Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ. «Ժամանակն է, որ գենդերային քվոտան սահմանվի 50/50 համամասնությամբ»
Լուսանկարը՝ 50:50 Parliament campaign
Ինչպես հայտնի է, օգոստոսի 11-ից Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը սկսել է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բարեփոխումների շուրջ հանրային քննարկումները, որոնք համավարակի պատճառով անցկացվում են առցանց ձևաչափով ։
Աշխատանքային խմբի ղեկավարը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն է, ում փոխանցմամբ՝ քննարկվող փաթեթի հիմք է հանդիսանում 2018 թվականի Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , որը սակայն չընդունվեց այն ժամանակվա Ազգային ժողովի կողմից, հետևապես դրան հաջորդած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան գործող Ընտրական օրենսգրքով: Արդեն իսկ անցկացվել են մի քանի նման քննարկումներ, առանձին թեմաներով։
Ըստ ժամանակացույցի օգոստոսի 25-ին քննարկվեցին ընտրակարգի հետ կապված խնդիրները, որոնք նաև սերտ կապված են կանանց մասնակցության հետ: Այս առումով, հարցերը շատ են՝ ի՞նչ ընտրակարգ կամրագրվի, կհրաժարվեն արդյոք ռեյտինգային ցուցակներից, ինչպիսի գենդերային կամրագրվի՞, կհամաձայնվեն արդյոք քաղաքական ուժերը, որ կուսակցությունների ցուցակներում սեռերի հարաբերակցությունը վերջապես 50/50 սահմանվի և այլն:
Ակտիվ քննարկման առարկա դարձած հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչ չափով է ապագա ընտրակարգը երաշխավորելու կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում ըստ սահմանված քվոտայի, քանզի, ըստ գործող կարգավորումների, որոնք ներառում են նաև ռեյտինգային ցուցակները, այդ խնդիրը լուծված չէ: Օրինակ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեռանալով խմբակցությունում այսօր կա 17 անդամ, որից միայն 3-ն է կին: Մինչդեռ խմբակցությունում կանանց ներկայացվածությունը չպիտի 20 տոկոսից պակաս լինի:
Համազասպ Դանիելյան
Ըստ պատգամավորի՝ թեև ռեյտինգային ընտրակարգը համեմատաբար նոր ինստիտուտ է (2017թ.), բայց հանրությունը թերևս ամենից շատը հենց դրանից է տեղեկացված, քանի որ այն շատ քննադատվեց:
«Հեղափոխությունից անմիջապես հետո այս ընտրակարգից ձերբազատվելու մտադրության մասին բազմիցս է բարձրաձայնվել և դա արտացոլվել է այս նախագծում: Եվ այսօր գկխավոր հարցն այն է, թե ռեյտինգային ընտրակարգը ի՞նչ ընտրակարգով պետք է փոխվի: Ամենապարզ այլընտրանքը այսպես կոչված փակ ցուցակներն են՝ համամասնական ցուցակ, որը կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացվելու է ԿԸՀ: Այս ընտրակարգի ակնհայտ առավելությունն այն է, որ այն պարզ է ու հասկանալի»,- հայտարարեց նա:
Սակայն որպեսզի սեռերի հարաբերակցությունը ԱԺ խմբակցությունում համապատասխանի քվոտային, շարունակեց Համազասպ Դանիելյանը, մանդատների բաշխման կարգի հետ կապված որոշակի մոտեցումներ պետք է ֆիքսվեն.
«Այսինքն ֆիքսվի, որ խմբակցությունից հեռացող կին պատգամավորին պետք է փոխարինի ցուցակի հաջորդ կին թեկնածուն և ոչ թե հերթական հաջորդ թեկնածուն»,-ընդգծեց նա: Ի դեպ հիշեցնենք, այս մասին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում են տարիներ շարունակ ու ԸՕ գրեթե բոլոր բարեփոխումների ժամանակ:
Ինչ վերաբերում է մենթալիտետային և մշակութային խոչընդոտները հաղթահարելուն, ապա պատգամավորը վստահ է, որ դրա համար մարդիկ պետք է սովորեն տեսնել կին քաղաքական գործիչների, ովքեր նաև հանդես են գալիս, որպես այդպիսին՝ պատշաճ հռետորաբանությամբ: Դանիելյանը շեշտեց՝ անկախ ամեն ինչից անթույլատրելի է թիրախավորել քաղաքական գործչին ըստ սեռի, ինչը մեր քաղաքական դաշտում, ցավոք, դեռ հաճախ հանդիպող երևույթ է:
Գևորգ Գորգիսյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կիրառել բաց համամասնական ցուցակներ, որպեսզի քաղաքացիները որոշեն, թե կուսակցության ներսում քաղաքական գործիչներից ո՞ւմ են իրենք ավելի բարձր գնահատում: Քննարկմանը մասնակցող ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ բաց համամասնական ցուցակը ուղիղ ճանապարհն է դեպի կուսակցությունների ներքին ժողովրդավարության կայացում.
