Ինչպիսի՞ քվոտա է  առաջարկվում  Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգով

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն իր հերթական նիստում հաստատեց Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը:  Հայեցակարգը հասանելի է հետևյալ հղումով։

 

Հայեցակարգի նախաբանում նշվում է , որ  այն  պատրաստվել է հրատապ ռեժիմով՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ առաջնահերթ խնդիրների լուծումներ մշակելու և ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար որոշակիորեն բարելավված իրավական հիմքեր ապահովելու նպատակով։

 

Նշվում է նաև, որ հայեցակարգում ներառված առաջարկությունների հիմքում ընկած են եղել ՀՀ կառավարության 2018 թ․ ծրագիրը, նախորդ մի քանի ընտրությունների առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի  («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի ) կողմից տրված կարծիքները, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից կազմված զեկույցները, դիտորդական կազմակերպությունների զեկույցները, խորհրդարանական խմբակցությունների կողմից քննարկված առաջարկությունները և սույն հայեցակարգի մշակման գործընթացում հանրային քննարկումների ու հանդիպումների ընթացքում (այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից) ներկայացված և գրավոր ստացված առաջարկությունները։

 

Ի՞նչ  էին առաջարկում  ՀԿ-ները

 

Հիշեցնենք, որ հայեցակարգի մշակման փուլում  ավելի  քան 40 հասարական կազմակերպություններ դիմել էին բաց նամակով՝   ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովին և ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբին: Նամակում,մասնավորապես,  առաջարկվում էր.

 

– ներառել ընտրական բարեփոխումների հայեցակարգում՝ ընտրովի մարմիններում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն երաշխավորող մեխանիզմների ապահովման հարցը,  այդ թվում  ՀՀ ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ կետերով` կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը սահմանող քվոտայի բարելավման  խնդիրը:

 

Նամակում նաև շեշտադրվում է  ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու անհրաժեշտության հարցը, քանի որ համամասնական ընտրությունների ընթացքում ցանկացած տիպի «բաց» ցուցակների կիրառումը լուրջ ու անհաղթահարելի խոչընդոտ են հանդիսանում  կին թեկնածուների համար:   

 

Բաց նամակին հաջորդած  հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոննիսյանի  և շահագրգիռ ՀԿ-ների  հանդիպմանը  առաջարկներն ավելի են հստակեցվել: Մասնավորապես, կանանց ՀԿ-ների կողմից  առաջարկվել էր.  

 

  • ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված 30/70 համամասնության փոխարեն ֆիքսել  40/60 կամ  50/50  համամասնությունը, ինչն ավելի համահունչ է  միջազգային փաստաթղթերով ամրագրված փաստաթղթերին: 
  • Երաշխավորել սահմանված  քվոտայի  իրագործումը դե-ֆակտո ընտրված  Ազգային ժողովի կազմում:

 

Ի՞նչ էին առաջարկում պատգամավորները

 

Ավելի ուշ,  ՀՀ Ազգային ժողովում  ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ՝ անդրադառնալով քվոտայի հարցին,  որոշել էր  առաջարկել  կառավարությանը, որ  առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար գործի 2021 թվականից ուժի մեջ մտնող Ընտրական օրենսգրքի դրույթը, ըստ որի կուսակցությունների ցուցակներում թեկնածուների սեռերի համամասնությունը 30/70 պետք է լինի:  Նշված դրույթն ապահովելու է, որ  քաղաքական ուժերի  համամասնական ցուցակներում յուրաքանչյուր  երրորդը կամ  33% -ը կին լինի: Առաջարկվում է նաև ամրագրել օրենսգրքում, որ  հաջորդ ընտրություններին, որոնք  նախատեսվում է անցկացնել 2024 թվականին, կին եւ տղամարդ թեկնածուների համամասնությունը  լինի 40/60 տոկոս կամ ցուցակներում  յուրաքանչյուր 5-ից երկուսը կլինեն կին:

 

Ի՞նչ է առաջարկում հրապարակված հայեցակարգը

 

Հրապարակված  հայեցակարգով առաջարկվում է  ամրագրել 30/70  համամասնությունը կուսակցությունների  ընտրական ցուցակներում , սակայն գործող օրենսգրքի համեմատ կարևոր հավելում է  արված, ըստ որի արդեն իսկ ընտրված խմբակցություններում յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը նույնպես պետք է առնվազն 30 տոկոս լինի: Եթե հաշվի առնենք, որ հայեցակարգով առաջարկվում է  հրաժարվել  «բաց»  ցուցակներից,  ապա կարելի է ակնկալել, որ նշված  դրույթով նորընտիր խորհրդարանում յուրաքանչյուր սեռի պատգամավորների  ոչ պակաս քան   30%-անոց ներկայությունն  ապահոված կլինի: 

 

Հայեցակարգով, մասնավորապես, առաջարկվում է.

 

-Էապես վերանայել ԸՕ նախատեսված արդյունքների ամփոփման կարգավորումները62՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ նախապես ֆիքսված (փակ) կուսակցական ցուցակների հիման վրա…

 

-Տարբեր սեռերի առավել հավասարակշռված ներկայացվածությունը խրախուսելու անհրաժեշտությունից ելնելով ԱԺ ընտրակարգով նախատեսել փոփոխություններ՝ սահմանելով, որ յուրաքանչյուր ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Նման կարգավորում նախատեսված էր նաև ընթացիկ ԸՕ-ով, որն ուժի մեջ պետք է մտներ 2022 թվականից հետո: Սեռերի համամասնության միջև եղած խզման պակասեցումը ոչ միայն Հայաստանի միջազգային արտավորությունների մաս է, բայց նաև խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև ձեռք բերված կոնսենսուսի արդյունք:

 

– Առանձին դրույթով պետք է նաև կարգավորվի խմբակցություններում ներկայացված յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների համամասնությունը՝ առնվազն 30 տոկոս:

 

Հիշեցնենք, որ գործող օրենսգրքով ամրագրված է   խմբակցություններում յուրաքանչյուր սեռի առնվազն  25%-անոց  ներկայությունը, և այս առումով  վերջին դրույթն, ըստ էության, մի փոքր առաջընթաց է, քանի որ երաշխավորում է, որ դե-ֆակտո ընտրված  Ազգային ժողովում  առնվազն  30% կին պատգամավոր կլինի: Ինչ վերաբերում է ավելիին, ապա դա արդեն  կուսակցությունների բարի կամքից է կախված լինելու… 

 

Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը  հրապարակվել է  ՀՀ Կառավարության  e-draft կայքում և բաց է առաջարկությունների համար մինչև հոկտեմբերի 20 -ը : 

 

WomenNet.am

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

«Հայեցակարգն երաշխավորում է  Ազգային ժողովում կանանց ներկայացվածության 30 տոկոսը»

  

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

 

Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

 

Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

 

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

 

 «Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

 

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

 

Դիտումների քանակը` 3629

Գլխավոր էջ