60 տարի առաջ տիեզերք թռավ առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան
Ապրիլի 12-ը ՄԱԿ-ի օրացույցով Մարդու տիեզերք թռչելու միջազգային օրն է։ Ուղիղ 60 տարի առաջ, 1963 թվականին ռուս տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան դարձավ առաջին և միակ կինը, ով միայնակ թռիչք կատարեց ՝ 48 անգամ պտտվելով Երկրի շուրջ Վոստոկ 6 տիեզերանավով:
Ի դեպ, նա ընտրվել էր 800 հավակնորդներից։ Առաջին փուլում , 800-ից ընտրեցին 30-ին, վերջնական փուլում հինգ թեկնածու մնաց։ Տերեշկովան այդ հնգյակում վերջինն էր առողջական ցուցանիշներով, սակայն իր աշխատանքային կենսագրությունը լավագույնս էր համապատասխանում “սովետական կնոջ” իդեալին, և այդ հանգամանքը որոշիչ դեր խաղաց իր ընտրության հարցում։
Երկրորդ կինը, ով հայտնվեց տիեզերքում, նույնպես ռուսաստանցի էր՝ Սվետլանա Սավիցկայան էր: Ամերիկացի տիեզերագնաց Սալի Ռայդը 1983 թվականին դարձավ երրորդ կինը, ով կատարեց ճանապարհորդությունը և մեկ տարի անց նորից թռավ տիեզերք։
Թեև կին տիեզերագնացները ժամանակին բախվել են բազմաթիվ նախապաշարումների, կանայք այսօր համարվում են երկար տիեզերական ճանապարհորդությունների իդեալական թեկնածուներ: Դա պայմանավորված է նրանով, որ կանայք միջինում ավելի քիչ սնունդ և թթվածին են պահանջում, քան տղամարդիկ: Փորձագետները պնդում են, որ մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս, որը կտևի առնվազն 7 ամիս, կարող է բաղկացած լինել բացառապես կանանցից:
Իսկ մինչ այդ ամերիկյան NASA-ն ծրագրում է 2024 թվականին առաջին կին տիեզերագնացներին ուղարկել Լուսին, ընդ որում 18 տիեզերագնացներից, որոնք կմասնակցեն, ինը կանայք կլինեն: Փորձագետները համարում են, որ կանանցից ու տղամարդկանցից կազմված անձնակազմերն առավել արդյունավետ են, այդ թվում թռիչքի ընթացքում զսպված վարքագիծ, հանգիստ և կառուցողական մթնոլորտ ապահովելու տեսակետից։
Այնպես որ, տիեզերքի նվաճումը կանանց կողմից առջևում է․․․
Դիտումների քանակը` 867