«Արժևորելով գյուղի կանանց դերը». պատմությունների հավաքածու
«Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» – այս կարգախոսով է առաջնորդվում Հայաստանում արդեն 20 տարուց ավելի բարեգործական և զարգացման ծրագրեր իրականացնող Օքսֆամ հայաստանյան գրասենյակն իր բոլոր նախաձեռնություններում : «Արժևորելով գյուղի կանանց դերը» գրքի բոլոր հերոսուհիներն այդ ծրագրերի շահառուներն են , ովքեր կարեւոր ներդրում ունեն գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման գործում:
2010-ից մինչ օրս Տավուշի և Վայոց ձորի առավել աղքատ, սահմանամերձ գյուղերում Օքսֆամի աջակցությամբ ստեղծվել և գործում է 25 կոոպերատիվ, որոնց անդամների 64%-ը կանայք են: Այդ կանանցից շատերն արդեն իսկ հասել են հաջողությունների, արժանացել «Գյուղմթերքի կին հերոս» կոչմանը, մի մասն էլ դեռևս ակնկալիքների իրականացման ճանապարհին է: Ոմանց համար կոոպերատիվում աշխատելը ընտանիքի գոյատևման միակ աղբյուրն է, մյուսների համար` հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորություն: Բոլորին սակայն միավորում են այն հույսն ու հավատը, որ արթնացել են իրենց համայնքներում կոոպերատիվների շնորհիվ: «Շատ բան է փոխվել մեր կյանքում», – ասում են կանայք` ի նկատի ունենալով ոչ միայն անձնական ձեռքբերումները, այլև իրենց համայնքներում կատարվող դրական փոփոխությունները:
Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի ներկայացմամբ` գյուղատնտեսական կոոպերատիվների միջոցով շատ խնդիրներ են լուծվում. սոցիալական ձեռնարկության գաղափարն է կյանքի կոչվում, վարկերի հասանելիություն ապահովվում, մարդկանց մեջ հույս է արթնանում, միգրացիան է կանխվում և արտագնա աշխատանքը, ինչը հատկապես կարևոր է հանրապետության սահմանամերձ շրջաններում:
«Կոոպերատիվը փոքր ֆերմերների համար միակ ճիշտ կառույցն է, որը համախմբելով նրանց ընդհանուր խնդիրների շուրջ, հնարավորություն է տալիս փոխշահավետ լուծումներ գտնելու: Կոոպերատիվի ստեղծման կարևորագույն հիմքերից առաջինը ընդհանուր շահի, բարի կամքի առկայությունն է և համագործակցության պատրաստակամությունը»,- ասում է Օքսֆամի «Տնտեսական արդարության» ծրագրի ղեկավար Վադիմ Ուզունյանը` նշելով, որ կանայք, ինչպես փորձն է ցույց տալիս, ավելի հեշտությամբ են համախմբվում և մեկ ընդհանուր որոշում ընդունում:
«Տնտեսական արդարության» ծրագրի շրջանակներում Օքսֆամի կողմից իրականացվող նորարարություններից մեկը կանանց կոոպերատիվների ստեղծումն է: Այսօր արդեն 8 կանանց կոոպերատիվներ են գործում Տավուշի և Վայոց ձորի մարզերում:
Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը նշում է, որ կանանց կոոպերատիվներ ստեղծելու գաղափարի հիմքում տղամարդկանց արտագնա աշխատանքի գործոնն է դեր խաղացել, թեպետ առաջնայինը կանանց ներուժի արդյունավետ օգտագործման խնդիրն է եղել:
«Մենք փորձում ենք միգրացիայի խնդիրը մեղմել` կապելով կանանց գյուղին, ներգրավելով նրանց տնտեսական գործունեության մեջ: Դրա համար որոշեցինք հիմնել նաև կանանց կոոպերատիվներ: Մեր նպատակն էր ոգևորել կանանց, բարձրացնել ինքնավստահությունը, մեծացնել տնտեսական հնարավորությունները կանանց համար»,- ասում է նա:
Արդյունքն ավելի քան դրական էր, քանի որ ֆերմեր կանանց շրջանում տնտեսական հաջողությունների հետ մեկտեղ ցանկություն առաջացավ մասնակցելու նաև իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը:
