Ինչու՞ է Հայաստանի համար կարևոր կանանց տնտեսական ակտիվությունը
Այսօր շատ է խոսվում Հայատանի տնտեսական զարգացման մասին: Կարելի է ասել նաև, որ դա օրվա հրամայականն է՝ զարգացնել տնտեսությունը, ոտքի կանգնել, ամրապնդվել, հզորանալ, ապահովել բարեկեցությունը բոլորի համար… Նպատակները բարձրաձայնելով ջանքեր ենք գործադրում ձեռներեցությունն ընդլայնելու, շուկայում նոր հնարավորություններ ստեղծելու և հարկային բեռը թեթևացնելու ուղղությամբ: Սակայն այս ամենին, կարծես թե, ուզում ենք հասնել՝ անտեսելով ծավալվող գործընթացներում կանանց մասնակցությունը , որն , ինչպես փաստում են թվերն ու վերլուծությունները, Հայաստանի տնտեսության մեջ շատ ավելի ցածր է, քան կանանց ներուժը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, չնայած նրան, որ աշխատանքային ռեսուրսներում կանանց թիվը ավելի բարձր է՝ տնտեսկաան ակտիվություն են ցուցաբերում տղամարդկանց 73,2% ևկանանց միայն 55.2%, և դա նաև այն դեպքում, որ կանայք բնակչության ավելի մեծ տոկոսն են կազմում (52%), և ավելի կրթված զանգվածը: Տնտեսապես ակտիվ կանանց մեջ բարձրագույն կրթություն ունեցողները կազմում են 56% տղամարդկանց 48%- ի դիմաց, իսկ սա նշանակում է, որ մենք պարզապես անտեսում ենք այն ներուժն ու հնարավորությունները, որ կարող է բերել կանանց ներգրավվածությունը տնտեսական զարգացման գործընթացներին:
The Economist պարբերականի մշակած Կանանց տնտեսական հնարավորությունների համաթվի համաձայն 2010 թվականի համեմատ Հայաստանը առաջընթաց է արձանագրել և 2016թ. զբաղեցնում է 38-րդ տեղը: Հիմնական բարելավումները վերաբերում են բարձրագույն և շարունակական կրթության հատվածում կանանց ցուցանիշների առաջխաղացմանը, մասնավորապես՝ ՓՄՁ-ում կանանց տարբեր կառույցների կողմից տրամադրվող վերապարտաստման ու աջակցության ծրագրերին, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի վերաբերյալ օրենսդրության ոչ խտրական մոտեցումների առկայությանը:
Միաժամանակ, նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջնթացը կարող էր ավելի շոշափելի լինել, եթե հարցին ցուցաբերվեր ոչ մակերեսային վերաբերմունք: Օրինակ, կանանց համար ֆինանսների հասանելիության վերլուծությունը հանգեցրել է ընդամենը 1,9 միավորի հնարավոր 6 –ի փոխարեն (այս տվյալը հաստատվում է նաև Համաշխարհային բանկի Doing Business տարեկան զեկույցներով), իսկ կանանց տնտեսական ակտիվության բարձրացմանն ուղղված հատուկ ծրագրերի առկայությունը ու մատչելիությունը հնարավոր 5-ից ստացել է ընդամենը 1 միավոր: Այս համատեքստում դիտարկվել են երեք տիպի ծրագրեր և գնահատվել է դրանց արդյունավետությունը: Առաջինը, այն գործողությունները, որոնք պետք է նպաստեին կանանց համար բանկային հաշիվների բացմանը, երկրորդը՝ նախաձեռնություններ, որոնք կին գործարարներին թույլ կտային առավել մատչելի պայմաններում ստանալ վարկեր և փոխառություններ և երրորդը՝ կանանց շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացման և ռիսկերի կառավարման դասընթացների կամ տեղեկատվության տրամադրումը: Ստացած միավորը հանգեցնում է այն եզրակացության, որ երկրում վերոնշյալ երեք ծրագրերից ոչ մեկը դեռևս չի գործարկվել պատշաճ ու համակարգված տարբերակով:
Կանանց գործարարության խթանումը ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման, մրցակցային միջավայրի ձևավորման, այլև կանանց շրջանում զբաղվածության բարձրացման և սեփականության մեծացման հնարավորություն է, որը շարունակական համալիր քաղաքականության իրականացման միջոցով տարիների ընթացքում կարող է նպաստել խտրականության դրսևորումների նվազեցմանը:
Օրինակ, գործող ձեռնարկությունների հետազոտության արդյունքները փաստում են, որ կին ղեկավար ունեցող արտադրական ձեռնարկություններում կանանց զբաղվածությունը բավականին մեծ թիվ է կազմում. մշտապես զբաղվածների թվում 2014 թվականին կանայք կազմել են 55.3 տոկոս, մինչդեռ միևնույն ժամանակահատվածում տղամարդ ղեկավար ունեցող ձեռնարկություններում այդ թիվը կազմել է 34.6 տոկոս: Ավելին, կին ղեկավարները հնարավորություն են տալիս կանանց աճել՝ բարձրացնելով նրանց կատարողների մակարդակից որոշումների կայացման օղակ:
