեց հենց այս օրենքով,  շարունակում է մնալ մեր հասարակության խնդրահարույց հարցերից մեկը: Ավելին,  հետազոտությունները փաստում են, որ օրենքը  չի գործում, գործնականում չի կիրառվում,  դատական պրակտիկայում դրա կիրառման  նախադեպերը  գրեթե բացակայում են:

 

Այսօր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն ՝ վեր հանելով  օրենքի իրավական բացերն ու դրա դրույթների կիրառման հետ կապված  խնդիրները: Հետազոտությունն իրականացրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենք Նարինե Ալեքսանյանը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  ներկայացուցիչ Աննա Նիկողոսյանի խոսքով, կոալիցիայի անդրադարձն այս օրենքին  պատահական չէր,  խնդիրը նրանում է, որ  մինչև չվերանա կանանց նկատմամբ խտրականությունն ու անհավասար վերաբերմունքը, շոշափելի արդյունքների չենք հասնի նաև կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցում: 

Հետազոտությունն իրականացվել է իրավահամեմատական մեթոդաբանության հիման վրա, oրենքի դրույթները վերլուծության են ենթարկվել ՀՀ միջազգային պարտավորությունների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ համադրման և համեմատության արդյունքում:

 

Հետազոտության հեղինակ Նարինե Ալեքսանյանը նշեց, որ իրավական ոչ լիարժեք կարգավորումների արդյունքում Հայաստանում խտրականության են ենթարկվում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: «Գենդերային հավասարությունը պարզապես օրենքով հռչակելը բավարար չէ, պետք է ունենանք նաև արդյունավետ սանկցիաներ, որպեսզի լիարժեք պայքարենք խտրականության դեմ, այնինչ, գենդերային խտրականության դեպքում պատասխանատվության միջոցներ սահմանված չեն ՀՀ օրենսդրությունում»,- նշեց փորձագետը:

Հետազոտության շրջանակներում փորձ է արվել պարզել, թե արդյո՞ք հինգ  տարի առաջ ընդունված  օրենքը կիրառվում է դատական պրակտիկայում: Թեև պաշտոնական վիճակագրություն առկա չէ, հետազոտողին հաջողվել է դատական գործերի էլեկտրոնային որոնման համակարգով բացահայտել, որ օրենքը խիստ սահմանափակ է կիրառվում դատական պրակտիկայում, այն էլ կիրառումը վերաբերել է ոչ թե սեռի հիմքով խտրականության դեպքի քննությանը, այլ պարզապես հղում է արվել օրենքին որպես կանանց ու տղամարդկանց իրավահավասարության սկզբունքը սահմանող կարգավորում:

 

Հետազոտության  հեղինակի դիտարկմամբ,  օրենքը չի նախատեսում  պատասխանատվության միջոցներ, և այդ առումով դեկլարատիվ բնույթ է կրում. այն  սահմանում է, որ կանայք և տղամարդիկ հավասար են, սակայն իրական հավասարություն արձանագրելու համար մեխանիզմներ չկան:

 

 

Նշենք, որ այդ նույն մտահոգությունները հնչեցվել են նաև հինգ տարի առաջ՝ օրենքի ընդունման ժամանակ և ՀԿ սեկտորի, և որոշ պատգամավորների կողմից, սակայն նրանց   առաջարկությունները մեխանիզմների և պատասխանատվության մասով այդպես էլ չընդունվեցին: Պատճառները, այն ժամանակվա  գնահատականներով, երկուսն էին ՝ գենդերային հավասարության թերի, կարծրատիպային  ընկալումն ու պետական բյուջեի համար  ֆինանսական  հնարավոր հետևանքները, որոնք կարող էին առաջանալ մեխանիզմների ներդրման արդյունքում:

 

 

