Հավասարության միտումները Հայաստանում. ինչ են փաստում հարցումները

2010 թվականին Հայաստանում CRRC-ի կողմից անցկացված Caucasus Barometer  հարցման   տվյալներով, երեխայի սեռի նախապատվության մասին հարցին  ռեսպոնդենտների 54 տոկոսը  նշել  էր  տղա երեխային,  10 տոկոսը՝ աղջիկ երեխային և  35 տոկոսը պատասխանել  էր, որ սեռը նշանակություն չունի։

 

 

2020-ին հրապարակված նույն  Caucasus Barometer հարցման արդյունքներով, ռեսպոնդենտների  9 տոկոսը պատասխանել է աղջիկ, իսկ տղա երեխա  նախընտրողների թիվն իջել է ՝ դառնալով  34 տոկոս, դրա հետ մեկտեղ   աճել է մինչև 55 տոկոս այն հարցվածների թիվը, որոնք նշել են, որ երեխայի սեռն իրենց համար  նշանակություն  չունի։ 

 

 

Այն փաստը, որ հայաստանցիների կեսից ավելիի համար երեխայի սեռն այլևս կարևոր չէ, ինքնին ոգգևորիչ է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկա ու նախկին աշխատակիցների, իրենց գործընկեր մասնագետների ու կառույցների, մի խոսքով, բոլոր նրանց համար, ովքեր իրավմամբ կարող են սելեկտիվ աբորտների դեմ  տարիներ տևած իրենց  աշխատանքի արդյունք համարել հասարակական կարծիքի նման փոփոխությունը:

 

 

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում ցուցանիշներն մի փոքր  բարվոք են։ Հարցման մասնակիցների 11 տոկոսը նախապատվությունը տվել է աղջիկ երեխաներին, 31 տոկոսը՝ տղա երեխաներին, և 57 տոկոսը նշել է, որ սեռն իր համար նշանակություն չունի։ Տասը տարի առաջ Վրաստանում հարցին մասնակիցների 9 տոկոսն է պատասխանել աղջիկ, 46 տոկոսը՝ տղա, 44 տոկոսը՝ նշանակություն չունի։

 

 

Նշենք, որ Ադրբեջանի վերաբերյալ միայն 2010-ի տվյալներ են, ըստ որոնց, 64 տոկոսի համար երեխայի սեռը նշանակություն չունի։

 

 

Ո՞վ է ընտանիքի կերակրողը. «հավասարապես»-ի առաջադիմությունը

 

 

Պարզվում է , որ դրական փոփոխություններ  են նկատվում ոչ միայն երեխայի սեռի նախապատվության, այլ նաև այլ կանանց ու տղամարդկանց հավասարությանն առնչվող այլ հարցերում: Օրինակ, հասարակական կարծիքի մեկ այլ փոփոխություն վերաբերում է ընտանիքը կերակրողի վերաբերյալ պատկերացումներին։ Արմատացած այն կարծիքը, թե ընտանիքի պահողը տղամարդն է կամաց-կամաց փոխվում է՝ ի օգուտ  և կանայք , և  տղամարդիկ հավասար տարբերակի։

 

Հայաստանում հարցման մասնակիցների 53 տոկոսը ընտանիքը կերակրողին համարում է տղամարդուն, 16 տոկոսը՝ կանանց, 28 տոկոսը համարում է, որ ընտանիքի պահող են հավասարապես թե կանայք, թե տղամարդիկ։

 

Համեմատության համար նշենք, որ 2010-ին երրորդ տարբերակն ընտրել էին հարցվածների ընդամենը 17 տոկոսը։

 

Ուշագրավ է, որ հարևան Վրաստանում հարցվածների 21 տոկոսն է համարում, որ ընտանիքը պահող հավասարապես համարվում են թե կանայք, թե տղամարդիկ։ Վերջին տասը տարում այդ ցուցանիշը գրեթե չի փոփոխվել՝ 2010-ին հարցին այդպես էր պատասխանել 20 տոկոսը։

 

Նմանատիպ մեկ այլ հարցի, թե ո՞վ պետք է լինի ընտանիքի կերակրողը, 39 տոկոսը պատասխանել է՝ հավասարապես կանայք ու տղամարդիկ, 60 տոկոսը՝ տղամարդիկ, 0 տոկոսը՝ կանայք։ 2010-ի համեմատ առաջընթացը զգալի է։ Տասը տարի առաջ հավասարապես պատասխանն ընտրել էին հարցվածների ընդամենը 14 տոկոսը։

 

Վրաստանում 34 տոկոսն են ընտրել «հավասարապես» պատասխանը, 2010-ին այդ ցուցանիշը՝ 14 տոկոս էր։ Ադրբեջանում 2010-ին այդ տարբերակն ընտրել է հարցման մասնակիցների 16 տոկոսը։

 

 

Ադրբեջանի վերաբերյալ  վերջին տվյալները 2010-ին են վերաբերում։ Այդ երկրում 17 տոկոսն է համարում, որ ընտանիքների մեծամասնության դեպքում կերակրողը թե կանայք են, թե տղամարդիկ։ Այս հարցի նոր արդյունքներ դեռ չկան։

 

 

Ո՞ւմ պետք է ժառանգել բնակարանը

 

Հայաստանում ավանդույթի ուժով ընդունված է եղել, որ հայրական  տունը ժառանգում է ընտանիքի փոքր որդին։ Արմատացած այս պատկերացումների արդյունքում  աղջիկները սովորաբար որպես ժառանգորդ չեն դիտարկվում: 

