«Հավասար» քարոզարշավը ներկայացնում է «Կանանց օրակարգը» խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
«Հավասար» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի կողմից` ՊրոՄեդիա-Գենդեր և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ների հետ համագործակցությամբ, մշակվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Կանանց օրակարգը»:
«Կանանց օրակարգի» հիմնական նպատակն է Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ուշադրությունը հրավիրել կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա` ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:
Մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ՀՀ Ազգային ժողովի մաս կազմող քաղաքական ուժերն են պատասխանատվություն կրելու գործադիր իշխանության կողմից իրականացվող քաղաքականության համար:
Առաջարկում ենք օրենսդիր մարմնում ներկայացված լինելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերին հստակեցնել իրենց վերաբերմունքը երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն ապահովող հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այս խնդիրներով մտահոգ հանրությանը կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում:
Օրակարգի հարցադրումները հիմնված են ՀՀ Սահմանադրության, ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգի շրջանակում ընդունված օրենքների և ծրագրերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների, ՀՀ վիճակագրական տվյալների, հանրապետությունում անցկացված վերջին հետազոտությունների և սոցիոլոգիական հարցումների վրա.
1.Կողմնակի՞ց եք արդյոք ՄԱԿ–ի կողմից Կայուն զարգացման նպատակների շրջանակում առաջադրված 50/50 մասնակցային բանաձևին, որը ենթադրում է կանանց ու տղամարդկանց հավասար ներգրավում քաղաքականության, տնտեսության մեջ, սոցիալական կյանքում և հավասար ներկայացվածություն որոշումների ընդունման մակարդակում:
2. Ի՞նչ քայլեր եք պատրաստ ձեռնարկելու «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի իրագործման ուղղությամբ:
3.Պատրա՞ստ եք արդյոք ընդունելու «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը և հետևողականություն ցուցաբերելու դրա իրագործման հարցում:
4.Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանման ուղղությամբ:
5.Նախատեսու՞մ եք արդյոք կյանքի կոչել ՀՀ Գենդերային քաղաքականության հայեցակարգի շրջանակում հռչակված սկզբունքները և հաշվի առնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կանանց ու տղամարդկանց շահերն ու կարիքները:
6.Համաձա՞յն եք արդյոք, որ անհրաժեշտ է ուժեղացնել ՀՀ վարչապետին կից «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհրդի» կարողությունները` գենդերային հավասարության ազգային մեխանիզմի գործառույթները, այդ թվում համապատասխան քաղաքականության համակարգումն ու մոնիթորինգը, արդյունավետ իրականացնելու համար:
7. Ձեր վերաբերմունքը հետևյալ հիմնախնդիրներին և դրանց լուծման եղանակներին.
- Կանանց ոչ բավարար ներկայացվածությունը իշխանության բոլոր ճյուղերում և մակարդակներում
- Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը և աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության առկայությունը
- Կանանց և երեխաների, կին գլխավորով տնային տնտեսությունների առավել խոցելիությունը աղքատության տեսանկյունից
- Գյուղաբնակ կանանց առավել խոցելիությունը ռեսուրսների և ծառայությունների հասանելիության տեսանկյունից
- Հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության բացառում և լիարժեք սոցիալական ներառման ապահովում
- Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը ժողովրդագրական ճգնաժամի խորացման, ծնելիության անկման, միգրացիայի պայմաններում
- Գենդերային կարծրատիպերի վերարտադրումը կրթության և ԶԼՄ-ների միջոցով
- Առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցումը
«Կանանց օրակարգ»-ի ամբողջական տեքստն այստեղ
Առաջարկում ենք գենդերային հիմնախնդիրներով մտահոգ բոլոր կազմակերպություններին միանալ օրակարգին:
Օրակարգը բաց է առաջարկությունների և դիտողությունների համար:
Դիտումների քանակը` 4056