Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը  32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից 11 քաղաքական ուժերի համապետական և տարածքային (ռեյտինգային) ցուցակները։

 

Համապետական ընտրական ցուցակներում   ընդգրկված կին թեկնածուների միջին թիվը  32.4 % է։ Դա ավելին է, քան 2017-ի ընտրություններում   գրանցված կանանց 29.5%-ը, դրա հետ մեկտեղ ավելի ցածր է , քան  սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված կանանց ներկայացվածության 36.2%-ը։ Հիշեցնենք, որ գործող  օրենսդրական կարգավորումների համաձայն կուսակցությունների ընտրական ցուցակներում  ամեն 4-րդը  կամ 25% -ը պետք է կին լինի։ 

 

ՀՀ Ընտրական օրենսգրքում  համապատասխան դրույթը ձևակերպված է այսպես.

 

«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից  յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին  մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք էգերազանցի 75 տոկոսը»:

 

 

Կուսակցություններից միայն մեկի՝ «Ազգային առաջընթաց»-ի ցուցակում է, որ կին թեկնածուների թիվը գերազանցում է տղամարդ թեկնածուներին։ «Ազգային առաջընթաց» կուսակցության համապետական ցուցակում 83 թեկնածու կա, որից 43-ը (51.8 տոկոսը) կանայք են։  Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» -ը  միակ քաղաքական ուժն էր, որի համապետական ցուցակը կին է գլխավորում՝ Լուսինե Հարոյանը։ Կուսակցությունը նաև միակն է, որի առաջին տասնյակում չորս կին թեկնածու է  ներկայացրել։

 

Կին թեկնածուների ներկայացվածությունը 40 տոկոսից բարձր է միայն «Քաղաքացիական որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում. 81 թեկնածուներից 35-ն են կանայք կամ 43.2 %-ը։

 

Քաղաքական ուժերից ևս չորսը  ներկայացրել են  իրենց ցուցակներում  30-40%  կին թեկնածուներ:  Այսպես՝ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակում կանայք՝ 31.3% են,  ՀՀԿ-ի  ցուցակում՝  35.4 %, «Սասնա Ծռեր»-ում՝ 36.7%, ՕԵԿ-ում՝ 37.8%։

 

Ընտրություններին մասնակից մնացած ուժերի ցուցակներում կին թեկնածուների ներկայացվածությունը 25-30% է: Մինչև 30 տոկոս կանանց ներկայացվածություն են «ապահովել» նաև «Լուսավոր Հայաստան»-ը (28.6 % ) և ԲՀԿ-ն (29.5 %)։

 

Ցուցակներում կանանց ամենաքիչ ներկայացվածությամբ են հանդես եկել «Մենք» դաշինքը՝ 25.3 % , ՀՅԴ-ն ՝ 25.6 %  և  իշխող «Իմ քայլը» դաշինքը՝ 26.2 %։  Համեմատության համար հիշեցնենք, որ  Երևանի ավագանու ընտրություններին  ՀՅԴ ցուցակում կանայք 29.8 %  էին կազմում, իսկ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում՝  28.8 %:

 

Ինչ վերաբերում է «Մենք » դաշինքին, որը կազմված է    «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցություններից, ապա 2017-ի խորհրդարանական ընտրություններում  «Ազատ դեմոկրատների» ցուցակում կանայք 38% էին կազմում, իսկ «Ելք»-ի ցուցակում, որտեղ մտնում էր նաև «Հանրապետությունը», կին թեկնածուները 32% էին: Բացի այդ, «Ազատ դեմոկրատները» այն եզակի կուսակցություններից է, որ  կանանց ներկայացվածության առումով միշտ հանդես է  եկել շատ առաջադեմ դիրքերից՝ առաջարկելով,  որ քվոտան պետք է բարձրացնել առնվազն  մինչև 30% և նույնիսկ պնդելով, որ 50/50 համամասնության կողմնակից են:

 

Նշենք, որ ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում,  այնպես էլ այս պարագայում՝ դիտարկելով մասնակից  11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում կին թեկնածուների ներկայացվածությունը գենդերային քվոտայի բարելավման տեսանկյունից,  կարելի է փաստել, որ կանանց ներուժի հետ կապված մտահոգություններն իրականում խիստ չափազանցված են: Քաղաքական ուժերի մեծ մասը բարի կամք է դրսևորել կանանց ներգրավման առումով, և  միջինում  32.4% կին թեկնածուներ  ներկայացրել: Դա ավելին է, քան գործող Ընտրական օրենսգրքով սահմանված 25%-անոց քվոտան և Ազգային ժողովում տապալված  փոփոխությունների նախագծով  առաջարկվող 30%-ը: Ըստ էության,  30%-ն  անցած փուլ կարելի է համարել կուսակցությունների համար,  ինչը կարևոր փաստարկ է  ցուցակներում սեռերի համամասնությունը սահմանող քվոտան առնվազն մինչև 40% բարձրացնելու օգտին:

 

Այլ հարց է , որ կուսակցությունները դեռևս խնդիր ունեն ներկայացնելու կանանց ցուցակների առաջնային դիրքերում,  հատկապես առաջին հնգյակում: Միջինում, ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած  քաղաքական ուժերի ցուցակների առաջին տասնյակներում  կանայք  25% են կազմում, ինչը հետընթաց է Երևանի ավագանու ընտրությունների հետ համեմատ, երբ ցուցակների առաջին տասնյակներում կին թեկնածուները  30,8 % էին կազմում:  Նույնը կարելի է ասել առաջին հնգյակների մասին, որտեղ կանայք ընդամենը 21.8 %  են կազմում, այն դեպքում երբ Երևանի ավագանու ընտրություններին ցուցակների առաջին հնգյակներում կանայք 25%  էին:

 

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում  քաղաքական ուժերը ներկայացրել են նաև բաց կամ ռեյտինգային ցուցակներ, որոնցում  ընդգրկված թեկնածուների թվում  33.8% կին են : Այդ ցուցակների  վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տարածքային ցուցակներով պայքարող թեկնածուներից 33.9%-ը կանայք են

 

 Համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը  32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց

 

Ցուցակների առաջին տասնյակներում կանայք 25% են կազմում

 

Ընտրական ցուցակներում կին թեկնածուների միջին թիվը  32.4 % է. առաջընթաց թե՞ հետընթաց

 

 

Դիտումների քանակը` 3485

Գլխավոր էջ