Հայաստանում փորձում են անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերություն
Հոկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է որպես տարեցների միջազգային օր: Հայաստանում 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ շուրջ 387 000 մարդ:
Միջազգային չափանիշներով երկիրը ծերացած է համարվում է, եթե 65 և ավելի տարիք ունեցող ազգաբնակրության թիվը հատում է 12 տոկոսը: Վերջին տարիներին Հայաստանում բնակչության ընդհանուր թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Եթե 90-ական թվականների համեմատ այդ թիվը կրկնապատկվել է , ապա 2024-ին , ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսնումներով , 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 2օ%-ը: Բնակչության շրջանում տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով, ինչը կապված է առողջապահության զարգացման հետ: Տարեցների թվի աճը նաև նշանակում է , որ բնակչության շրջանում աշխատող տարիքի մարդկանց թիվն է նվազում, ինչը լուրջ տնտեսական խնդիրներ է ստեղծում պետության համար:
Ահա այս ուղղությամբ լուծումներ գտնելու համար Կառավարությունը որոշել է փոխել տարեցների նկատմամբ իր քաղաքականությունը՝ այսուհետ չսահմանափակվելով նրանց նկատմամբ միայն սոցիալական պաշտպանությամբ ու խնամքով: Հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց քննարկել տարեցներին աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորությունը:
«1992թ-ից ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակել է որպես Տարեցների միջազգային օր, և այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև տարեցների նկատմամբ վարվող քաղաքականության մեջ սկզբունքորեն նոր մոտեցումներ որդեգրելու անհրաժեշտությունը, վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց` աշխատաշուկայում, ընդգրկվելու հնարավորության հարցերը։ Նա միաժամանակ նշեց, որ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ` Սոցիալական այլընտրանքային ծառայությունների (ինչպես օրինակ ցերեկային կենտրոններ և տնային խնամք) համակարգի ներդրման ուղղությամբ։
Նշենք, որ 2017 թվականի մայիսին ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրեց «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:
Մինչ օրս պետական քաղաքականության հիմնական շեշտը դրվում էր տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության վրա: Այսօր Հայաստանում գործում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում՝ 7 ոչ պետական:Բոլոր հաստատություններում միասին խնամվում է շուրջ 1380 մարդ, որոնցից 728-ը՝ կին: իսկ տնային պայմաններում սպասարկվում է ՝ շուրջ 4000 մարդ, սոցիալական հոգածության ցերեկային կոնտրոններ են հաճախում՝ 2030-ը:Հանրապետությունում առկա 4 սոցիալական տներում բնակվում և ծառայություններ է ստանում 60 տարեց անձ»,-սահմանափակեց բանախոսը:
Կենսաթոշակառուների թիվը մեր երկրում, ըստ վիճակագրության, 2016- ին տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 468 528 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 466 170: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 396.9 դրամ: համեմատության համար նշենք, որ 2015 թվականին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465 802 մարդ:
Տեղեկացնենք, որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ՝ 62 տարեկանում, տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում: Կենսաթոշակի իրավունք տվող տարիքը թե’ կանանց, և թե’ տղամարդկանց համար նույնն է:
Կյանքի միջին տեւողությունը Հայասատանում տղամարդկանց շրջանում կազմում է 72 տարեկան, իսկ կանանց ՝ 78 տարեկան: Ի դեպ, հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա:
Մ. Մարգարյան
Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի «Մեր տարեցները » շարքից
Դիտումների քանակը` 3950