«Մեր փորձը ցույց տվեց, որ այս կոոպերատիվներն ավելի կենսունակ են, կանայք ավելի նախաձեռնող են, ավելի պատասխանատու ու պարտաճանաչ և սոցիալական արդարության սկզբունքն ավելի լավ են պահպանում, քան երբ կոոպերատիվը ղեկավարվում է տղամարդու կողմից: Փորձը նաև ցույց է տալիս, որ տղամարդ ղեկավարն ավելի է տարածում իր իշխանությունն այլ անդամների վրա, առաջնահերթ են դառնում անձնական շահերը, և սոցիալական արդարության, հաշվետվողականության սկզբունքը հետին պլան է մղվում»,- ասում է Մարգարիտա Հակոբյանը:
Անդրադառնալով կանանց կոոպերատիվներին` Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի «Տնտեսական արդարության» ծրագրերի պատասխանատու Արթուր Գոմկցյանը, իր հերթին, նշում է, որ դրանք ավելի կազմակերպված են, թափանցիկ են աշխատում, լավ արդյունքներ են ունենում, ի տարբերություն և՛ կանանցով, և՛ տղամարդկանցով համալրված կոոպերատիվների, որոնք հաճախ երկու խնդրի առջև են կանգնում: «Նախ` կանայք մեծ մասամբ հետ են կանգնում և գրեթե չեն մասնակցում որոշումների կայացման գործընթացին, ու խնդիրն այն չէ, որ տղամարդիկ են նպաստում դրան, այլ ինքնակամ գործընթաց է գնում` պայմանավորված ավանդական մոտեցումներով: Երկրորդ խնդիրն այն է, որ տղամարդիկ ավելի պրակտիկ են, և եթե մեկ-երկու անգամ ակնկալվող արդյունքը չեն տեսնում, ավելի շուտ են հիասթափվում», – ասում է նա:
Կոոպերատիվներում ներգրավված կանանց հետ զրույցները ցույց են տալիս, որ նրանց կյանքում ու կարգավիճակում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, ընդ որում` և՛ ընտանիքում, և՛ համայնքում: Կանանց ինքնագնահատականն է զգալիորեն բարձրանում, համայնքում նրանց ձայնը լսելի է դառնում, նրանց մոտ քաղաքացիական դիրքորոշում է ձևավորվում: Հեղինակություն ձեռք բերելով համագյուղացիների շրջանում` կանայք փորձում են իրենց իսկ համայնքների կյանքը փոխելու նպատակով առաջադրվել ՏԻՄ-երում:
Օքսֆամի աջակցությամբ Տավուշում և Վայոց ձորում ստեղծվող կոոպերատիվների ևս մեկ կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանց հիմքում դրվում է սոցիալական ձեռնարկության գաղափարը: Դա նշանակում է, որ կոոպերատիվների շրջանակում գործող ջերմոցային կամ սառնարանային տնտեսությունները եկամուտ են բերում ոչ միայն կոոպերատիվի անդամներին և նրանց ընտանիքներին, այլև օգնում են ողջ համայնքին, քանի որ եկամուտների մի մասն ուղղվում է տվյալ համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը: Փորձը ցույց է տալիս, որ ջերմոցային կամ սառնարանային տնտեսությունների շահագործումից գոյացած շահույթի մինչև 40%-ը կարող է ուղղվել համայնքի սոցիալական խնդիրների և կարիքների լուծմանը:
Օքսֆամի կողմից իրականացվող «Տնտեսական արդարության» ծրագրի հիմնական նպատակներից մեկը աղքատության կրճատումն է, ինչպես նաև սոցիալական արդարության վերականգնումը: Այդ նպատակի շրջանակում են տեղավորվում և՛ սոցիալական ձեռնարկության մոդելը, և՛ կանանց կոոպերատիվների գաղափարը: Գյուղատնտեսության ոլորտում կանանց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր գյուղում առկա բոլոր հիմնախնդիրները հատկապես ծանր են անդրադառնում գյուղատնտեսության հիմնական աշխատուժը հանդիսացող կանանց վրա, դարձնում են նրանց առավել խոցելի խումբ, որոնք լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Այդ առումով կանանց կոոպերատիվները կարող են աշխատող ու հեռանկարային մոդել հանդիսանալ հանրապետության շատ գյուղերի համար: Կանանց հնարավորությունների ընդլայնմանն ու ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը ինքնանպատակ չեն, նրանք միտված են նպաստելու հայ գյուղի բարօրությանն ու զարգացմանը: Հայ գյուղը վերածնունդ կապրի միայն կանանց ու տղամարդկանց միասնական աշխատանքով ու ուժով:
Գիրքն ամբողջությամբ այստեղ.
Դիտումների քանակը` 5669