Գարիկ Հայրապետյան. «Լրամշակվելուց հետո օրինագիծը որոշակիորեն թուլացել է»

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը լրամշակվելուց հետո որոշակիորեն թուլացել է: WomenNet-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր ընթանում է քննարկում այն մասին, որ լրամշակումից հետո ուշադրությունն ավելի շատ բռնության զոհից տեղափոխվել է, այսպես ասած, վիրտուալ տարածք՝ ընտանիքի համերաշխության գործընթացի վրա, ինչն էլ գաղափարը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը, որոշակիորեն թուլացնում է.

 

 

«Մենք բոլորս պայքարում ենք ընտանիքի պահպանման համար՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Խնդիրը նրանում է, թե՝ մենք ուզում ենք ընտանիքը լինի բարեկեցիկ, երջանիկ և առանց բռնության, թե՞ ընտանիքը պահպանենք ամեն գնով, անգամ եթե այնտեղ լինի բռնություն: Իհարկե բոլորը ցանկանում են պահպանել ընտանիքը, բայց օրինագծի փոփոխությունից հետո շեշտն ավելի շատ դրվեց համերաշխության գործընթացի վրա և ոչ թե բռնության զոհի պաշտպանության վրա և սա, որոշակի առումով, թուլացրեց օրենքի նախագիծը և դարձրեց ոչ կոնկրետ օրենքի գործառույթներն ու  գործողությունները»,- նշեց նա:

 

 

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ նախագծում ամրագրված գործառույթները տալիս են հնարավորություն արդյունավետ պայքար իրականացնել առկա պայմաններում, բայց փաստաթուղթի դուրս բերումը  զոհակենտրոնությունից չի կարող չանդրադառնալ նաև գործառույթների վրա: Թեև, շեշտեց մեր զրուցակիցը, օրենքը դրանից, մեծ հաշվով, իր արժեքը չի կորցնում, քանի որ ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին առանձին օրենք ունենալն արդեն խոսում է այն մասին, որ հասարակությունը միակարծիք է, որ խնդիր ունենք և դրա դեմ պետք է պայքարել: Սա շատ լուրջ ցուցիչ է:

 

 

Օրենքի նախագծում թույլ կողմերից մեկը Գարիկ Հայրապետյանը համարում է կրթական համակարգում այս խնդրի բարձրաձայնման անհրաժեշտության մասին ոչ բավարար չափով ամրագրելը:

 

 

«Իրականում այս երևույթի դեմ պայքարում կրթությունը շատ կարևոր դեր ունի, որովհետև եթե մենք ժամանակին երեխաներին համապատասխան կրթություն տանք, հարգանք ներմուծենք մարդու նկատմամբ անկախ նրա սեռից, տարիքից կամ սոցիալական խմբի պատկանելիությունից և այլն, դա արդեն նախադրյալ կհանդիսանա հետագայում այդ հարգանքի համապատասխան արտացոլմամբ՝ լինի դա ընտանիքում, թե փողոցում: Այս առումով կրթության դերը շատ կարևոր է և լրամշակված նախագծում որոշակի անդրադարձ դրան արվում է. ի վերջո, ԿԳՆ-ն պատասխանատու է անել այնպիսի փոփոխություններ, որպեսզի ընտանեկան բռնությունն արդարացնող  կարծրատիպերը վաղ տարիքից չներդրվեն երեխաների մեջ»,- ասաց նա: Որպես իր ասածի օրինակ նա մատնանշեց դպրոցական դասագրքերը, որտեղ կարելի է, օրինակ, հանդիպել վարժություն, որում մայրը նախատում է իր դստերը վատ սովորելու համար, միաժամանակ ասելով՝ «դե եղբայրդ տղա է, չար է, չի սովորում, դու ինչո՞ւ չես սովորում»:

 

 

«Ի՞նչ կապ ունի երեխայի սեռը սովորելու հետ և կամ ինչո՞ւ երեխաները վաղ տարիքում արդեն պետք է այդ կարծրատիպային սեռային տարբերակմանը հանդիպեն դասագրքերում: Ցավոք, նման օրինակները մեր դասագրքերում շատ են և այստեղ է, որ Կրթության և գիտության նախարարությունը պետք է լուրջ աշխատանք տանի: Այս աբսուրդային կարծրատիպերը դպրոցական ծրագրերից պետք է դուրս գան, չներդրվեն երեխաների մեջ, ինչը հետագայում կբերի ավելի  տոլերանտ, ավելի հարգալից փոխհարաբերությունների »,- հավելեց Գարիկ Հայրապետյանը:

 

 

Նշենք, որ լրամշակման արդյունքում նախագիծը ներկայացվեց որոշակի փոփոխություններով և առաջին իսկ փոփոխությունը վերաբերում է վերնագրին: դա հարուցեց դժգոհություն օրենքի կողմնակիցների շրջանում: Մասնավորապես, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես եկավ  հայտարարությամբ, որում նշվում էր, որ  վերնագրից արդեն իսկ պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության. «Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ»,- նշվում է հայտարարության տեքստում։

 

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 2184

Գլխավոր էջ