Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի  մասին մեր հրապարակումները բավականին լայն արձագանք ստացան ընթերցողների շրջանում, քանի որ ուշագրավ լուծումներ էր պարունակում:  Դեռևս  մշակման փուլում գտնվող այս  ծրագրում տեղ են գտել  ՄԱԿի բնակչության հիմնադրամի կողմից առաջարկված նորարարական մոտեցումները, որոնց շուրջ էլ WomenNetը զրուցում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ:

 

«Ժողովրդագրական ծրագրում նորարարական մոտեցումներ են տեղ գտել»

 

 

Ի՞նչ առաջարկություններ եք ներկայացրել ծրագրի հետ կապված:

 

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը նպատակ է դնում ավելի թիրախավորված աշխատել ծնելիության բարձրացման ուղղությամբ, ինչը բավականին բարդ խնդիր է: Աշխատանքի հիմքում երեք հիմնական մոտեցում է դրվել: Առաջին՝ ծնելիության մակարդակի բարձրացում նյութական խրախուսման միջոցով, որն ավանդական մեթոդ է և միշտ կիրառվել է: Ասեմ նաև, որ նյութական խրախուսման մեջ կա մի մեծ բլոկ, որը նախատեսում է երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովում: Երկրորդ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, մասնավորապես, հղի կանանց առողջական վիճակի վերահսկողության առումով ՝ հղիության ընթացքում կորուստները նվազեցնելու նպատակով: Եվ երրորդ գործոնը՝ ծնողական պարտականությունների ու աշխատանքի համատեղման պայմանների ստեղծում:

Մեր մասնակցությունը եղել է առողջապահական ծառայությունների  բարելավման և ծնողական պարտականությունների և աշխատանքի համատեղման մասով: Այս առումով բավականին նորարարական առաջարկներ են տեղ գտել ծրագրի մեջ, օրինակ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող մինչև 22 տարեկան հղի կամ հղիանալ պատրաստվող կանանց ուսման վարձի սուբսիդավորում, երիտասարդ կանանց մասնագիտական ուսուցում և վերապատրաստում՝ անվճար կուրսերի միջոցով, աշխատաշուկայում մինչև 30 տարեկան կանանց մրցունակության բարձրացում: Նախատեսվում են նաև միջոցներ ծնողական պարտականությունների և աշխատանքի համատեղման ուղղությամբ, մասնավորապես, երեխայի խնամքն ապահովելու հետ կապված հնարավորությունների ընձեռում, ինչը նախատեսում է, օրինակ` դայակի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կամ մինչև 6 տարեկան երեխաների խնամքի հաստատությունների ընդլայնում ու բարելավում և այլն: Հիմնականում այս գաղափարներն են, որոնք մեր առաջարկությամբ դրվել են այս նոր ժողովրդագրական ծրագրի հիմքում և որոնք, հուսով ենք, որոշակի փոփոխություն կբերեն, քանի որ առաջին անգամ է, երբ Հայաստանում նման մոտեցումներ ենք որդեգրում:

 

 

«Ավելի քիչ գումար է պետք մայրական առողջությունը պահպանելու, քան կորցրած առողջությունը վերականգնելու համար»

 

 

– Ձեր կողմից մատնանշված բոլոր բաղադրիչները ֆինանսների հետ կապ ունեն: Պետությունը մշտապես հայտարարում է, որ ֆինանս չունի անգամ երեխայի խնամքի նպաստը 18 հազար դրամից ավելացնելու համար… Դուք պատրաստակամություն տեսնո՞ւմ եք պետության կողմից, որ այս ամենը իրականություն կդառնա, և կանանց, օրինակ` դայակի վճարի մի մասը կփոխհատուցեն: Թե՞ ավելի շատ հույսը դրվելու է միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման վրա:

 

– Իրականում ժողովրդագրական խնդիրները լուծելը և հատկապես ծնելիության աճի բարձրացումը երկարատև ու թանկ գործընթաց է: Մի քանի երկիր, որոնք հաջողել են բարձրացնել ծնելիությունը, դրանք եվրոպական երկրներն են՝ Ֆրանսիան, Դանիան, Շվեդիան, այս նպատակով տարեկան ծախսում են շատ մեծ գումար ՀՆԱ-ից: Եթե օրինակ բերեմ՝ Ֆրանսիան տարեկան 121 մլրդ եվրո է ծախսում այդ ուղղությամբ սոցիալական փաթեթ-ծրագրերի վրա: Սա իրոք ցույց է տալիս, թե ինչ թանկ արժեն այս ծրագրերը: Բայց մյուս կողմից՝ այո՛, եթե մենք լուրջ չվերաբերվենք այս ծրագրի ֆինանսավորմանը, ապա այս ամբողջ գործընթացը դժվար թե հաջողի, քանի որ բոլոր այն գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել, մեծ գումարներ են պահանջում: Թեև կան գործողություններ, որոնք կպահանջեն ավելի քիչ գումարներ հիմա: Օրինակ` ավելի քիչ գումար է պետք մայրական առողջությունը պահպանելու, քան արդեն կորցրած առողջությունը վերականգնելու համար: Եվ դա, ի դեպ, կարող է բարելավել երկրորդային անպտղության մասով անհանգստացնող ցուցանիշը, որը բավականին բարձր է Հայաստանում:

