Ընտանեկան բռնություն. արտակարգ դրության պայմաններում սրացող խնդիրները նոր չեն
Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում կարանտինի պայմաններում աճել են: Քանի որ կենտրոնացված հաշվառման համակարգը, որը պետք է գործարկվեր տարվա սկզբից, դեռևս չի գործում , տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են հնչեցնում: Ընդհանուր առմամբ, ընտանեկան բռնության դեպքերի աճը տատանվում է 30-50%-ի սահմաններում, սակայն գրեթե բոլոր աղբյուրները պնդում են, որ այս պահին հասանելի վիճակագրությունը չի կարող արտացոլել իրական պատկերը, քանի որ բռնության ենթարկվող անձանց մեծ մասի տեղաշարժը սահմանափակված է և շատ դեպքերում նրանք պարզապես չեն կարող ահազանգել: Բացի այդ, փորձագետների գնահատմամբ, արտակարգ վիճակն ի հայտ բերեց Հայաստանում ընտանեկան բռնությունից տուժածների պաշտպանությանը միտված ուղղորդման մեխանիզմների բոլոր թերությունները:
Ինչու՞ կանայք չեն ցանկանում դիմել ոստիկանություն
Օրերս ընտանեկան բռնությանը նվիրված օնլայն քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր «Հոդված 3»-ի կողմից , ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն ասաց, որ մարտի 16-ից սկսած Ոստիկանությունն ունեցել է 180 ահազանգ, որոնք վերաբերվել են ընտանեկան բռնությանը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 170 է եղել: Նա նշեց, որ ընթացիկ 2020 թվականին միայն մի սպանության դեպք է եղել ընտանեկան բռնության արդյունքում:
«Օրական միջինը 4-6 ահազանգ ենք ստանում 1-02 հեռախոսահամարով կամ քաղաքացիներն անձամբ են գալիս ու տեղյակ պահում: Շատ են դեպքերը, երբ անձամբ ինձ են գրում Facebook սոցիալական ցանցի միջոցով, խորհրդատվություն ստանում: Այդպես, այս ընթացքում նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկվելու 26 դեպք է գրանցվել, անչափահասների նկատմամբ հոր կողմիղ բռնության 8 դեպք, մայրիկի կողմից՝ 3, 1 բռնության դեպք պապիկի կողմից, անչափահասի կողմից մոր ու տատիկի նկատմամբ բռնության 2 դեպք»,- թվարկեց Նելլի Դուրյանը՝ հավաստիացնելով, որ ոստիկանությունն աշխատում է 24-ժամյա ռեժիմով:
Միևնույն ժամանակ կառույցի ներկայացուցիչը նշեց, որ կանանց մի մասը չի ցանկանում դիմել ոստիկանությանը ու ցանկանում է օգտվել հասարակական կազմակերպությունների ծառայություններից: Ըստ այդմ, շեշտեց նա, ոստիկանությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել և համագործակցել ՀԿ-ների հետ. եթե, օրինակ, բռնության ենթարկված կինն ուզում է տեղափոխվել ՀԿ-ի ապաստարան, ապա իրենք պատրաստակամ են աջակցել բռնությունից տուժածին և տեղափոխել:
«Համակարգված աշխատանքն է, որ կարող է որոշակի արդյունքների բերել»
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մարտի 16-ից մինչև ապրիլի վերջ ընկած ժամանակահատվածում ստացել է ընտանեկան բռնության հետ կապված 23 ահազանգ, որից մեծամասնությունը վերաբերել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմանը, ընդ որում համակցված երեխաների նկատմամբ բռնության հետ: ՄԻՊ աշխատակազմի hետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանի ներկայացմամբ, եղել են դեպքեր , որ խորհրդատվություն տալուց հետո տուժողները չեն ցանկացել, որ ահազանգին ընթացք տրվի ոստիկանությունում: «Այս իմաստով կարևոր է հանրային ընկալումների փոփոխությունը, որովհետև ոստիկանություն դիմելը միշտ չէ, որ հանգեցնում է քրեական գործի հարուցմանը, ընտանեկան բռնությունների մասով ոստիկանությունն ունի հատուկ գործիքակազմ և վերջինիս գործողություններն ու որոշումները առաջնահերթ պաշտպանական բնույթի են: Սա նշում եմ, որովհետև այս օրերին ունեցել ենք դեպք, երբ ահազանգողը հատուկ խնդրել է, որ խնդրով զբաղվի ՄԻ պաշտպանի գրասենյակը, այլ ոչ թե ոստիկանությունը, այսինքն այստեղ պետական մարմինների դերերի ընկալման խնդիր կա»,- նշեց նա, ավելացնելով, որ ընտանեկան բռնությունից պաշտպանելու հարցում միայն մեկ պետական կառույց չէ, որ անելիք ունի, և համակարգված աշխատանքն է, որ կարող է որոշակի արդյունքների բերել:
«Անհնար է ամիսներով փակված լինել բռնությանը սովոր մարդու հետ մի տարածքում»
«Կանանց աջակցման կենտրոնի», ինչպես նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի » թեժ գծերով վերջին երկու ամսվա ընթացքում ընտանեկան բռնության մասին ահազանգերի առնվազն 30%-ի աճ է արձանագրվել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: WomenNet.am-ի հետ զրույցում «Կանանց աջակցման կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն Մարո Մաթոսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում է այդ աճը առկա, քանի որ անհնար է ամիսներով փակված լինել բռնությանը սովոր մարդու հետ մի տարածքում ու հույս ունենալ , թե այդ անձը բռնություն չի կիրառի: Հենց այդ պատճառով էլ «Կանանց աջակցման կենտրոն»-ում համոզված են, որ իրական վիճակը շատ ավելի վատ է, քան ահազանգերի թիվն է ցույց տալիս:
Մարո Մաթոսյանի խոսքով, ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում պետական համակարգն ընտանեկան բռնության արագ արձագանքնմանը դեռևս պատրաստ չէ: Օրինակ, մեզանում բռնության ենթարկվող կանանց մեծ մասը զրկված են հաղորդակցության միջոցներից կամ դրանք իրենց անունով չեն, և ահազանգ հնչեցնելու այլընտրանքային միջոցներ չունեն: Ասենք, նրանք չեն կարող մտնել դեղատուն և կոդավորված ահազանգ հնչեցնել, որը կհասկանա դեղատան աշխատակիցն ու ոստիկանություն կկանչի: դեպքեր կան, երբ փողոցում հերթապահ ոստիկանները անհաղորդ են մնացել բռնության ենթարկված կնոջ խնդրանքին՝ ուղեկցել նրան որևէ տեղ, որտեղ նրան օգնություն ցույց կտան:
«Եթե կանայք զրկված են հեռախոս ունենալուց կամ այն բռնարարի անունով է, ուրեմն նրանք չեն կարող կապի դուրս գալ, չեն կարող նաև ազատ մուտք գործել համացանց , իսկ արտակարգ դրության պայամաններում չկա տրանսպորտ, որ կարողանան գալ կենտրոն և այլն: Եվ ստացվում է այնպես, որ մեզանում կանայք ընտանեկան բռնության մասին հաճախ ահազանգում են միայն այն ժամանակ, երբ մահվան վտանգ են զգում: Շատ քիչ են այն կանայք, որ մշտապես կապ են պահում մեր կենտրոնի հետ»,- ասաց նա:
«Մեր սոցաշխատողները կիրառում են այնպիսի մարտավարություն, որը թույլ կտա բռնությունից տուժած կնոջը հեռանալ երեխաների հետ ապահով վայր, շատ անգամ մենք ենք տաքսիով մոտենում նրանց ետևից: Բայց այսօր անգամ տանից դուրս գալն է շատ դժվարացած: Խնդիրը նաև այն է, որ կանայք խուսափում են դիմել ոստիկանությանը և դա ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև աշխարհով մեկ: Մարդիկ զանգում են ոստիկանություն միայն այն ժամանակ, երբ կյանքին վտանգ է սպառնում, բայց մնացած բոլոր դեպքերում զանգահարում են ՀԿ-ներին, որովհետև ամեն դեպքում ամոթից ելնելով խուսափում են քրեական գործերից և այլ բյուրոկրատական քաշքշուկից: Մենք շատ ենք լսում նման բացատրություններ, թե՝ «ինչպե՞ս տղուս հոր վրա գործ տամ», «ամուսնուս մայրը լավն է, ինձ շատ է օգնում, ո՞նց գործ հարուցեմ» և այլն: Դրա համար կանայք գերադասում են դիմել ՀԿ-ներին, որոնք հենց այդ պահին օգնում են հասկանալ, թե նա ի՞նչ է ուզում, ինչի կարիք ունի, իսկ ոստիկանությունը, ցավոք, դեռ վստահության այդ պաշարը չունի»,- ընդգծեց Մարո Մաթոսյանը:
