«Մենք ֆիզարձակուրդ չունենք, դու ազատված ես աշխատանքից»…
Լիանա Տ.-ն (անունն իր խնդրանքով փոխված է) տևական ժամանակ էր, ինչ աշխատում էր երեխաների զարգացման կենտրոններից մեկի մարզային մասնաճյուղում որպես մաքրուհի: Պատմում է, որ հղիության 2-րդ ամիսն էր ընթանում, երբ դիմեց տնօրենին՝ վերջինիս տեղեկացնելով, որ իրեն ֆիզարձակուրդ է հարկավոր լինելու։ Սակայն, տնօրենն ասաց, որ «իրենք ֆիզարձակուրդ չեն տրամադրում» և նա ազատված է աշխատանքից։
Լիանայի խոսքով, երբեք խնդիրներ չեն եղել աշխատավայրում և աշխատանքից ազատված լինելու մասին ղեկավարի կտրուկ որոշումն իրեն համար անհասկանալի և անսպասելի էր: Թեև շատ շփոթված էր, բայց փորձել է պարզաբանում ստանալ ղեկավարից.
«Տնօրենին ասել եմ ՝ չէ՞ որ օրենքով ինձ դեկրետ հասնում է, ի՞նչն է չտրամադրելու պատճառը: Աշխատանքս էլ մինչև այսօր լավ եմ արել, ինչու՞ եք ուզում ազատել»,- WomenNet.am-ին պատմում է Լիանան։
Ասում է, իր հարցերի պատասխաններն այդպես էլ չի կարողացել ստանալ, տնօրենը շարունակում էր պնդել, որ կարող է իրեն աշխատանքից ազատված համարել.
«Խնդրում էի իրեն որևէ հնարավոր տարբերակ առաջարկել, ուզում էի գոնե մինչև 7-րդ ամիսը մնալ, աշխատել, ինձ այդ գումարը շատ էր պետք, բայց նա ոչ մի կերպ չէր համաձայնվում, ասում էր՝ չի լինի, արդեն քո ազատման հրամանն եկել է»:
Լիանայի խոսքով, ինքը միակը չէր, նման դեպքեր իր գործընկերներից մի քանիսի հետ ևս պատահել են, ինչի հետևանքով նրանք գերադասել էին իրենց սեփական դիմումի համաձայն պարզապես ազատվել աշխատանքից։
Հիշում է նաև, որ տնօրենի հետ խոսակցությունից առաջ էլ հարաբերությունները, կարծես թե, լարված էին.
« Մինչ այդ, մի քանի անգամ նկատել եմ՝ տնօրենի վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել էր դեպի վատը, դրա պատճառով մթնոլորտը լարված էր լինում, անհիմն բարկանում էր… Սկզբում ուշադրություն չէի դարձնում, հետո հասկացա՝ երևի պատճառ էր ման գալիս՝ ինձ աշխատանքից ազատելու»:
Աշխատանքային հարաբերությունների խզման առիթն էլ, ըստ էության, հղիության մասին լուրը հանդիսացավ: Չկարողանալով հարցն ինքնուրույն կարգավորել՝ Լիանան մտերիմներից մեկի խորհրդով որոշում է դիմել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ին։
Կազմակերպությունը Լիանայի իրավունքները պաշտպանելու և խնդրի պատճառը պարզելու համար զրուցում է երկու կողմի՝ և՛ Լիանայի, և՛ կենտրոնի տնօրենի հետ։
«Մեր կենտրոնի իրավաբանը զրուցեց տնօրենի հետ՝ փորձելով հասկանալ իրավիճակը և հիմնավորում պահանջեց նրանից։ Տնօրենի պատճառաբանություններին ի պատասխան, իրավաբանն՝ օրենքի վրա հղում անելով, ներկայացրեց, որ Լիանային ֆիզարձակուրդ չտրամադրելը և անհիմն աշխատանքից ազատելը օրենքի խախտում է համարվում, ինչից հետո իրավիճակը սկսեց դրականորեն փոխվել»,- WomenNet.am-ի հետ զրույցում պատմեց «Կանանց իրավունքների տուն» ՀԿ սոցիալական աշխատող Լիլիթ Մուրադյանը։
Մոտ մեկ շաբաթ տարված աշխատանքների արդյունքում՝ ՀԿ-ին հաջողվում է պաշտպանել Լիանայի խախտված իրավունքը։ Արդյունքում գործատուն Լիանային չի հեռացնում աշխատանքից և ձևակերպում է նրա ֆիզարձակուրդը (հղիության և ծննդաբերության արձակուրդ)։ Հարցը կարգավորելու հետ մեկտեղ, կազմակերպությունը կնոջը տրամադրել է նաև խորհրդատվական և իրազեկման ծառայություններ։
Այժմ Լիանան ֆիզարձակուրդում է, ավարտից հետո պետք է վերադառնա աշխատանքի։ Այսօր նա, իր խոսքով, ավելի իրազեկ է դարձել, լավ տեղյակ է իր իրավունքներին, ասում է՝ խնդրի առկայության դեպքում արդեն կարող է ինքնուրույն պայքարել և պաշտպանել իր իրավունքները։
Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի 2.1 կետով «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը»:
Ի դեպ, «Կետ 33» կազմակերպության կողմից իրականանացված «Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված ուսումնասիրության տվյալները փաստում են, որ օրենքով ամրագրված արգելքները միշտ չէ, որ աշխատում են: Օրինակ, խախտումների համար հիմք է ծառայում այն փաստը, որ օրենքում գործատուին հղիության մասին տեղեկանք ներկայացնելու ընթացակարգը կարգավորված չէ: Խնդիրներ են առաջանում նաև այն դեպքերում, եթե կինը ունի որոշակի ժամկետով պայմանագիր, որն ավարտվում է մինչև մայրության արձակուրդ գնալը: Ըստ էության, արգելքը միայն այն դեպքերի վրա են տարածվում, երբ կինն ունի անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր։ Մի խոսքով, օրենքի որոշ ձևակերպումները, փորձագետների գնահատականներով, հստակեցման կարիք ունեն:
Մերի Մաթևոսյան
Ինֆոգրաֆիկան ՝ Կետ 33
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մայրերի խնդիրներն աշխատաշուկայում չեն սկսվում և ավարտվում ֆիզարձակուրդի շրջանում»…
Նանե Ասատրյան. «Չէի կարծում, թե երբևէ հարկադրված կլինեմ պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքներս»
Կանանց աշխատանքային իրավունքների խախտման «բազմերանգ» պատկերը. հետազոտություն
Դիտումների քանակը` 796