Ի՞նչ պետք է անի պետությունը ընտանեկան բռնությունը կանխելու համար. Եվրոպական դատարանի գնահատականները

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում դարձյալ հանրային միջոցառումներ կանցկացվեն ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա շրջանակներում: Թեեւ Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահից հետո  հատկապես կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններն ու անհատները համախմբվեցին առավել արդյունավետ պայքարելու նպատակով, մինչ օրս ընտանեկան բռնության զոհերի թիվը հնարավոր չի եղել նվազեցնել:

 

Վերջին տարիների հայկական լրատվամիջոցներում առավել հաճախ են հանդիպում ընտանեկան բռնության ենթարկված անձանց մասին պատմությունները, որոնք հաճախ լրագրողների կողմից չեն էլ որակվում որպես ընտանեկան բռնություն, այլ ավելի շատ ծառայում են արյունոտ նկարագրությունների հաշվին ընթերցողների թիվ ավելացնելու միջոց: Լրատվամիջոցներից շատ քչերն են բարձրաձայնում խնդրի լուծման մեջ պետության ունեցած դերի եւ նշանակության մասին:

 

Իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի ապագան դեռեւս անհայտ է, թեեւ այն անցած տարվանից «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ուղարկել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին:

 

Հայաստանում առավել խնդրահարույց է ընտանեկան բռնության ենթարկվածների իրավական պաշտպանությունը քննչական մարմինների, դատախազության եւ դատարանների կողմից: Ընտանեկան բռնության փաստի առթիվ հարուցված փոքրաքանակ քրեական գործերի քննության արդյունքում հաճախ բռնարարները կրում են նվազագույն պատիժներ, ինչի արդյունքում բռնության ենթարկված կանայք հույսը կտրում են, թե պետությունը լիարժեք աջակցություն կցուցաբերի իրենց:

 

Հայաստանում ընտանեկան բռնության գործերից դեռ որեւէ մեկը չի քննվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից, սակայն այլ երկրներում բռնության ենթարկված կանայք դիմել են ՄԻԵԴ եւ փոխհատուցում են ստացել պետական բյուջեից: Ընտանեկան բռնության վերաբերյալ պետության դերակատարման մասին ՄԻԵԴ-ի դիրքորոշումը հայտնի է «Օփուզն ընդդեմ Թուրքիայի» գործով նախադեպային վճռից :

 

Դեպքը տեղի էր ունեցել 2002 թվականին հարեւան Թուրքիայում: Դատարան գանգատ ներկայացրած Օփուզի ամուսինը դաժան ծեծի էր ենթարկել նրան եւ սպանել նրա մորը: Նախքան սպանությունը Օփուզի ամուսինը տարիներ շարունակ բռնությունների էր ենթարկել թե իրեն, թե իր մորը, սպառնացել էր, թե կոչնչացնչի նրանց, փորձել էր մեքենայով վրաերթի ենթարկել, պատճառել էր բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

 

Բռնության ենթարկված կանայք մի քանի անգամ դիմել էին ոստիկանություն, սակայն բռնարարն ամեն անգամ նվազագույն պատիժների էր ենթարկվել՝ տուգանք կամ ընդամենը մի քանի շաբաթական կալանք: Ամեն անգամ ազատության մեջ հայտնվելով՝ բռնարար տղամարդը սպանության սպառնալիքով ստիպել էր կնոջը հետ վերցնել բողոքը եւ նրա նկատմամբ քրեական հետապնումները դադարեցվել են:

 

Օփուզն ու իր մայրը հետագայում տեղյակ էին պահել տարածքային դատախազությանը, որ իրենք ստիպված են եղել հետ վերցնել իրենց բողոքը սպառնալիքների արդյունքում եւ իշխանություններից պաշտպնություն են խնդրել: Օփուզը նաեւ դիմել էր դատարան՝ ամուսնալուծության նպատակով: Դատախազության եւ քննչական մարմինների ոչ պատշաճ արձագանքի արդյունքում բռնարարը շարունակել է ազատության մեջ գտնվել եւ ճնշել իր կնոջն ու նրա մորը:

 

Ի վերջո, բռնարար ամուսնուն ձերբակալել են միայն այն ժամանակ, երբ նա ի կատար է ածել իր սպառնալիքը՝ սպանել է իր զոքանչին: Եվրոպական դատարանի գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունները չեն կատարել իրենց` Եվրոպական կոնվենցիայով նախատեսված պարտականությունը, համաձայն որի պետությունը պատասխանատու է իր քաղաքացիների կյանքի եւ անվտանգության համար, պետությունը նաեւ պետք է պաշտպանի իր քաղաքացիների՝ խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը:

 

Դատարանին չի բավարարել իշխանությունների այն փաստարկը, թե քրեական հետապնդումները դադարեցվել են, քանի որ կինը հետ է վերցրել իր բողոքը: Ւստ օրենքի՝ բռնության դեպքերը կարող են քննվել միայն բողոքի առկայության դեպքում: Դատարանը կարծում է, որ դատախազությունը ուներ բավարար հիմքեր քննությունն առաջ տանելու համար նույնիսկ երբ կինը հետ էր վերցրել բողոքը՝ հանուն քաղաքացիների անվտանգության եւ հասարակական շահի:

 

Դատարանը վճռել է, որ թեեւ քաղաքացիները չեն խոշտանգվել եւ չեն սպանվել պետության ներկայացուցչի կողմից, սակայն պետությունը չի կատարել իր դրական պարտականությունը՝ նրանց պաշտպանելու ուղղությամբ, ուստի խախտվել են Կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածները (կյանքի իրավունք եւ խոշտանգումների արգելում):

 

Դատավճռի արդյունքում Թուրքիան պետական բյուջեից 36.500 եվրո էր վճարել ընտանեկան բռնության ենթարկված Օփուզին:

 

Նշենք, որ Հայաստանում բազմաթիվ են գործերը երբ բռնության ենթարկված կանայք հետ են վերցնում ոստիկանություն ներկայացրած իրենց բողոքը: Այս հիմքով բազմաթիվ քրեական գործեր են կարճվում, սակայն բռնությունը այդ ընտանիքներում կրում է շարունակական բնույթ:

 

Վերոնշյալ դատավճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդլայնել է պետության պատասխանատվությունը ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության շրջանակներում: Դատարանը պետություններին պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել տուժողի բողոքի բացակայության պայմաններում եւս՝ բռնության կրկնության կանխարգելման նպատակով:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան դեռեւս 2002 թվականին՝ դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ: Դա հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին գանգատ ներկայացնել ՄԻԵԴ, եթե քաղաքացիներն ունեն բավարար հիմքեր առ այն, որ պետությունը խախտել է Կոնվենցիայով սահմանված իրենց իրավունքները:

 

Արման Ղարիբյան

 

 

Դիտումների քանակը` 5960

Գլխավոր էջ