«Եթե մենք փակում ենք ցուցակը, ապա կասեցնում ենք անհատ քաղաքական գործիչների զարգացումը»,- նշեց նա:
Նա դեմ չէ, որ բաց կամ կիսաբաց ցուցակներում լինի սահմանված քվոտա. «Օրինակ, եթե մենք ընտրում ենք, որ 30 տոկոսը պետք է անցնի կիսամեծամասնական ընտրակարգով, ապա այդ քվոտան միանշանակ տարածվում է նաև կանանց վրա: Այսինքն, ես չեմ կարծում, թե կին քաղաքական գործիչները չեն կարող լինել ձայն հավաքած ցուցակում: Որովհետև սրանով մենք դաշտ ենք ստեղծում, որպեսզի քաղաքական գործիչները, անկախ սեռից և տարիքից, կարողանան ինքնադրսևորվել և ստանալ քաղաքացիների ձայնը: Օրինակ, Մանե Թանդիլյանը երկու անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, երկու անգամ էլ իր հավաքած ձայների շնորհիվ: Այնպես որ բաց համամասնական ցուցակները նաև հնարավորություն են կանանց համար, որպեսզի նրանք աճեն ու զարգանան»,- ասաց Գորգիսյանը:
Ինչ վերաբերում է սեռերի հարաբերակցության մասով հնչած առաջարկներին, նա նշեց, որ սխալ է համարում 50/50 քվոտա սահմանելը, որովհետև «շատ բարդ է կանանց ներգրավել քաղաքականության մեջ, հատկապես, երբ Ազգային ժողովից մենք տեսնում ենք ընդհուպ մինչև սեռական բնույթի ակնկարկներ և այլն, որոնք պայմանավորված են զուտ նրա կին լինելու հանգամանքով».
«Որպես հետևանք կանայք չեն ուզում մտնել այդ ամենի մեջ և իրենց հրաժարվելը ակտիվ քաղաքականությունից պայմանավորում այն հանգամանքով, թե ինչպիսի քաղաքական դաշտ մենք ունենք: Այնպես որ մինչև քվոտայի բարձրացումը մենք ունենք այլ խնդիրներ լուծելու՝ կրթական, մշակութային, մենթալիտետային ոլորտներում: Միանգամից խոսել 50 տոկոսի մասին այսօր դեռ վաղ է ու սխալ», – հավելեց նա:
Վարդինե Գրիգորյան
Մանե Թանդիլյանի օրինակը իր խոսքում բերեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը: Նրա խոսքով, այն այնքանով է ցայտուն, որ երկու անգամ Թանդիլյանն ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով, բայց երկու անգամ էլ, ինչ նա դադարել է ԱԺ պատգամավոր լինելուց, իր փոխարեն մանդատը ստացել է տղամարդ.
«Սա նշանակում է, որ մենք այս միջոցով չենք կարողանում ապահովել նույնիսկ այն հարաբերակցությունը, որ լինում է ընտրության պահին»,- ասաց փորձագետը:
Գրիգորյանը հարց ուղղեց պատգամավորներին՝ արդյոք ընդունելի չէր լինի, եթե այս պահին ԸՕ-ում փոփոխություն անելուց նախատեսենք 50/50 հարաբերակցությունը, բայց անցումային դրույթներով: Օրինակ, մինչև 2024 թվականը կոնկրետ թիվ է սահմանվում՝ 1/3-ը, 40 տոկոսը և այլն: Բայց վերջնարդյունքն այն է, որ մենք հստակ գիտակցում ենք, որ մոտակա 10 տարում մենք փորձելու ենք հասնել կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության:
Եվս մեկ հարց, որ հնչեցրեց Վարդինե Գրիգորյանը՝ արդյոք կուսակցությունների քաղաքականության վրա որոշակի ազդեցություն է ունեցել այն, որ ամրագրվել է անցողիկ շեմը և արդյոք նրանք գիտակցում են, որ 2021 թվականից հետո իրենց ցուցակներում ավելի շատ կանանց պիտի ներկայացնեն ու դրանից ելնելով փորձում են ավելի շատ ներգրավել:
«Հետաքրքիր է, այդ հանգամանքը հաշվի է առնվել կուսակցությունների կողմից, թե ուշադրություն չի դարձվել ու մենք հիմա փաստի առաջ ենք կանգնել: Եվ եթե ԸՕ-ում մենք նախատեսում ենք այդ հեռանկարը, արդյոք դա չի օգնի, որ քաղաքական ուժերը, կանխատեսելով , թե ապագայում ինչ խնդիրներ պետք է լուծեն, այդ պահից սկսած արդեն գնան դեպի ներառականություն ու ներքին մշակույթի փոփոխություն, որովհետև հենց քաղաքական ուժերն են մշակույթ ձևավորում: Ես համոզված եմ, որ տղամարդիկ են ստեղծում այն տպավորությունը, թե հասարակությունը չի ընկալում կին գործիչների և եթե իրենք փոխվեն, ապա ես չեմ կասկածում, որ տաս տարի հետո մենք իսկապես կունենանք հավասար ներկայացվածություն»,- հավելեց նա:
Թամարա Հովնաթանյան
