Ութ երեխա, ինը թոռնիկ. բազմազավակ մայրիկն ու տատիկը կրկին գյուղապետ է դառնալու

Մեղվահովիտի գյուղապետ, ութ երեխայի մայր Համեստ Շահբազյանն ընտանիքի հետ այս գյուղում հայտնվեց ստիպված, քաղաքականություն մտավ  իր կամքից անկախ, հաստատվեց գյուղում ու այն ղեկավարում է մոտ երկու տասնամյակ:

 

Ամեն ինչ սկսվեց  88-ի երկրաշաժից, երբ Գյումրիում ապրող արդեն բազմազակ (այդ ժամանակ չորս երեխա ուներ) երտասարդ ընտանիքը շատերի նման զրկվեց տնից: Ծանր ժամանակներ էին Համեստի համար, մայրը մահացավ, հետո սկեսուրը, ապրում էին ամուսնու քրոջ տանը, անհամբեր սպասում Գորբոչովի խոստումների ու ծրագրի իրականացմանը:

 

«Անընդհատ ծրագիրը ձգձգվում էր, որոշեցինք ապրել գյուղում, եկանք Մեղվահովիտ՝ ժամանակավորապես ապրելու: Այստեղ հիմնականում ադրբեջանցիներ էին ապրել, հետո՝ Բաքվից, Կիրովաբադից եկած փախստականներ, տարբեր տեղերից մարդիկ կային»,-պատմում է Հ. Շահբազյանը:

 

Գյուղում կարողանում են 2200 ռուբլիով տուն առնել, այդ տանն ապրում են մինչ օրս: Գյուղ տեղափոխվելու նույն տարում Մեղվահովիտում գյուղխորհուրդ  է ձևավորվում:

 

«Այն ժամանակ տեղական պատգամավորներն էին ընտրում, ինձ այդ ամենը չէր հետաքրքում, գիտեի՝ այստեղ ժամանակավոր եմ: Հետո գյուղխորհրդի նախագահը՝ Համլետ Մովսիսյանը, ով մի փոքր ջոկատի հրամանատար էր, ինձ տեսել էր: Ես Տաշիրի շրջանի Մեծավան՝ Շահնազար գյուղում եմ ծնվել, մեր համագյուղացին էր, ինձ նմանացրել է մեծ եղբորս, ով իր դասարանցին է եղել: Մարդ էր ուղարկել, թե տեսեք, եթե այդ կինը Շահնազարյաններից է, ուրեմն  Աղասիի քուրն է, եթե նրանցից է, ուրեմն, նրանք բոլորը կրթված են, կարող է գյուղխորհուրդի քարտուղար աշխատել»,-հիշում է Համեստը, ավելացնելով, որ գյուղխորհուրդի նախագահը նույն առաջարկով մի քանի անգամ ծեծել է իրենց դուռը, բայց ինքը չի համաձայնվել:

 

«Երկրաշարժն ինձ վրա շատ վատ էր ազդել, մամաս նոր էր մահացել, ես շատ վատ էի, առողջական խնդիրներ ունեի, չէի կարողանում ուշքի գալ այդ ամենից»,-հրաժարվելու պատճառները թվարկում է նա:

 

 

Գործին խառնվել է Համեստ ամուսինը, թե ամոթ է՝ էդ մարդը էդքան գնում-գալիս է, փոքր գյուղ է, կարող ես: Համեստը համոզվում է ու ոտք դնում գյուղապետարան՝ որպես գյուղխորհուրդի քարտուղար:

 

«Էդ մտնել էր, մինչև հիմա դուրս չեմ եկել»,-ծիծաղելով ավելացնում է նա:

 

Մի քանի տարի անց՝ 1993-ին գյուղխորհուրդի նախագահին դատում են, Հ. Շահբազյանն աշխատում է նրա պաշտոնակատար:

 

«Այդ ժամանակ ուզում էի հրաժարվել աշխատանքից, ասացի՝ պահն է, այդ ժամանակ արդեն հինգերորդ երեխան էի ունեցել, առողջություն չունեի, տասը տարի շարունակ շատ վատ էի: Բայց գործկոմի նախագահը՝ Խաչիկ Բրուտյանն ասաց, թե դու ամեն ինչին ծանոթ ես, գործկոմի նախագահը գյուղում չէր լինում, կռիվներին էր մասնակցում, ես էի զբաղվում փախստականների հարցերով, նրանց ընդունում, ցուցակագրում էի, ուղեգրերով զբաղվում, մի խոսքով: Բրուտյանն ասեց, ես գիտեմ, որ դու կարող ես, դու պետք է աշխատես»,-պատմում է գյուղապետը:

 

Ընտրվել է գյուղխորհուրդի նախագահ՝ մինչև 1996 թվականը, արդեն պարզ էր, ոչ Գորբոչովի խոստումներն են իրականանում, ոչ պետություն էր ոտքի կանգնում. «Օր օրի դրությունը վատանում էր, ես էլ օր օրի ինքստինքյան կապվում էի գյուղի հետ»:

 

1996-ին արդեն գյուղապետարաններ ձևավորվեցին, առաջադրված չորս թեկնածուներից Հ. Շահբազյանն է ընտրվում համայնքի ղեկավար: Երկու անգամ պաշտոնավարում է, ապա օրենքի պահանջով, 2001-ին չի առաջադրվում:

 

