«Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում և Հայաստանում դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել»
Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը` Գլոբալ կրթության հանդիպման շրջանակում
Այսօր տեղի է ունեցել «Կրթությունն աշխարհում հետհամավարակային շրջանում» խորագրով Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ նստաշրջանը, որին մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, ավելի քան 60 երկրի կրթության նախարարներ և փոխնախարարներ:
Առցանց հանդիպմանը ուղերձներով հանդես են եկել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն և հանդիպման համանախագահ երեք երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նորվեգիայի վարչապետը, Գանայի նախագահը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:
Այնուհետև ելույթ են ունեցել շուրջ 60 երկրի ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև կրթության ոլորտում հեղինակավոր միջազգային կառույցների ղեկավարներ:
Հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է հակամարտությունների պատճառով կրթության իրավունքի իրացման խնդրին:
«2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, լայնամասշտաբ ռազմական ագրեսիա են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ կրթական հաստատությունները, մշակութային և կրոնական վայրերը: Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19 համաճարակի ճգնաժամի վրա, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է անվերապահորեն պաշտպանել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը՝ անհապաղ գլոբալ հրադադար հաստատելու վերաբերյալ, այլ դիմել իրավիճակի նոր սրման:
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ավելի քան 90.000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը, որն ազդել է Արցախի երեխաների և երիտասարդների կրթության իրավունքի վրա: Դրա պատճառով ավելի քան 33.000 երեխա և երիտասարդ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Օրեցօր ավելանում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում` երեխաների:
Արցախի Հանրապետությունում մնացած երեխաները զրկված են կրթության հիմնական իրավունքից, քանի որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է դպրոցներն ու մանկապարտեզները. մինչ այժմ, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում, Արցախում վնասվել է 18 դպրոց և 6 մանկապարտեզ: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածները վնասել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցները: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած երեխաները դժվարություններ են ունենում՝ ինտեգրվելու իրենց նոր միջավայրին և դպրոցին:
Հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի: Մեզ համար լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է վավերացնել «Անվտանգ դպրոցների հռչակագիրը»՝ այդպիսով խաթարելով զինված բախումների ընթացքում կրթության վրա նպատակային հարձակումների խնդրի լուծմանը միտված Համաշխարհային կոալիցիայի ջանքերը:
Ուստի, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ անհատապես անհապաղ և միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի նկատմամբ շարունակվող ոճրագործությունները: Միջազգային կազմակերպությունները, տվյալ դեպքում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պետք է համարժեք գործեն՝ խտրականություն չդնելով դպրոցականների նկատմամբ՝ ելնելով նրանց բնակության տարածքի կարգավիճակից, քանի որ մարդու իրավունքները համընդհանուր են և չեն սահմանափակվում սահմաններով: Կոչ եմ անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին` մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրացնել յոււրաքանչյուրի կրթության իրավունքը»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպումը վերաբերել է COVID-19 համավարակի հետևանքով առաջացած բացասական ազդեցությունների հաղթահարմանը և կրթության անխափան շարունակականության ապահովմանը, որը ենթադրում է կրթության ազգային ու միջազգային ֆինանսավորման պահպանման և/կամ ավելացման, ներառականության ու հավասարության սկզբունքների իրացման, ուսուցման մեթոդների ու տեղեկատվական և հաղորդակցական գործիքների կիրառման ու վերաիմաստավորման, ինչպես նաև դպրոցների վերաբացման հետ կապված խնդիրների լուծում:
Հանդիպման ընթացքում ընդունվել է հռչակագիր, որը ներառում է կրթության ոլորտում հիմնական ուղերձները՝ ինչպես դիմակայել COVID-19 համավարակի հետևանքով կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին:
Հանդիպման տեսագրությանը կարելի է ծանոթանալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտոնական կայքում:
Դիտումների քանակը` 1506