Ասիական զարգացման բանկի տվյալներով 2016թ. Հայաստանում գրանցված ձեռնարկությունների 97%-ըտղամարդկանց կողմից ստեղծված և ղեկավարվող բիզնես կառույցներ են: Եվ դա անգամ այն դեպքում, որ վերջին տարիներին տղամարդկանց շրջանում արձանագրված միգրացիայի բարձր տոկոսի պատճառով փոխվել է նաև Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը: Թվերի բավականին խոսուն են և բոլորովին հուսադրող չեն:
Բացատրությունը մեկն է. մեզանում տարածված կանանց դերի, ներուժի և հնարավորությունների մասին կարծրատիպային պատկերացումները զրկում են մեզ առողջ դատողություներ անելու, ճիշտ լուծումներ առաջարկելու և հավասար, ինչու ոչ, նաև ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու Հայաստանում կանանց ձեռնարկատիրության և ընդհանուր առմամբ տնտեսական զարգացման նպաստելու հնարավորությունից:
Իսկ այլ երկրներում կառավարությունները խրախուսում են կանանց ձեռներեցությունը, քաջալերում են բանկերին աջակցել կանանց ձեռնարկատիրությանը, ներդրումներ կատարել կանանց կողմից կազմակերպված բիզնեսներում: Ինչու՞: Միայն մի պատճառով՝տեղյակ լինելով այն իրողությունից, որ վաղուց հայտնի է զարգացման ոլորտի մասնագետներին, այն է՝ կանանց տնտեսական ակտիվությունը մեծ դիվիդենտներ է բերում: Կանայք ավելի հաճախ են վերադարձնում եկամուտը իրենց համայնքին, հասարակությանը՝ դրանով իսկ նպաստելով կրթության զարգացմանը, ՀՆԱ-ի աճին և մահացության մակարդակի կրճատմանը:
Վաղ թե ուշ տեղի կունենա կորպորատիվ հեղափոխություն, որը «բարեգործությունից» դուրս է և կանանց կդարձնի լիիրավ բիզնես գործընկերներ: Արդեն այսօր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում քննարկվում է «կանայք որպես առաջնթացի գրավական» հարցը: Օրինակ, կորպորացիաներից (այդ թվում՝ Accenture, Coca-Cola, Ernst and Young, Goldman Sachs և այլն), կառավարություններից և հասարակական կազմակերպություններից ստեղծված «Երրորդ միլիարդ» ցանցը նպատակադրվում է մինչև 2025թ. գլոբալ տնտեսությանը ավելացնել մեկ միլիարդ կին ձեռներեցներով: Այս համաշխարհային շարժման հիմնական միտքը կայանում է նրանում, որ գալիք տասնամյակում կանանց ազդեցությունը պետք է համեմատվի միլիարդից ավել բնակչություն ունեցող պետությունների՝ Չինաստանի ու Հնդկաստանի ազդեցության հետ:
Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցի դասախոսներ Մայքլ Պորթերն ու Մարկ Քրեյմերը կանանց ներգրավվումը բիզնեսում անվանում են «համընդհանուր արժեք», որը միաժամանակ ստեղծում է և՛ տնտեսական օգուտ, և՛ աջակցում համայնքների բարեկեցությանը: Օրինակ, աշխարհահռչակ Avon ընկերությունը, որը կազմակերպում է իր գործունեությունը հիմնականում կանանց ներգրավմամբ, ունի ավելի քան 10 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան շահույթ, Coca-Cola-ն հայտարարել է «5 մինչև 20 » ծրագիրը, որով պատրաստվում է մինչև 2020թ. աջակցել 5 միլիոն կին ձեռներեցների, իսկ Walmart-ը հայտարարել է, որ 20 մլրդ ԱՄՆ դոլարի գնում կկատարի միայն կին ձեռներեցներից: Խոշոր ձեռնարկությունների ղեկավար մարմիններում կանանց ներկայացվածության առավելությունը արդեն նույնպես ապացուցված է կանանց ներկայացվացության և կորպորացիայի տնտեսական ցուցանիշների աճի անմիջական կապով: Քաղաքական վերլուծաբաններն էլ փաստում են, որ այն երկրները, որոնք ջանքեր են գործադրում ավելացնելու կանանց տնտեսական մանսակցությունը ավելի արագ ու դինամիկ են զարգանում, քան այն երկրները, որոնք այս հարցում պասիվ են և բոլոր ծրագրերն ուղղում են միայն տղամարդկանց կողմից ղեկավարվող բիզնեսի զարգացման ուղղությամբ:
Այնպես որ, որոշումը մերն է զարգանալ՝ չխոչնդոտելով կանանց ձեռներեցությունը և տնտեսական մասնակցությունը, թե՞ հերթական անգամ պահպանելով կարծրատիպերը՝ բաց թողնել զարգանալու այս բացառիկ հնարավորությունը և դոփել տեղում:
Ջինա Սարգիզովա
***
Հոդվածը պատրաստվել է «Հայաստանում գենդերային հավասարության խթանումը և գենդերային բռնության դեմ պայքարը՝ հանրային կարծիքի փոփոխության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան և Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ: Հոդվածում արտահայտված տեսակետները հեղինակինն են և կարող են չհամընկնել ծրագիրը ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ:
Դիտումների քանակը` 2584