“Կայուն զարգացում․ շարժվելով դեպի Մետավերս”․ Երևանում կկայանա ՖԵՄԻՆՆՈ կոնֆերանսը

Հուլիսի 29-30-ին Երևանում նորից կկայանա կանանց եւ նորարարության շուրջ ՖԵՄԻՆՆՈ միջազգային կոնֆերանսը, որը միակն ու ամենամեծն է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ողջ տարածաշրջանում։ Այս տարի էլ ՖԵՄԻՆՆՈ-ի կազմակերպիչները փորձել են ներդնել բոլոր ջանքերը՝ հաստատելու, որ գործունեության բոլոր ոլորտներում կայանք նույնպես բավարար ներուժ ունեն եւ նրանց մասնակցությունը նույնպես կարեւոր է։  Կոնֆերանսն կանցնի Կայուն զարգացում․ շարժվելով դեպի Մետավերս” խորագրի ներքո։

 

 

Նշենք, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորած՝ կազմակերպիչները որոշում են կայացրել նախապես չեղարկել ամփոփիչ AFTERPARTY համերգը, որին մասնակցելու էին Գոռ Սուջյանն ու “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” բենդը։ Երաժիշտներն ընդունել են կազմակերպիչների որոշումը։

 

 

“Սա նվազագույնն է, որ կարող ենք անել՝ ի աջակցություն խիստ դժվար իրավիճակում հայտնված արցախցիների։ Մենք նաեւ այլ հատուկ ձեւեր ենք մշակել կոնֆերանսի ընթացքում Արցախի խնդրի շուրջ ուշադրություն հրավիրելու եւ միջազգային լսարանի առջեւ բարձրաձայնելու համար”, – նշեց ՖԵՄԻՆՆՈ-ի հիմնադիր Սեդա Պապոյանը։

 

 

 

Միջազգային կոնֆերանսի շրջանակում որպես խոսնակ հանդես են գալու մասնագետներ համախարհային այնպիսի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից, ինչպիսիք են NVIDIA-ն, Rakuten Viber-ը, Align Technologies-ը ու ուրիշներ։ Խոսնակների բազմազան աշխարհագրությունը ներառում է երկրներ Ուրուգվայից մինչեւ Ղրղզստան, շատ են մասնակիցները հայկական Սփյուռքից :

 

 

Հրավիրված մամլո ասուլիսին ներկա էին կոնֆերանսի խոսնակներից՝ ՀԱՅԱ փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի Մանուկներ հիմնադրամի զարգացման գծով գլխավոր տնօրեն Հայկ Բոյաջյանը Լոս Անջելեսից եւ Թրայվ (Ծաղկիր) Արմենիա հիմանդրամի ղեկավար Աննա Բրունոն Նյու Յորքից։

 

 

“Մենք միացել ենք ՖԵՄԻՆՆՈ-ի առաքելությանը, քանի որ ինքներս կարեւորում ենք աղջիկների ու կանանց առաջխաղացումը բոլոր ոլորտներում եւ հատկապես նորարարության մեջ”, – նշեցին խոսնակները։

 

 

ՖԵՄԻՆՆՈ-ի այս տարվա խորագիրն է՝ “Կայուն զարգացում․ շարժվելով դեպի Մետավերս”, որի շրջանակում շատ են ելույթները հենց տեխնոլոգիական փոխակերպումների ու վիրտուալ աշխարհի շուրջ։ Պապոյանի խոսքով՝ կանայք իրենց կարեւոր դերն ունեն տեխնոլոգիաների եւ գիտության զարգացան մեջ, եւ այդ դերը խրախուսելով մենք կկարողանանք նոր արդյունքներ գրանցել տնտեսության բոլոր ոլորտներում։

 

 

“Մենք ինքներս նախանձում ենք այս տարի ձեւավորված ծրագրին, ափսոսում ենք, որ որպես կազմակերպիչ ու պատասխանատու կողմ՝ ամբողջությամբ չենք վայելելու մեր իսկ կազմած բովանդակությունը”, – նշեց Պապոյանը՝ ավելացնելով, որ հիմնական բեմի ելույթներից բացի, լինելու են աշխատարաններ ու վարպետության դասեր, նաեւ առանձին բեմ միայն հայերենով, որտեղ նույնպես շատ հետաքրքիր քննարկումներ են ներառված՝ անձնային աճից մինչեւ կանանց քաղաքական մասնակցություն։ Լինելու են նաեւ հատուկ քննարկումներ ինֆլուենսերների հետ։

 

 

ՖԵՄԻՆՆՈ-ն էքսպո տարածքում կներկայացնի մի շարք կանանց բիզնես հաջողություններ, Հայաստանում ստեղծված արտադրանքներ ու ծառայություններ, ինչպես նաեւ աղջիկների՝ ֆուտբոլում, շախմատում, գիտության մեջ ունեցած նվաճումները։

 

 

Ասուլիսի ավարտին ՖԵՄԻՆՆՈ կոնֆերանսն ու ՀԱՅԱ փառատոնը փոխօգնության ու համագործակցության հուշագիր ստորագրեցին, որպեսզի առաջիկայում ավելի սերտ կարողանան աջակցել միմյանց։

 

 

Հուլիսի 30-ին՝ կոնֆերանսի ավարտին, կհայտարարվեն այս տարի Սոնա մնացականյանի անվան կրթաթոշակին արժանացած աղջիկների անունները։ Կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2022թվականին` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին։ Կրթաթոշակը կրում է 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում՝ Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի անունը՝ շարունակել համար նրա գործն ու աջակցելու նրան մտահոգող խնդիրների լուծմանը: Դրամահավաքը իրականացվում է reArmenia հարթակում այս հղումով։

 

 

Առավել մանրամասն   կոնֆերանսի ֆեյսբուքյան էջում

 

Դիտումների քանակը` 692

Գլխավոր էջ