Ելենա Դանիելյան. «Ցանկացած գործ ավելի արդյունավետ է դառնում, երբ տղամարդու տեսակետին գումարվում է կնոջ շրջահայացությունը»

«Կարծրատիպերն աստիճանաբար կոտրվում են, և հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության դրական տեղաշարժ է նկատվում»,- այսպիսի կարծիք արտահայտեց  WomenNet.am-ի  հետ զրույցում  Երևանի ավագանու ընտրություններում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականում առաջադրված  Ելենա Դանիելյանը:

 

Ելենա Դանիելյանը  տնտեսագետ է ,  ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատել է  ՊրոԿրեդիտ, Ինեկո, Արդշին և Հայէկոնոմ բանկերում, այժմ «Աթենք» ՍՊԸ-ի գանձապետն է։

 

Երևանի  ավագանու ընտրություններում առաջադրվելը  Ձեր առաջի՞ն քայլն է քաղաքականությունում

 

-Այո, կարելի է ասել , որ առաջին լուրջ քայլն է : Մենք բոլորս էլ ի ծնե ազատ ենք, օժտված ենք հավասար իրավունքներով ու պարտականություններով, այդ թվում  ընտրելու և ընտրվելու: Նախկինում քաղաքականության մեջ առկա էին կանանց մասնակցությունը խոչընդոտող մի շարք սոցիալական, հոգևոր-մշակութային գործոններ, որոնք արմատացած էին հայ հասարակության մտածելակերպի մեջ: Սակայն ներկայումս ես դրական տեղաշարժ եմ տեսնում այդ կարծրատիպերի  փոփոխման մեջ։ Դրա վառ օրինակը մեր կուսակցությունն է, որն օրենքով 75/25  համամսնության  փոխարեն ապահովել է իր ցուցակներում 37% կանանց մասնակցություն:

 

Ո՞րն է Ձեր ու Ձեր թիմի հիմնական ասելիքը երևանցիներին:

 

-Պետք է յուրաքանչյուր ոք ունենա պատասխանատվության զգացում, պատրաստակամություն և հավատ սեփական ուժերի և հաղթանակի նկատմամբ: Մեր ուժը  միասնականության մեջ է, «Երևանը ես եմ, դու ես, մենք ենք»՝ դա է մեր կարգախոսը։ Մենք ասում ենք, որ պետք է քաղաքն առաջին հերթին մաքրել, ինքներս պետք է սկսենք մաքրման աշխատանքներ յուրաքանչյուր ամսվա մեկ շաբաթ օրը , այլ ոչ թե ձևական բնույթ կրող տարին մեկ կամ երկու անգամ, պետք է մաքուր պահենք մեր սրտի մայրաքաղաքը և մեր բնակավայրը: Ցանկացած խնդիր կարելի է լուծել միասնական և համախմբված ուժերով։

 

 

Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնք լինելու են ձեր ուշադրության կենտրոնում՝ ավագանու կազմում ընտրվելու դեպքում:

 

– Մեր ուշադրության կենտրոնում են լինելու աղբահանության, ջրամատակարարման ու   ջրահեռացման, կանաչապատման, նոր այգիների և պուրակների կառուցման, քաղաքային տրանսպորտի խնդիրները,  վերելակների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների հիմնանորոգումը, կադրային ռեսուրսի ձևավորումը։ Սակայն այդ ամենի համար պետք է լինենք համախմբված և համապատասխան մարմինների հետ համատեղ կարող ենք հասնել այդ խնդիրների լուծմանը։ Օրինակ, ըստ մեր ծրագրի՝ առաջարկում ենք ներդրումների ներգրավմամբ կառուցել  աղբի վերամշակման գործարաններ, իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ, քաղաքային լուսավորության հարցը լուծել էլեկտրախնայող դիոդային լամպերի միջոցով, բոլոր զբոսայգիներում կառուցել հանրային զուգարաններ՝ անվճար, շենքերի և մայթերի կառուցապատումն իրականացնել հաշմանդամների համար հարմարեցված հատուկ պայմաններով, բնակչության անվտանգության համար շենքերում ապահովել վթարային ելքեր, և ցանկացած քաղաքաշինական որոշում կայացնել՝ բացառապես առաջնորդվելով քաղաքացիների շահերից ելնելով:

 

 

Ըստ Ձեզ՝ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ որքանով կնպաստի երկրում, մայրաքաղաքում առկա խնդրիների լուծմանը:

 

-Կանայք իրենց ուրույն ներդրումն ունեն հասարակական կյանքում,  իրենց շահերը և հետաքրքրությունները ունեն, հոգատար են, ուշադիր և միանգամից կարող են ներգրավված լինել մի քանի հարցի լուծման մեջ: Ինչպես մեծերն են ասում՝ բնությունը կնոջը ասել է՝  գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր,եթե ցանկանում ես, բայց շրջահայաց դու պարտավոր ես լինել:Կյանքը ցույց է տալիս, որ ցանկացած գործ ավելի արդյունավետ է դառնում երբ տղամարդու տեսակետին  գումարվում է կնոջ շրջահայացությունը, և տապալվում է, երբ թերագնահատվում է կնոջ ձիրքը:

 

Ի դեպ, հենց կանանց շնորհիվ է, որ վեր հանվեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են երեխաների և ծերերի խնամքը, ընտանիքի պլանավորումը, բարձրաձայնվեց կանանց նկատմամբ բռնության, կանանց տնտեսական վիճակի մասին։ Ընդհանրապես,  աշխատանքի գնահատումը,  աշխատավարձի չափը, պաշտոնի բարձրացումը  կամ առաջխաղացումը, կատարվում են մեզանում  ըստ սեռական պատկանելիության, այլ ոչ թե գիտելիքների բազայի կամ որակական հատկանիշներին համապատասխան:  Կարծում եմ՝ այս խնդիրներին ևս պետք է ուշադրություն դարձնենք։

 

Կանայք շատ են ծանրաբեռնված կենցաղային հոգսերով, և , այս առումով շատ կարևոր է երեխաների խնամքի կազմակերպման հարցը, մանկապարտեզների հարցը: Թեև հերթագրում են երեխային իր բնակության վայրի մանկապարտեզներում, բայց հերթն այդպես էլ չի հասնում։ Բացի այդ, մանկապարտեզներում երեխաները առավել շատ հոգատար  վերաբերմունքի և ուշադրության կարիք ունեն, հատկապես նախակրթարաններում պետք է լավագույն կադրերը լինեն։ Կարևորում եմ նաև  մանկապարտեզներում սննդի խնդիրը։ Իրականում մասնավոր մանկապարտեզներում տեսարանը այլ է: Այդ դեպքում մեզ ի՞նչն է խանգարում, որ պետական մանկապարտեզներում էլ կարողանանք այդ ամենը ապահովել։

 

նչպիսի՞ն եք ուզում տեսնել մայրաքաղաքը:

 

Երևի թե բոլորիս ցանկությունն է ապրել մաքուր, կանաչապատված,լուսավոր , հավասար իրավունքերով և ամենակարևորը՝  ապահով քաղաքում:

 

Մ. Մարգարյան

Դիտումների քանակը` 1561

Գլխավոր էջ