Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել գենդերային քվոտան

 

 ՀՀ Ազգային ժողովի կայքում պաշտոնապես հրապարակվել  է  «Իմ քայլը»  խմբակցության հեղինակած  ՀՀ Ընտրական օրենսգրքի  և կից օրենքների փոփոխությունների փաթեթը

 

 

WomenNet.am -ը կանդրադառնա փոփոխությունների փաթեթի որոշ մանրամասներին հաջորդիվ, մինչ այդ նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով  նախատեսվում է  տարածքային ցուցակներից հրաժարումը  և գենդերային քվոտայի  որոշակի բարձրացումը: Մասնավորապես,  գործող օրենսդրությամբ ամրագրված  կուսակցությունների ընտրական ցուցակներում  թեկնածուների սեռերի 30/70  համամասնության փոխարեն առաջարկվում է   35/65 համամասնությունը:

 

 

ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով  առաջարկվում է  գործող օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

 

«Հոդված 83. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները

  1. Ընտրություներին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) առաջադրում է թեկնածուների մեկ ընտրական ցուցակ, որը կարող է բաղկացած լինել երկու մասից։
  2. Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կազմվում է դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած ընտրական ցուցակից։ Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80 և ոչ ավելի, քան 300 թեկնածու։
  3. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 3-6, 6-9 և այդպես շարունակ՝ մինչև ցուցակի ավարտը) պետք է ընդգրկված լինի պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների առնվազն մեկական ներկայացուցիչ, իսկ ամբողջ ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 65 տոկոսը։
  4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը։
  5. Ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական 32 բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում….

 

 

 

Նշենք, որ գործող Ընտրական օրենսգրքի  83-րդ հոդվածով ամրագրված  էր  տարածքային ցուցակների պահանջը և կուսակցությունների ընտրական ցուցակներում  թեկնածուների սեռերի 30/70  համամասնությունը :

 

 

«4. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»: 

 

 

Հիշեցնենք, որ 2018 -ին կայացած խորհրդարանական ընտրություններից  հետո 2018թ.-ի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի հեղինակները առաջարկել են  կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում էականորեն բարելավելու նպատակով ներգրավել կին թեկնածուներին   ընտրական ցուցակի յուրաքանչյուր երկրորդ տեղում.

 

«Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով»։

 

 

«Ռեյտինգային» ընտրակարգը որակվել է որպես անարդյունավետ 

 

 

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջրկվում է նաև հրաժարվել  բաց կամ տարածքային ցուցակների կիրառումից՝ անցնելով  միայն մեկ՝ փակ  համամասնական ցուցակով քվեարկությանը: Այդ առումով նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  այսպես կոչված «ռեյտինգային» ցուցակների կիրառմամբ ընտրակարգն իրեն չի արդարացրել  « խիստ կարճ ժամանակամիջոցում  ապացուցելով իր անարդյունավետությունը».  

 

 

«Ընտրական օրենսգրքով ընտրական տարածքների և տարածքային ցուցակների ու դրանց մեջ նախապատվության քվեի (որն ավելի հայտնի դարձավ որպես «ռեյտինգային» համակարգ) հնարավորությունը ընտրակարգը փաստացի վերածեց ավելի բարդ մեծամասնական ընտրակարգի։ Նոր քվեակարգը նպաստում էր, որ անհատ թեկնածուի նկատմամբ նախապատվությունը պարտադիր կերպով արտացոլվի նաև այդ թեկնածուի կուսակցության օգտին՝ զրկելով նախկինում առկա հնարավորությունից իրարից անկախ ընտրելու թեկնածու տվյալ ընտրատարածքից և կուսակցություն՝ համապետական մակարդակում: Քանի որ քաղաքացիների հիմնական նախապատվությունը հաճախ պայմանավորված է ոչ թե կուսակցության ծրագրի (օրինակ՝ կրթական քաղաքականության առաջնահերթություններ), այլ մասնավոր թեկնածուի խոստումների (օրինակ՝ կոնկրետ դպրոցի վերանորոգում) կամ նրա ունեցած մարդկային կապիտալի ու անձնական ռեսուրսների հետ, ապա այս տեսակի քվեն էլ ավելի բացասական է ազդում ծրագրային կուսակցությունների կայացման և ամրապնդման վրա, քան նախորդ՝ խառը քվեի տեսակը և նպաստում է տեղական մակարդակի ոչ քաղաքական ազդեցություն ունեցող գործիչների ներկայացվածությանը՝ ի հաշիվ քաղաքական օրակարգ ունեցող, սակայն լոկալ ազդեցություն չունեցող խմբերի:  Բացի այդ, տարածքային ցուցակները ստեղծում են տարբեր կշիռ և ազդեցություն ունեցող մանդատներ, ինչը միշտ չէ, որ նպաստում է պատգամավորների համագործակցությանը և արդյունավետ օրինաստեղծ գործունեությանը», – ասված օրինագշի հիմնավորման մեջ։

 

 

Նշենք, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը   նախատեսում է  նաև նոր կարգավորումներ  ընտրողների ցուցակների ճշգրտման, ընտրությունների արդյունքների բողոքարկման ,  նախընտրական քարոզարշավի անցկացման  և դրա ֆինանսավորման հետ կապված:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Կանայք պետք է ներկայացված լինեն ընտրական ցուցակի յուրաքանչյուր երկրորդ տեղում»

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներ. Եթե երկրի բնակչության կեսը կանայք են, ապա դա պետք է արտացոլվի նաև քաղաքականության մեջ

 

«Կուսակցությունները պարտադրված  են հավասար հնարավորություններ ստեղծել և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար»

 

«Կուսակցությունները պատասխանատու են կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու հարցում». քննարկում

 

Առաջարկ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու մասին

 

Ինչպիսի՞ քվոտա է  առաջարկվում  Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով

 

Դիտումների քանակը` 1081

Գլխավոր էջ