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ թե՛ ընտանեկան բռնության մասին օրենքը, թե՛ Քրեական օրենսգիրքը պետք է փոփոխությունների ենթարկվի և ավելի շատ շեշտադրվի բռնության կանխարգելումը ու զոհերի պաշտպանությունը: Ինչպես նաև պետք է համակարգը պատրաստ լինի նման ֆորս- մաժորային իրավիճակներին, երբ բռնության աճն անխուսափելի է դառնում:
«Օրենսդրական փոփոխությունները վաղուց էին հասունացել»
«Հոդված 3»-ի կողմից հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում սրացող շատ խնդիրներ նոր չեն, նրանք առկա էին մինչ այդ: Նրա դիտարկմամբ, արտակարգ դրության ավարտից հետո էլ ընտանեկան բռնության խնդիրը, ցավոք, շարունակելու է արդիական մնալ մեր հասարակությունում ու դա հիմք է հանդիսանում , որ մի շարք խնդիրներ օրենսդրական լուծումներ ստանան: Օրինակ, լուծումներից մեկը, որ տեսնում է Մարիա Կարապետյանն այն է, որ աջակցության կենտրոններ և ապաստարաններ լինեն առնվազն բոլոր մարզերում, որպեսզի մարդիկ, նույնիսկ եթե չեն կարող հեռավորություններ հատել, կարողանան օգտվել ծառայություններից: Այսօրվա դրությամբ, հիշեցրեց նա, Հայաստանում միայն երկու ապաստարան է գործում.
«Բացի այս, մենք Քրեական օրենսգրքում շատ բաներ փոխելու անհրաժեշտություն ունենք, նաև ընտանեկան բռնության մասին օրենքում կոնցեպտուալ և խորքային փոփոխություններ անելու: Կարծում եմ, մենք ավելի շատ պետք է շեշտադրենք ընտանեկան բռնությունից տուժածների պաշտպանության և ավելի քիչ շեշտադրում անենք հաշտեցման գործիքակազմի վրա՝ դա իմ դիրքորոշումն է: Կարծում եմ, որ երբ մարդիկ իրոք ցանկանում են միասին լինել և վերականգնել իրենց խաթարված հարաբերությունները, նրանք միջնորդի կարիք չունեն, իսկ պետության միջամտությունն ու օգնությունն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ անհաղթահարելի խնդիրներ են ծագում և անհրաժեշտ է պաշտպանել մարդկանց բռնությունից»,- կարծիք հայտնեց Կարապետյանը։
Վերադառնալով Քրեական օրենսգրքին, որտեղ ևս փոփոխություններ պետք է արվեն, պատգամավորը մատնացույց նշեց, որ պետությունը պետք է դիտարկի քրեական պատիժ սահմանելու հնարավորությունը, եթե անձը հարկադրում է հղիության ընդհատում, սեռական հետապնդում է իրականացնում, նաև ծեծի հանցակազմը պետք է վերանայվի.
«Մի խոսքով, փոփոխությունների մի լայն սպեկտր կա, որ պետք է իրականացվի: Սա նաև վերաբերում է ոչ միայն պատժիչ, այլև մեղմացուցիչ հանգամանքներին, որոնք շտկումների կարիք ունեն: Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը մշակման փուլում է գտնվում և շուտով շրջանառության մեջ է դրվելու, և հույսով եմ, որ մեր ակնկալած փոփոխություններն տեղ կգտնեն այդ նախագծի մեջ»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ բռնությունից զերծ հանրություն ունենալու առումով մենք այս պահին շատ գործ ունենք անելու:
Նշենք, որ ՀՀ Ոստիկանության մարտի սկզբի տվյալներով՝ 2010 թվականից ՀՀ-ում հաշվառվել է 1789 բռնարար, նախազգուշացում է կիրառվել 1364-ի նկատմամբ: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս կփոխվի այս վիճակագրությունը կարանտինի ավարտից հետո, երբ տուժած քաղաքացիները ահազանգելու և իրենց խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն կստանան:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 1319