Ինչ վերաբերում է պետության պատրաստակամությանը, կարծում եմ` դա կա, համենայն դեպս, ուզում եմ հուսալ, որ կա: Դրա մասին են վկայում այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են՝ սկսած նրանից, որ նման ծրագիր մշակելու առաջարկությունը եղել է Կառավարության, մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից,  միաժամանակ աշխատել է  նաև Առողջապահության նախարարությունը:  Ըստ իմ տեղեկությունների` ծրագիրը բավական դրական է ընդունվել նաև Կառավարությունում: Հուսով եմ, այն փաստի ընկալումը, որ հայաստանյան ժողովրդագրական վիճակը բարելավելու գործընթացը այլևս հետաձգելու տեղ չունի, մեզ կստիպի անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, որպեսզի գոնե քսան տարի հետո տեսնենք արդյունքները: Կարծում եմ, որ ֆինանսներն էլ, եթե ոչ ամբողջությամբ, բայց գոնե զգալի չափով կբավարարեն:

Չեմ կարծում, թե կլինի որևէ միջազգային կազմակերպություն, որը կարող է աջակցել ծնելիության ֆինանսական խրախուսմանը: Ոչ մի դոնոր կազմակերպություն նման գործընթացի համար գումար չի տրամադրի, առավելագույնը` նրանք կարող են աջակցել ծրագրի պատրաստմանը և դրանում համաշխարհային փորձը օգտագործելուն: Բայց ժողովրդագրական իրավիճակը բարելավելու համար ֆինանսավորման բեռը միայն պետությանն է:

 

 

«Պետությունը կորցնում է կանանց այն ներուժը, որը հենց ինքն է ստեղծում նրանց համար»

 

Վերջերս ձեր կողմից ղեկավարվող ՄԱԲՀ-ի գրասենյակը Հայաստանում ներկայացրել էր մի հետազոտություն՝ տնտեսության մեջ կանանց մասնակցության և նրանց նկատմամբ խտրականության վերաբերյալ: Այն վկայում է, որ ունենք պատկեր, երբ պետությունը չի օգտագործում կանանց ներուժը տնտեսությունում, փաստորեն նրանց կրթության վրա ծախսված գումարների զգալի մասն անվերադարձ կորչում է՝ չծառայելով պետության զարգացմանը: Ինչպե՞ս է կանանց և տղամարդկանց անհավասարությունն ազդում ժողովրդագրության վրա:

 

– Այո՛, այդ մտահոգությունը տեղին է և ապացուցվում է նաև անցկացված հետազոտություններով և վերլուծություններով, որոնք վկայում են, որ երբ չենք օգտագործում մեր հասարակության 50 տոկոսից ավելիի պոտենցիալը և հատկապես չենք ուղղում այդ ներուժը տնտեսական արժեք արտադրելու ուղղությամբ, ապա դա բավականին լուրջ ազդեցություն է թողնում պետության զարգացման վրա: Գենդերային ճեղքվածքին նվիրված այդ հետազոտությունը մի վերլուծություն էր, որի միջոցով փորձել ենք պարզել, թե որքանով է տարբեր կանանց և տղամարդկանց վիճակը տնտեսական դաշտում: Օրինակ` մենք ունենք մոտ 36 տոկոս աշխատավարձի գենդերային ճեղքվածք, այսինքն` կանայք միջինը 36 տոկոսով պակաս աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ: Ընդ որում, դա հետևանք է թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց խտրականության: Այսինքն` կանայք ընտրում են այն մասնագիտությունները, որոնք արդեն ի սկզբանե ցածր վարձատրվող են, և կա նաև ուղղահայաց խտրականություն, երբ կանայք հիմնականում ներկայացված են այս կամ այն կառույցի միջին, ավելի ցածր վարձատրվող օղակներում, բայց ղեկավար պաշտոններում նրանց ներկայությունը գրեթե զրոյական է: Եթե վերցնենք պետական սեկտորը, ապա կտեսնենք, որ այդտեղ աշխատողների մեծամասնությունը կանայք են, բայց ղեկավար պաշտոն զբաղեցնող կանանց թիվը 10 տոկոսից էլ պակաս է: Եվ դա ամենևին չի խոսում այն մասին, թե կանայք ավելի քիչ պատրաստված են, որովհետև երբ մենք նույն այդ հետազոտության ընթացքում ուսումնասիրեցինք կրթական իրավիճակը Հայաստանում, ապա պարզվեց, որ Հայաստանում բուհերում սովորողների 60 տոկոսից ավելին կանայք են: Բացի այդ, առաջադիմության ցուցանիշներով, անգամ այն ոլորտներում, որտեղ տղամարդիկ ավանդաբար ավելի առաջադեմ են եղել՝ ֆիզիկա, մաթեմատիկա, կանայք վերջին տարիներին գերազանցել և գերազանցում են տղամարդկանց ՝ Հայաստանում գերազանցիկների 80 տոկոսից ավելին կանայք են: Սա խոսում է այն մասին, որ մենք իսկապես բավականին մեծ ներդրումներ ենք անում մեր կանանց կրթության մեջ, բայց հետագայում կիսով չափ ենք օգտագործում այն պոտենցիալը, որը ստեղծում ենք նրանց համար:

Եվս մի հետաքրքիր ցուցանիշ ունենք, որը ցույց է տալիս, որ եթե այդ կանայք ընդգրկված լինեին աշխատանքային շուկայում, ապա Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան կարող էր ձեռք բերել 50-60 մլն դոլար ավելի եկամուտ, քան ունենք այսօր: Կարծում եմ, սա այն գումարն է, որի մասին արժե մտածել՝ 50-60 մլն դոլարը քիչ գումար չէ Հայաստանի համար:

 

«Մենք չենք կարող չնկատել այն փաստը, որ աշխարհը փոխվում է»…

 

Նշված  գումարը, օրինակ` կարող էր ուղղվել նույն այս ժողովրդագրական ծրագրի ծախսերին:

 

– Միանշանակ կարող էր ուղղվել նաև այդ ծրագրերին: Այո՛, իհարկե մենք ունենք մեր մտածելակերպը, մեր ավանդական մոտեցումները ընտանիքի, արժեքների, կյանքի նկատմամբ, բայց մյուս կողմից` նաև մենք չենք կարող չնկատել այն փաստը, որ աշխարհը փոխվում է, գնում է առաջ, և Հայաստանն էլ այդ աշխարհի մի մասն է, այն էլ` ակտիվ մաս: Եվ այդ փոփոխությունները բերում են նաև ընտանիքի ներսում փոփոխությունների, քանի որ եթե առաջ տղամարդը ընտանիքում միակ աշխատողն էր և կարողանում էր այդ իր աշխատանքով ընտանիք պահել, ապա այսօր արդեն այդպես չէ: Հենց նույն այս ծրագրի բնակարանի ապահովման մասով, թեև պետությունը փորձելու է բավական մատչելի պայմաններով այն տրամադրել, բայց անգամ այդ դեպքում, երբ աշխատում է ընտանիքի միայն մեկ անդամը, և ընտանիքում երկու-երեք երեխա կա, չեն կարողանալու իրենց թույլ տալ վճարել այդ ամսավճարները: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մենք օգտագործենք նաև կանանց պոտենցիալը, որն արդեն ունենք, ստեղծել ենք ու ևս մեկ քայլ անենք դեպի առաջ՝ ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում: Դա կբերի նրան, որ ընտանիքում հաջորդ երեխա ունենալը չի դիտվի որպես ռիսկային գործոն այդ ընտանիքի բարեկեցության համար: Սա է, որ անչափ կարևոր է…

 

Անդրադառնանք առանց կանխավճարի բնակարան տրամադրելու ծրագրային դրույթին, որը որոշ անհատների կողմից թերահավատորեն է ընդունվել. Դուք հավանակա՞ն եք համարում, որ իսկապես կկարողանանք իրականացնել դա:

 

– Առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու հավանականությունը նախևառաջ կախված է պետության ֆինանսական հնարավորություններից: Այսինքն` եթե խոսում ենք կոմերցիոն շուկայում բնակարան ձեռք բերելու հնարավորության մասին, ապա եթե պետությունը ընտանիքի փոխարեն այդ կանխավճարը վճարի, անշուշտ հնարավոր կլինի: Կրկնում եմ՝ այս հարցում ամեն ինչ կախված է պետության ֆինանսական հնարավորություններից, քանի որ շուկան ենթադրում է պայմաններ, որոնք պետք է պահպանվեն: Բայց վերադառնամ ավելի վաղ հնչեցրած մտքիս՝ անգամ այն դեպքում, երբ պետությունը հիփոթեքի միջոցով ամենամատչելի պայմաններով կամ առհասարակ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռի ընտանիքներին, դա էլ խնդրի ամբողջական լուծում չի լինի ընտանիքում միայն մեկ անդամի աշխատելու պարագայում, քանի որ ընտանիքն ուղղակի չի կարողանա իրեն թույլ տալ վճարել անգամ նվազագույն ամսական վարձավճարը սեփական բնակարան ունենալու դիմաց: Եվ հենց այս առումով էլ շատ կարևոր է, որ մենք օգտագործենք կանանց պոտենցիալը և հնարավորություններ ստեղծենք տնտեսության մեջ կանանց լիարժեք ներգրավման համար: Իսկ դրա համար, կրկնում եմ, հարկավոր է ապահովել կանանց և տղամարդկանց հավասարությունը…

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

Դիտումների քանակը` 3627

Գլխավոր էջ