Ըստ բանախոսի, Ժամանակն է ԸՕ-ում ամրագրել կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը՝ կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի 50/50 հարաբերակցությամբ, և այդ առաջարկի նապատահարմարությունը ամրապնդվում է մի շարք փաստարկներով:
«Հաշվի առնելով այն միտումը, որ մենք, կարծես թե, չենք ուզում հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից ու դրա տարբեր ձևերից և փորձ ենք անում անցում կատարել ամբողջովին համամասնական համակարգին, մենք կարծում ենք, որ այս դեպքում ցուցակներում գենդերային քվոտան կարող է լինել միայն 50/50 համամասնությամբ: Կիրառելով այս մոտեցումը մենք իրականում հնարավորություն կտանք կանանց բարձրացնել իրենց մրցակցությունը կուսակցություններում: Այսինքն, բաց ցուցակների ցանկացած տարբերակների դեպքում մենք կարող ենք խոսել միայն 50/50 համամասնության մասին, և անգամ 40/60-ն այս պարագայում արդեն անիմաստ է, որովհետև փորձը ցույց տվեց, որ մենք չենք կարող հույսը դնել միայն փակ ցուցակների վրա: Եվ եթե մենք իսկապես մտածում ենք այն մասին, որ կանանց մրցակցությունը կուսակցությունների ներսում բարձրանա, ապա պետք է ի սկզբանե արդար մոտեցում ցուցաբերել ՝ 50/50 և հնարավորություն տալ կանանց մասնակցելու»,- նշեց նա:
Բացի այս, շարունակեց Թամարա Հովնաթանյանը, խնդրահարույց է այն հանգամանքը, որ ըստ քվոտայի խմբակցությունում կանանց թիվը պետք է լինի 25 տոկոս, բայց ներկայացված է 20 տոկոս: Փաստացի, մատնացույց արեց բանախոսը, ըստ ներկայացված նախագծի այս տարբերությունը կպահպանվի.
«Հետևապես, մենք կողմնակից ենք, որ այդ տարբերությունը հանվի, բայց դա հնարավոր է հանել միայն ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում: Իսկ եթե բաց ցուցակները մնում են, փաստացի գենդերային քվոտան և խմբակցությունում կանանց մասնակցությունը, այսպես թե այնպես, տարբեր է լինելու»,- ասաց նա և հավելեց, որ Կոալիցիայի առաջարկները նախագծի մասով կախված են ընտրակարգից.
«Եթե լինելու է լրիվ համամասնական ընտրակարգ, ապա կարելի է խոսել սեռերի 40/60 հարաբերակցության մասին, իսկ եթե լինելու են բաց ցուցակներ, ապա մենք պնդելու ենք ներկայացված թեկնածուների 50/50 համամասնության մասին»,- հավելեց տիկին Հովնաթանյանը:
Նշենք, որ ամփոփելով քննարկումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ փաստացի գնում ենք դասական համամասնական ընտրակարգի , այս դեպքում՝ տարածքային ցուցակները բացառելու սկզբունքով: Եվ միակ հարցը, որ կա այս պահին՝ ընտրական ցուցակը լինելու է բաց, թե՞ փակ: Պատգամավորը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե բաց ցուցակների դեպքում ներքին ժողովրդավարությունը բարձրանում է, ինչպես դա պնդում է «Լուսավոր Հայաստանը», բայց և հրավիրեց բոլոր շահագրգիռ կողմերին շարունակել քննարկումը այս կարևորագույն հարցի շուրջ:
Ի դեպ, Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ կբերվի ԱԺ գարնանային նստաշրջանին։
Լիա Խոջոյան
Քննարկման մանրամասներն կարող եք դիտել.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Մեկնարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները
«Հայեցակարգն երաշխավորում է Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»
Ինչպիսի՞ քվոտա է առաջարկվում Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով
Պատգամավորներն առաջարկում են կիրառել 33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Կառավարական հանձնաժողովը հակված է կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան
«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ
Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ
«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»
Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ
Դիտումների քանակը` 746