Վարչապետը կոչ արեց կանանց անել իրենց քայլը տնտեսական հեղափոխության գործում

 

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաջողության կհասնի, եթե ի վիճակի չլինեն խթանել կանանց ձեռներեցությունը, այս մասին ապրիլի  26 –ին   Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի բացմանն  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը և ակտիվությունը նկատելիորեն բարձրացել է։ Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց լայնամասշտաբ մասնակցության։ Կանանց դերը տեղի ունեցած հեղափոխության մեջ իսկապես շրջադարձային էր։ Համոզված եմ, որ նաև տնտեսական հեղափոխության գործում  կանանց դերը նույնչափ է լինելու»,- նշեց վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում շատ ոլորտներ կանացի խնամքի անհրաժեշտություն ունեն, ընդհանրապես, ըստ նրա, երկիրը կանացի խնամքի կարիք ունի, և սա նշանակում է, որ նրանց ակտիվությունն ու ներգրավածությունը պետք է խթանել բոլոր ոլորտներում։

 

Վարչապետը միաժամանակ նշեց, որ կանանց ակտիվությունը քաղաքականության, տնտնտեսության մեջ, հանրային կյանքում, պետական կառավարման համակարգում որևէ կերպ չի հակասում ավանդական ընտանիքի մասին մեր պատկերացումներին։

 

«Այսօր ուզում եմ կոչ անել բոլոր կանանց, որ նրանք անեն իրենց քայլը տնտեսական հեղափոխության գործում։ Ես համոզված եմ, որ ձեռներցության մեջ կանայք կարող են ավելի արդյունավետ, հաշվենկատ, հավասարակշռված, հիմնավորված քայլերով առաջ գնալ։  Համոզված եմ, որ հայ կնոջ պատասխանատվության զգացումը մի փոքր ավելին է, քան մենք սովորաբար տեսնում ենք տղամարդկանց շրջանում»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, վիճակագրորեն կանայք ավելի քիչ են հակված կոռուպցիային և  կոռուցպիայի մեջ ներքաշվելուն, քան դա կարող է լինել տղամարդկանց շրջանում. «Դա իմ համոզմունքն է: Ես համոզված եմ, որ առաջիկայում կանանց ներգրավվածությունը քաղաքականությունում, տնտեսությունում ավելանալու է»։

 

Անդրադառնալով ձեռներեցությանն ու ձեռնարկատիրությանը՝ վարչապետը նշեց, որ այն հնարավորությունները, որոնք այսօր ստեղծում են աղքատության հաղթահարման համար, ստեղծում են գործարարության, փոքր և միջին բիզնեսի զարգացման, միկրոբիզնեսի զարգացման համար: Նա հույս հայտնեց, որ կանայք նախաձեռնությունը կվերցնեն և այստեղ էլ տնտեսական հեղափոխության գործում կունենան շրջադարձային նշանակություն:

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ տնտեսական յուրաքանչյուր գործունեության հիմքում դրվի կոնկրետ գաղափար. «Սա շատ կարևոր է, որովհետև այդ թվում բիզեսը առաջին հերթին մտավոր, ինտելեկտուալ գործունեություն է: Ոչ մի բան չի կարելի անել առանց մտածելու: Ես համոզված եմ որ բիզնեսում նոր գաղափարները Հայաստանում գնալով շատանալու են: Այսօր էլ մենք տեսնում ենք այդպիսի գաղափարներ: Թվում է՝ ամեն ինչ մտածված է, բայց Հայաստանում մարդիկ կարող են մտածել և ստեղծել թեյ և ունենալ հաջողություն: Թվում է՝ թեյը ստեղծված է մի քանի հազարամյակ գոյություն ունի: Բայց մարդիկ թեյ են ստեղծում, ու դա նորություն է»:

 

Փաշինյանը նշեց, որ վերջերս մի ընկերական քննարկման ժամանակ ասել է, որ օրինակ այն արտահայտությունը, որ պետք չէ հեծանիվ հորինել, շատ վնասակար է համարում:

 

Վարչապետը ցույց տվեց իր ձեռքի հեռախոսն ու ասաց. «Եթե այս սարքի հեղինակը մտածեր, որ պետք չէ հեռախոս ստեղծել, այս հեռախոսը չէր ստեղծվի: Այնպես որ կանանց կոչ եմ անում՝ չվախենալ հեծանիվ ստեղծելու, հորինելու համարձակությունից: Արեք այդ քայլը և դուք անպայման կհաղթեք և ձեզ հետ կհաղթի Հայաստանը, հայ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը:

 

***

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ Կին ձեռներեցների ցանցի  և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (նախագահ Լիլիթ Ասատրյան)  կողմից, որը Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է և ներկայացնում է այդ կառույցում Հայաստանը: Համաժողովին մասնակցում են Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի ներկայիս նախագահը Մարի Քրիստին Օղլին,  բարձր մակարդակի պատվիրակություններ 21 երկրից, Հայաստանը ներկայացնող կին ձեռներեցներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

 

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան ողջ աշխարհից գործարար կանանց միավորող կառույց է, որը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին Ֆրանսիայում: Այն միավորում է 5 մայրցամաքների մոտ 120 երկրի 5 միլիոնից ավելի գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում:

Դիտումների քանակը` 1981

Գլխավոր էջ