Գայանե Ղուլյան. «Նոր ուժեր, նոր դեմքեր, նոր ասելիք ու եռանդ՝ սա է մեր գրավականը»

«Ռեֆորմիստներ» կուսակցության ընտրական ցուցակի յոթերորդ  հորիզոնականում ներկայացված փաստաբան Գայանե Ղուլյանն առաջին անգամ է  մասնակցում ընտրություններին որպես թեկնածու, քանի որ մինչ օրս քաղաքականությամբ չի զբաղվել: Իսկ կուսակցության ընտրությունը բացատրում է նրանով, որ Ռեֆորմիստների տեսակետների ու գաղափարները լիովին  համընկնում են իր սեփական մոտեցումների հետ:

 

 

-Ծանոթանալով Ռեֆորմիստների կուսակցության տեսակետներին, գաղափարներին, նաև թիմին՝ գտա շատ հարազատ միջավայր թե՛ իր ծրագրերով, թե՛, առհասարակ, այս կամ այն հարցի վերաբերյալ իր մոտեցումներով։ Ռեֆորմիստների կուսակցույունը ինձ գրավեց, քանի որ դա լիարժեք ինքնուրույն միավորում է` իր հստակ դիրքորոշումներով և նպատակներով։ Գրեթե միակ կուսակցությունը, որը ո’չ նախորդ իշխանությունների , ո’չ այժմյան իշխանությունների ֆավորիտներից չէ։ 

 

 

 -Քանի որ քաղաքական գործունեությամբ չեք զբաղվել նախկինում, անակնկա՞լ չէր առաջարկը:

 

-Երբևիցե չեմ զբաղվել քաղաքականությամբ, այո, սակայն դա չի նշանակում, որ չեմ հետաքրքրվել իմ երկրում կատարվող իրադարձություններով, չեմ հասկացել կամ այս կամ այն քաղաքական իրադարձության կրողը չեմ եղել։ Որպես իրավապաշտպան այս կամ այն երևույթի բացասական կամ դրական հետևանքների մասին բարձրաձայնել եմ, ինչքանով դա հնարավոր էր։  Իսկ ավագանու անդամ առաջադրվելը չեմ կարծում, որ  բուն քաղաքանությամբ զբաղվել է նշանակում, քանի որ  Երևանի ավագանին տեղական ինքնակառավարման մարմինն է, որը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:  Ի դեպ,  Ռեֆորմիստների կուսակցությունը գրեթե միակ կուսակցությունն է, որի ավագանու ցուցակում չկան նախկինում քաղաքականությամբ զբաղվող գործիչներ, և սա է մեր գրավականը` նոր ուժեր, նոր դեմքեր, նոր ասելիք ու եռանդ։ Ընտրողը շատ լավ է հասկանում, որ մեզանից յուրաքանչյուրը իրենցից մեկն է՝ նույն խնդիրներով, հոգսերով, ինչու չէ` հույսերով և նպատակներով։

 

 

-Կուսակցության նախընտրական ծրագրի հատկապես ո՞ր դրույթներն են Ձեզ հոգեհարազատ: Ո՞րն է Երևանի զարգացման Ձեր տեսլականը:

 

-Մեր կուսակցության կարգախոսն է՝ «Կանաչ Երևան», ինչը  ենթադրում է բնության զարթոնք. կանաչը ՝ հույսի, կյանքի, ներդաշնակության գույնն է։ Կանաչ Երևան ունենալը ենթադրում է ունենալ առողջ մթնոլորտ և առողջ բնակչություն։ Քաղաքի կանաչաատումը իր մեջ ներառում է նաև քաղաքային այգիների, շատրվանների և հանգստի անվճար գոտիների ստեղծում՝ ժամանակակից լուծումներով։  Ռեֆորմիստների կուսակցությունը կարևորում է նաև խցանումների, քաղաքային տրանսպորտի, ավտոկայանատեղիների խնդիրները, որոնք բավականին անհանգստություն են պատճառում յուրաքանչյուր քաղաքացու։ Մենք ամեն օր այդ խնդիրների կրողն ենք։ Մեր կուսակցությունը այդ խնդիրների օտպիմալ և իրագործելի լուծումներն ունի՝ անհրաժեշտ է ներդրել խցանումները բացառող էլեկտրոնային համակարգ, խելացի լուսաֆորների համայնքային կիրառում։  Կուսակցության համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել և վերլուծվել են նշված համակարգերի ներդրումը և կիրառումը այլ երկրներում և արդյունքում ներառվել է  մեր ծրագրում։ Մեզ համար կարևոր առաջնահերթություններ են նաև կենդանիների պաշտպանությունը, արևային էներգիայի կիրառումը:

 

 

– Երևանը Ձեզ համար դա…

 