 

Ըստ հրապարակված հարցման արդյունքների, այս ավանդույթը Հայաստանում այդքան էլ ուժեղ չի, որքն թվում է:   Ո՞վ պետք է ժառանգի բնակարանը հարցին ի պատասխան մասնակիցների 43 տոկոսը պատասխանել են՝ թե դուստրերը, թե որդիները հավասարապես։ Տասը տարի առաջ հարցաշարում նման հարց չի եղել, այս առումով համեմատություն անել չենք կարող։

 

Նկատենք, որ Վրաստանում այդ հարցին նույն կերպ են պատասխանել հարցվածների 49 տոկոսը։

 

 

 

Կանանց առայժմ ծնողներից առանձին ապրել «թույլ չեն տալիս»

 

Հայաստանցիների 66 տոկոսը կարծում է, որ կանայք որևէ տարիքում չեն կարող ծնողներից առանձին ապրել։ Իհարկե, սա մեծ ցուցանիշ է, բայց հաշվի առնելով տասը տարիների ընթացքում առկա միտումը, առաջընթացն ակնհայտ է: 2010-ին այդ նույն հարցին նման պատասխան էին տվել հարցվածների 79 տոկոսը։

 

Հարևան Վրաստանում այս հարցին ավելի  լիբերալ մոտեցում ունեն, հարցվածների միայն 38 տոկոսն է ասել, որ կանայք որևէ տարիքում ծնողներից առանձին ապրել չեն կարող։ Այստեղ էլ առաջընթաց կա, քանի որ տասը տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 56 տոկոս։

 

Ավելին, 50 տոկոսը համարում են, որ կանայք պետք է ծնողներից առանձին ապրեն 18-25 տարեկանում, իսկ 2010-ին 31 տոկոսն էր այդպես մտածում։

 

Իրավիճակն ավելի տխուր է Ադրբեջանում։ 2010-ին հարցվածների 87 տոկոսի համար անընդունելի է, որ կինը որևէ տարիքում ապրի ծնողներից առանձին։

 

 

Հետաքրքիր է՝  հարցվածների 69 տոկոսը համարում է, որ կինը որևէ տարիքում չի կարող թունդ ալկոհոլային խմիչք օգտագործել։ Տասը տարի առաջ հայաստանցիներին այս հարցի վերաբերյալ ավելի առաջադեմ են եղել, ու 65 տոկոսն է կանանց՝ թունդ ալկոհոլ օգտագործելը որևէ տարիքում համարել անընդունելի։

 

 

Վրաստանում նման կարծիք ունեն հարցվածների 55 տոկոսը, տասը տարի առաջ՝ 57 տոկոսը։ Ադրբեջանում իրավիճակը կարելի է ասել անմխիթար է, տասը տարի առաջ 92 տոկոսն է անընդունելի համար կանանց թունդ ալկոհոլի օգտագործումը որևէ տարիքում։

 

 

Կանայք ամուսնանալիս պետք է կույս լինեն

 

Անընդունելիների շարքը շարունակելով, նկատենք, որ Հայաստանում հարցվածների 82 տոկոսը համարում է, որ կանայք իրավունք չունեն մինչև ամուսնությունը սեռական կյանքով ապրել։ 2010-ին այդպես մտածում էր հարցվածների 87 տոկոսը։

 

Վրաստանում 63 տոկոսն է կարծում, որ կանայք մինչև ամուսնանալը պետք է կույս լինեն, 2010-ին՝ այդ ցուցանիշը 80 տոկոս էր։ Ադրբեջանում էլ ավելի պահպանողական են, 2010-ին հարցվածների 89 տոկոսն է նման կարծիք հայտնել։

 

Աղյուսակում 2010-ի արդյունքներն են։

 

 

Նկատենք, որ հայաստանցի հարցվածների 75 տոկոսը համարում է, որ կանայք առանց ամուսնանալու չեն կարող ապրել մեկ բնակարանում տղամարդու հետ։ Տասը տարի առաջ այդպես մտածում էր 80 տոկոսը։

 

Վրաստանում ավելի առաջադեմ են, միայն 60 տոկոսն է այդպես կարծում, իսկ տասը տարի առաջ՝ 72 տոկոսը։

 

Ադրբեջանում 2010-ին այդ կարծիքն է հայտնել հարցվածների 87 տոկոսը։

 

 

Ո՞ր տարիքում կինը կարող է ամուսնանալ։

 

Հարցման մասնակցած հայաստանցիների 91 տոկոսը (Վրաստանում՝ 90 տոկոսը) համարում է, որ կանանց ամուսնանալու լավագույն տարիքը 18-25 տարեկանն է, երկու տոկոսը համարում է, որ կանայք որևէ տարիքում չպետք է ամուսնանան։

 

Վրաստանում եմկ տոկոսն է համարում, որ կանայք չպետք է երբևէ ամուսնանան։

 

Տասը տարի առաջ Հայաստանում հարցվածների 95 տոկոսն էին համարում, կանանց ամուսնանալու լավագույն տարիքւ 18-25 տարեկանն է։ 2010-ին այդ ցուցանիշը Ադրբեռջանում եղել է 94 տոկոս, Վրաստանում՝ 92 տոկոս։

 

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Լուսանկարը՝ Արման Կարապետյանի

 

 

Դիտումների քանակը` 1440

Գլխավոր էջ