Ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը / տեսագրություն
Երեք տարի առաջ ամուսնու կողմից սպանված 35-ամյա Դիաննա Նահապետյանի հարազատները դեռևս չեն կարողանում հասնել արդարության, որպեսզի սպանություն կատարած Վոլոդյա Մուրադյանը կրի իր պատիժը: 2012-ի դեկտեմբերի 4-ին ընտանեկան վեճից հետո ամուսինը ծեծի է ենթարկել Դիաննա Նահապետյանին, այնուհետև երկու անչափահաս երեխաների ներկայությամբ դանակի 21 հարվածով զրկել նրան կյանիքց: Նույն թվականին հարուցվել է քրեական գործ:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին Դիաննա Նահապետյանի սպանության քրեական գործի ընթացքին անդրադարձան «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրի համակարգող Սոնա Հովակիմյանը, տուժողի՝ Դիաննայի մայրՎալյա Նահապետյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:
Նարինե Մկրտչյանը ասում է, որ սկզբում քրեական գործը հարուցվել է՝ որպես սովորական սպանություն, այնուհետև փաստաբանի միջնորդությամբ հարուցվել է որպես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն, քանի որ այն տեղի է ունեցել անչափաաս երեխաների ներկայությամբ:
«Կատարվել է դատահոգեբանական և դատաբժշկական փորձանքնություն պարզելու համար Վոլոդյա Մուրադյանի հոգեկան և առողջական վիճակը: Փորձագետների եզրակացության համաձայն, Վոլոդյա Մուրադյանի մոտ հոգեկան խիստ հուզմունքի վիճակ չի եղել: Հետագայում կրկնակի փորձաքննություն է նշանակվել հոգեբան էլդա Գրինի մասնակցությամբ և տրվել եզրակացություն որ Վոլոդյան առողջ է, հոգեկան որևէ հիվանդությամբ չի տառապում, բայց նշվել է, որ նա սպանությունը կատարելիս գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ աֆեկտի վիճակում, ինչը ըստ էության վերջինիս պատիժը և պատասխանատվությունը նվազեցնում է»,-ասում է Մկրտչյանը:
Այժմ այդ երկու փորձաքննությունների միջև հակասությունը պարզելու համար մեղադրողի կողմից միջնորդություն է ներկայացվել նշանակելու նաև երրորդ փորձաքննությունը:
«Երեք տարի առաջ 35 տարեկան կնոջը կյանքից դաժանորեն զրկած մարդը փորձեր է անում հնարավորինս մեղմ պատիժ ստանալ, այս ամենի նպատակը դա է: Այժմ նշանակվել է երրորդ փորձաքննություն, և մենք հույս ունենք, որ այս դեպքում արդարությունը կվերականգնվի»,-հավելում է Մկրտչյանը:
Քննարկման մասնակից Վալյա Նահապետյանը ասում է, որ իր միակ ցանկությունը արդար դատավճռի հասնելն է: «Նա պետք է խստագույնս պատժվի իր կատարած հանցանքի համար և ոչ թե խուսափի: Իմ աչքի առջև երկու որբացած երեխաներ են, որոնք մինչև հիմա էլ չեն կարողանում հանգիստ վերհիշել այն ամենը, ինչ իրենց աչքի առջև է կատարվել, թե ոնց են իրենց մորը դաժանաբար սպանել»,-նշեց տուժողի մայրը:
Սոնա Հովակիմյանն էլ ասաց, որ վերջին տարիներին մահվան ելքով ընտանեկան բռնությունների թվի աճ է նկատվում: Ըստ հասարակական կազմակերպությունների արձանագրած տվյալների՝ 2012-եղել է 5 մահվան ելքով ընտանեկան բռնության դեպք, 2013-ին՝ 7, իսկ 2014-ին արդեն 11 մահվան դեպք:
«Չկան համապատասխան մեխանզիմներ ընտանեկան բռնության կանխարգելման համար, կա անպատժելիության զգացում հասարակության անդամների և բռնանարարների մոտ: Միայն այն, որ մենք չունենք ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, դա նշանակում է, որ չկան համապատասխան մեխանիզմներ, որով համակարգը կարող է նախօրոք կանխարգելել նման դեպքերը: Բազմիցս Դիաննան դիմել է Ոստիկանություն, որ նման վեճեր կան իրենց ընտանիքում, սակայն Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել դա կանխելու համար, քանի որ նրանք էլ չունեն մեխանիզմներ միջամտելու և կանխարգելելու համար»,-ասում է Հովակիմյանը:
Նա ընդգծում է, որ ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության աշխատակիցներն ու դատավորները հաճախ ունենում են կարծրատիպային և կանխակալ մոտեցում, ու մտածում, որ տուժողն է դրդել, եթե կա բռնություն: «Եթե մենք ունենայինք ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, ապա մահվան դեպքերն այդքան շատ չէին լինի, հնարավոր կլիներ կանխարգելել»,-հավելեց Հովակիմյանը:
Փաստաբանը նշում է, որ Հայաստանի օրենսդրությունում ընտանեկան բռնությունը որևէ ձևով սահմանված և առանձնացված չէ, ուստի նման սպանությունները դիտարկվոմ են սովորական ծեծ, սպանություն կամ բռնություն: «Ամեն դեպքում մենք պայքարելու ենք բոլոր օրինական, իրավական ճանապարհներով մինչև վերջ, որպեսզի Դիաննա Նահապետյանին դաժանաբար սպանած ամուսինը պատժվի օրենքի ողջ խստությամբ»,-նշում էՄկրտչյանը:
Ըստ «Մեդիա կենտրոն»-ի հաղորդագրության
Դիտեք նաեւ ասուլիսի ամբողջական տեսագրությունը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Սպանության ականատես եղած աղջիկներին պետք չէ կրկին սթրեսի ենթարկել»
Կնոջը 21 հարվածով սպանած ամուսինը աֆեկտի տակ չի եղել (տեսանյութ)
Դիտումների քանակը` 3369