«Առողջությունս էլ կտրուկ վատացավ, արդեն բուժվում էի, երկրաշարժից հետո սթրեսներն ազդել են սրտիս վրա, այլ խնդիրներ էլ ունեի, էէէ չգիտեմ»,-հիշում է նա:

 

Այդ ժամանակ մեկ այլ կին է ընտրվում, բայց եկավ, խնդրեց, թե չեմ կարողանում յոլա տանել, առաջարկեց քարտուղար աշխատել:

 

«Այնպես որ այդ ժամանակ էլ էի գյուղապետրանում: Հետո հաջորդ ընտրություններին առաջադրվեցի, ընտրվեցի: Հիմա պայքարում մենակ եմ մնացել, մի նախկին գյուղապետ կին էր առաջադրել, բիզնես ունի, մտածեց, երևի գյուղապետ լինելը կօգնի իր բիզնեսին: Զանգեց, թե ուզում է հանի թեկնածությունը, ասի՝ ուզում ես հանի, ուզում ես՝ դիր: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք բայց»,-ասում է նա:

 

Հիշեցնենք, որ Մեղվահովիտում ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 14-ին:

 

Հ. Շահբազյանի խոսքով իրեն աշխատանքի ողջ ընթացքում օգնել են հարազատները, ամուսինը՝ հատկապես, երեխաներին փոքր ժամանակ մի քանի ամիս խնամել է ամուսնու քույրը, հետո աղջիկներն են մեծացել:

 

«Ունեմ չորս տղա, չորս աղջիկ, մեծս 1976 թ. Ծնված է, փոքրս՝  1997 թ.:  Հիմա էլ  ինը թոռ ունեմ, մեծը 15 տարեկան է: Մեծ աղջիկս ինձ շատ է օգնել, շատ: Հիմա երեխաներից վեցը ամուսնացած են, ինձ մոտ փոքրն է, մի տղաս էլ բանակում է»,-այսպես հեշտ ներկայացնում է Համեստն ու խոստովանում, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չի ընթացել:

 

Ծանրաբեռնված, մշատապես աշխատանքի մեջ գտնվող գործ է, կարող է զանգեն գիշերը՝ մեկին մի բան է պատահել, գումար է հարկավոր, կամ էլ մի այլ բան:

 

«Ինձ տնտեսությունից ազատել են, գոմ չեմ մտնում, բայց սիրով բոստան եմ մշակում, առավոտ ժամը վեցից ոտքի վրա եմ, եղել են օրեր, երբ կեսգիշերից հետո եմ տուն մտել: Շնորհակալ եմ ամուսնուս, երեխաներիս, ինձ աջակցելու համար»,-անկեղծանում է կին համայնքապետը:

 

Մեղվահովիտում դեռ ոչ մի կին երեխաների թվով Համեստից առաջ չի անցել, ամենաշատը չորսն ունեն:

 

«Գիտե՞ք, դա այն հարցն է, որ մարդ ինքը պետք է որոշի, հաշվի առնելով առողջությունը, հնարավորությունը, մի խոսքով շատ բաներ: Բայց այլ հարցերում օրինակ եմ ծառայում, խորհուրդ տալիս, օրինակ մեր գյուղի ավագանու հինգ անդամներից երեքը կանայք են: Ես եմ նրանց համոզել առաջադրվեն»,-ասում է նա:

 

Նշում է, որ գյուղում դեռ կիսատ գործեր ունի, անցած տարիներին կարողացել է գյուղ մտնող ջրագծի հարցը պետական ծրագրի շրջանակում լուծել, հիմա ճանապարհներն են վատ վիճակում, պետք է կարողանա հասնել այն բանին, որ ճանապարհներն էլ նորոգվեն:

 

«Մարզպետարանում հարցնում են, Համեստ, ո՞նց կարողացար էդքան մեծ գյուղերի կողքին քո փոքր գյուղի ջրագծի հարցը լուծել: Բայց ես առիթը բաց չէի թողնում, խնդրի մասին անընդհատ գրում էի, հանդիպելիս՝ ասում էի, նույնիսկ հասա այն բանին, որ նախկին փոխվարչապետը գյուղ եկավ, խոստացավ՝ ճանապարհների հարցը լուծել»,-նշում է նա:

 

Հիմա բոլոր կանանց մի բան է խորհուրդ տալիս՝ եթե ուզում եք աշխատել, ոչ ոք ու ոչինչ ձեզ չի կարող խանգարել: Ասում է, կին լիդեր լինելը լավ է նախ համայնքի ու նրա բնակիչների համար, քանի որ կանայք ավելի սրտացավ են մոտենում մարդկանց, մեծ ուշադրություն են դարձնում սոցիալական խնդիրներին:

 

«Չկա մի ընտանիք, որի դարդն ու ցավը չիմանամ, հոգսը չիմանամ, իմ աչքի առաջ ձևավորվեց գյուղը: Բայց գնալով մարդիկ պակասում են, փոքր գյուղ է , մնացել է 200 բնակչություն, 160 ընտրողից էլ՝ 106-ը»,-ասում է գյուղապետն ու հպարտությամբ ավելացնում, որ իր ղեկավարծ գյուղի բնակիչները մյուսներից տարբերվում են:

 

«Հանրապետությունում 16 կին համայնքապետ ենք մնացել, սեմինարների, հանդիպումների ժամանակ խոսում ենք, քննարկում,  հասկանում եմ, որ մեր գյուղը բոլորից տարբերվում է, շատ ենք միմյանց հետ կապված»:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4211

Գլխավոր էջ