Սակայն օրենքն  չաշխատեց  ոչ միայն դրա իրականացման համար անհրաժեշտ  մեխանիզմների բացակայության պատճառով:  Մեկ այլ,  2017 –ի տարեվերջին ներկայացված  Անի Ջիլոզյանի «Գենդերային քաղաքականությունը Հայաստանում» հետազոտության  գնահատականներով, օրենքի ընդունումից  հետո  ծավալված «հակագենդերային» արշավի  մանիպուլյացիաների արդյունքում  օրենքն ոչ միայն ենթարկվեց  լուրջ վարկաբեկման, այլև  «գենդեր» եզրույթը ոչ պաշտոնապես արգելվեց և հեռացվեց  իրավական փաստաթղթերից։  Հետազոտողը խորքային հարցազրույցներ է անցկացրել ոլորտի փորձագետների հետ, որոնք նշել են, որ օրենքի ընդունման շուրջ հետագա հիստերիան մեծապես ակնհայտ դարձրեց գենդերային քաղաքականության շուրջ պետության ներսում առկա հակասությունները:

 

Նրանց կարծիքով,  եթե 2013թ. հակագենդերային ալիքի գագաթնակետին պետությունը նախընտրեր հանրությանը կրթել «գենդեր» եզրույթի շուրջ, այսինքն՝ խուսափողականության փոխարեն ընտրեր բարոյական ներգրավվածության քաղաքականությունը, օրենսդրական բարեփոխման շուրջ բացասաբար տրամադրված ալիքը հիմնականում կկանխվեր, և մենք կունենայինք այնպիսի օրենք, որը գործուն մեխանիզմներ կնախատեսեր իրական հավասար հնարավորություններ ապահովելու համար։  

 

Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները դեռ կարող են շտկել 2013 թվականին թույլ տված սխալները՝ փորձելով «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը վերածել գործուն մեխանիզմի երկրում գենդերային հավասարություն հաստատելու համար, – այսպիսի եզրակացության են հանգում   օրենքի կիրառման շուրջ կատարված հետազոտությունները:  

 

Մասնավորապես, Նարինե Ալեքսանյանի կողմից իրականացված  իրավական վերլուծության արդյունքում ներկայացվել են օրենքում լրացումներ անելու մի շարք առաջարկություններ, որպեսզի առկա օրենքը ավելի հստակ լինի, համապատասխանի միջազգային չափանիշներին, նախատեսի նյութական պատասխանատվություն գենդերային խտրականություն դրսևորելու համար: Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենսդրական ակտերում, ինչպես նաև ստեղծել գենդերային խտրականության ենթարկված անձանց բողոքների քննության և պարտադիր կատարման ենթակա որոշում կայացնելու լիազորությամբ օժտված մարմին և այլն:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Ազգային ժողովն ընդունեց գենդերային արդարություն հաստատող օրենքը

Արծվիկ Մինասյան. Մեր «դեմ» դիրքորոշումը շատ հստակ հիմնավորում ունի…

Էլինար Վարդանյան. «Ուղղակի պետք չէ սահմանափակվել առաջին քայլով»

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կանանց և տղամարդկանց հավասարության մասին օրինագիծը

Բազմաչարչար օրինագիծը վերադարձավ Ազգային Ժողով…/ լրացված

Օրենքի նախագծում շտկումներն արդեն արվել են, վստահեցնում է Ֆիլարետ Բերիկյանը

Էլինար Վարդանյանը պարզաբանեց օրինագծի հետաձգման պատճառները

 Կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասար են Սահմանադրությամբ, իսկ հնարավորությունները՝ առանձին օրենքով

Զարուհի Փոստանջյան. «Ես կողմնակից եմ, որ օրենքները կիսատ չընդունվեն»

«Կոտրել տաբուները» նախ մեր գիտակցության մեջ. Նաիրա Զոհրաբյան

ՀԿ-ները պահանջում են օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

Կարո՞ղ է արդյոք մեկ տերմինի շուրջ տարընթերցումը ողջ օրենքի վարկաբեկման հիմք հանդիսանալ

«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց

Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի

Դիտումների քանակը` 3986

Գլխավոր էջ