Երևանը իմ տունն է, որտեղ քեզ զգում ես ապահով։ Ես սիրում եմ իմ Երևանը, երբ փոքր էի` սիրում էի, ինչպես սիրում ես ծնողիդ, այս տարիքում սիրում եմ արդեն ինչպես իմ երեխա, մայրական ՝ ծնողական հոգատարությամբ, քնքշանքով և գուրգուրանքով։ Բառերով դա արտահայտելը և’ հեշտ է, և’ դժվար. հեշտ է, քանի որ կարող ես շատ գեղեցիկ, ազդեցիկ բառեր ասել, բայց այս պահին դա այդքան էլ տեղին չէ։

 

 

-Որպես մայր և որպես ավագանու թեկնածու, ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք բախվում են Երևանի կանայք ու երեխաները և ինչ լուծումներ ունեք:

 

-Այսօրվա կինը շատ խնդիրներ ունի սկսած երեխա ունենալու որոշումից: Մեր օրերում կանայք տղամարդկանց հետ հավասար հոգ են տանում ընտանիքի մասին, դրան զուգահեռ  հասցնում են և’ աշխատել, և’ երեխաներ դաստիարակել, և’ տան մթնոլորտը սիրո և բարությամբ լցնել։ Սակայն իրականում խնդիրները շատ են, սկսած հղիության ընթացքից, քանի որ տարբեր բժշկական ծրագրեր են անհրաժեշտ, վերջացրած ուսումնական հաստատությունների խնդիրները, մասնավորապես մանկապարտեզների, դպրոցների հետ կապված, հատկապես դրանց ժամերի, քանի որ աշխատող մայրերը  խնդիրների դեմ են կանգնում և փորձում են ալտերնատիվ ճանապարհներ  փնտրել։ Չմոռանանք նաև այլ խնդիրները, օրինակ, աշխատանքի ընդունվելիս գործատուի կողմից առաջ քաշվող տարիքային և այլ պահանջներ ներկայցնելը, և այլն: Ռեֆորմիստները այդ բոլոր խնդիրներին իր ծրագրով անդրադառնում է, մենք հոգ կտանենք՝ մոր և մանկան կյանքը անհոգ դարձնելու համար։

 

Առանցքային  հարցերից մեկը՝ քաղաքային պոլիկլինիկաների ժամանակակից մրցունակ բժշկական կենտրոնների վերածումն է։ Այս խնդրի լուծումը նպաստելու է մոր և մանկան առողջությանը, առողջ մայրը` դա առողջ սերունդ ունենալու երաշխիքն է։ Մեր կուսակցության ուշադրության կենտրոնում է նաև մանկապարտեզների հետ կապված խնդիրները։ Մանկապարտեզները ունեն հասանելիության խնդիր, տեղերի սղության պատճառով հերթեր են կուտակվում։ Ըստ 2016թ․ դրության ԽՍՀՄ-ի ժամանակներից մնացած 240 նախադպրոցական հաստատություններին պատկանող շինություններից նպատակին էր ծառայում միայն 162-ը։ Որոշ պետական մանկապարտեզների տարածքի մի մասը տրվել է մասնավոր մանկապարտեզներին։ 47 մանկապարտեզային տարածքներ հանձնված է վարձակալության որտեղ գրանցվել են 106 ՍՊԸ և այլ կազմակերպություններ։ Կուսակցությունը ուղենիշ է վերցրել վերանայել մասնավորին հանձնված տարածքների կիրառումը ըստ նշանակության և նպատակի։ Մանկապարտեզների տարածքի ընդհանուր վերանորոգման և բարեկարգման խնդիրը՝ բակերի և խաղահրապարակների բարեկարգումը, ասֆալտապատումը, կանաչապատումը, տաղավարների և խաղային միջոցների տեղադրումը, ցանկապատերի վերանորոգումը, նոր պարսպապատերի կառուցումը, դարպասների փոխարինումը։ Մանկաարտեզները ունեն նոր գույքի, մարզական և երաժշտական գույքի, էլեկտրոնային երաժշտական համակարգերի, սառնարանների կարիքը։ Մի խոսքով երեխաների դաստիարակման և զարգացման համար պետք է ստեղծվեն նվազագույն պայմանները ։

 

 

-Ըստ Ձեզ, ինչո՞վ է ապագա ավագանին՝ քաղաքական նոր իրողությունները հաշվի առնելով, տարբերվելու նախորդից և կարող եք, որպես թեկնածու, երևանցուն խոստանալ, որ իր կյանքում էական փոփոխություններ կլինեն:

 

– Ես չեմ ուզում առաջին քայլերը անել ուրիշին փնովելով: Բայց իհարկե ամեն ինչ փոփոխման ենթակա է` կառավարման մեթոդները, ձևը։ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը գալիս է այդ փոփոխություններն ի շահ Երևանի անելու, պատահական  չէ Ռեֆորմիստներ անվանումը։ Ինչ վերաբերում էխոստումներին, ապա Երևանցին ինքն իրեն պետք է խոստանա, որ իր և իր երեխայի ապագան ինքն է կերտելու, իր քաղաքի, իր տան փոփոխությունը, ռեֆորմը ինքն է անելու, իսկ Երևանի ավագանին կամ այլ կառավարման մարմինը միայն միջոց է դա իրագործելու։

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1682

Գլխավոր էջ