Եվրամիությունը խրախուսելու է հայրերին վճարովի արձակուրդի միջոցով
Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը նախնական հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որով նախատեսվում է ԵՄ անդամ երկրներում հայրերի համար սահմանել նորածինների խնամքի պարտադիր միանվագ վճարվող արձակուրդ, որը կտևի առնվազն տասն աշխատանքային օր։ Այս մասին է օրերս հայտնել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նախագծի նպատակն է խրախուսել տղամարդկանց, որպեսզի նրանք մայրերի հետ միասին նորածին երեխաների խնամքի հետ կապված պարտականությունների հավասար բաժին ստանձնեն: Համաձայն Եվրահանձնաժողովի առաջարկության՝ նորածինների հայրերը նրանց խնամելու համար տրված արձակուրդի ժամանակ պետք է նպաստ ստանան, որը համարժեք կլինի կամ կգերազանցի ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստին:
Նշենք, որ հոր համար երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդն օրինականացված Է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բայց դրա տևողությունն ու դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են: Այս միջոցը կանանց և տղամարդկանց հավասարության ճանապարհին կարևոր քայլերից մեկն է համարվում: Վճարովի հայրական արձակուրդի առումով առաջատար են հյուսիսային երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան և Իսլանդիան: Շվեդիան առաջին երկիրն է, որ ներդրել էր հայրական վճարովի արձակուրդի պրակտիկան: Դա տեղի էր ունեցել 1974-ին: Հասարակությունն այնքան էլ հեշտ չի ընդունել փոփոխությունը, ժամանակի ընթացքում, սակայն, դա սովորական է դարձել:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվող 10-օրյա հայրական արձակուրդից բացի, շատ երկրներում գործում է նաև ավելի երկարարտև , այսպես կոչված դեկրետային արձակուրդների պրակտիկան, երբ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող վճարովի արձակուրդից հավասարաչափ կարող են օգտվել և մայրերը, և հայրերը:
Օրինակ, Շվեդիայում յուրաքանչյուր նորածին երեխայի համար ծնողները միասին ունեն 480 արձակուրդային օր: Եթե զույգ է ծնվել, դրան գումարվում է ևս 180 օր: Ծնողները մինչև երեխայի 8 տարեկան դառնալը կարող են վերցնել արձակուրդային այս օրերը: Ընդհանուր արձակուրդի մեջ 60 օր տրամադրվում է հորը՝ աշխատավարձի 80 տոկոսի պահպանմամբ: Հայրական արձակուրդի շվեդական փորձը տարածում է գտել նաև այլ երկրներում:
Գերմանիայում պետական նպաստը նորածին երեխաներ ունեցող ընտանիքների համար ներդրվել է 2007 թվականից: Եթե դեկրետ է գնում ծնողներից մեկը միայն, ապա պետությունը փոխհատուցում է միայն մեկ տարին, իսկ եթե երկուսը , ապա 14 ամիսը, ընդ որում ծնողները իրենք են որոշում ով և ինչ տևողությամբ է այդ արձակուրդից օգտվում: Ըս տ որենքի նպաստը չի կարող ավելի փոքր լինել քան 300 և ավելի բարձր լինել քան ամսական 1800 եվրո: Ի դեպ, նպաստի ներդրումից հետո արձակուրդից օգտվողների հայրերի թիվը տարեցտարի աճում է և այդ դրույթը ռեալ աշխատում է ի օգուտ :
Նշենք, որ ՄԱԿ-ը նույնպես որդեգրել է նման քաղաքականություն՝ հանդես գալով նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրման օգտին։ Ըստ ՄԱԿ-ի՝ մայրերի առողջությունը և հայրերի համար դեկրետային արձակուրդը չափազանց կարևոր են, քանի որ դա ծնողներին հնարավորություն է տալիս ապահովել նորածինների համար կյանքի ամենալավ սկիզբը:
Ինչպե՞ս է խրախուսվում հայրությունը Հայաստանում
Անդրադառնալով Հայսատանի օրենսդրությանը նշենք, որ ՀՀ աշխատանքի օրենսգրքով նույնպես սահմանված են դրույթներ, որոնք հնարավորություն են տալիս հայրերին օգտվել երախայի խնամքի համար հատկացվող նպատակային արաձակուրդից: Գուցե այդ մասին քչերը գիտեն, բայց օրենքը սահմանում է՝ վճարովի արձակուրդից կարող է օգտվել ինչպես մայրը, այնպես էլ հայրը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, մինչ օրս այս դրույթից եզակի հայրեր են օգտվել: Փորձագետների գնահատականներով, մի կողմից հայրերին կարծրատիպերն են խանգարում՝ իբր տղամարդու համար ամոթ է «դեկրետ» գնալ, մյուս կողմից՝ աշխատանքը կորցնելու մտավախությունը…
Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, մինչև երեք տարեկան երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ։ Հոդված 176-ի համաձայն էլ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է` հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը։
Ինչ վերաբերում է երեխայի ծնվելուց անմիջապես հետո Եվրահանձնաժողովի նախաձեռնությունով առաջարկվող կարճատև հայրական արձակուրդին, ապա այդ հարցը մեզանում կարգավորվում է միայն հոդված 164-ով (Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը), ըստ որի « Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում»:
Այսինքն, երեխայի ծնվելուց անմիջապես հետո հայրերը ցանկության դեպքում կարող են կիսել նրա խնամքի հետ կապված պարտականությունները, բայց անել դա իրենց ամենամյա արձակուրդի հաշվին, ինչը, դիտարկելով եղած փորձը, բավարար միջոց չէ հայրությունն իրապես խրախուսելու համար:
Ի՞նչ են փաստում հետազոտությունները
Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2015-2016-ին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի համաձայն՝ հարցված տղամարդկանց միայն 12%-ն է նշել, որ կնոջ հետ միասին զբաղվում է երեխայի ամենօրյա խնամքով, միայն 6%-ն են միասին փոխում երեխայի տակդիրները, 7%-ն են միասին լողացնում երեխային, 14%-ն են միասին երեխային դպրոց կամ խմբակ տանում, 17%-ն են միասին օգնում երեխային դասերը պատրաստելու ժամանակ, 22%-ն են կնոջ հետ հավասար մնում տանը, երբ երեխան հիվանդ է, 43% -ն են խաղում կամ զբոսնում երեխայի հետ:
Մ. Մարգարյան
Դիտումների քանակը` 1286