Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում առաջարկվել է Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին փոխարինելու համար առաջարկել է Երևանի ավագանու  իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը։

 

 

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի 9-ին տեղեկացրել էր, որ  Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Այսօր նրա փոխարեն առաջադրվող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը դեռ  պետք է հաստատի մայրաքաղաքի ավագանին: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին կայանալիք ավագանու նիստին:  Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու դեպքում նա համակարգելու է  հանրակրթության, մշակույթի, սպորտի ոլորտները և  երիտասարդության հարցերը:

 

 

 Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացրել է , որ  ընդունել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկը։  «Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման», – գրել է նա։

 

 

Նշենք, որ իրավաբան Գայանե Մելքոմյանը հայրենադարձի ընտանիքից է: Ծնվել է Անգլիայում: Չորս տարեկան էր, երբ ընտանիքը որոշեց հաստատվել Հայաստանում: 1991 թվականին անկախության հռչակումից հետո պարսկահայ Մելքոմյանների ընտանիքը հաշված օրեր անց եկավ հայրենիք՝ մշտական բնակության: Ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը, ուսանել է  ՄաքԳիլլի համալսարանում (Կանադա) «Լույս» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող  կրթաթոշակով: Մինչ Երևանի ավագանու անդամ ընտրվելը Գայանեին շատերը ճանաչել են  որպես հանրային կանաչապատ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ։ 

 

 

Հատկանաշական է, որ թեև Երևանի ավագանու  65 անդամից 21-ը կամ 32 %-ը կանայք են, այդ փաստը ոչ մի կերպ չի անդրադարձել  քաղաքապետարանի ղեկավար կազմի վրա, որը մինչ այս պահը  ամբողջությամբ  տղամարդկանցից է  կազմված: Երևանի քաղաքապետն ու նրա չորս տեղակալները տղամարդիկ են,  քաղաքապետի բոլոր երեք խորհրդականները տղամարդիկ են, քաղաքապետի օգնականը, մամուլի քարտուղարը, աշխատակազմի ղեկավարը, քաղաքի գլխավոր ճարտարապետը նույնպես տղամարդիկ են: Կանայք ի հայտ են գալիս միայն վարչությունների պետերի պաշտոններում, ընդ որում քաղաքապետարանի 22 վարչությունների պետերից միայն երեքն են կանայք: Պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններն էլ տղամարդիկ են ղեկավարում:  Վարչական շրջանի ղեկավարների 19 տեղակալներից միայն մեկն է կին։

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ի՞նչ փոխվեց Երևանի ավագանիում ԱԺ ընտրություններից հետո / ինֆոգրաֆիկա 

 

Մայրաքաղաքի  ղեկին.  որտե՞ղ են կանայք

 

Գայանե Մելքոմյան. «Մեզ բախտ է վիճակվել  մեր երազած երկրի կառուցմանը մասնակից լինելու»

 

Դիտումների քանակը` 1217

Գլխավոր էջ