«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

 

WomenNet.am-ը շարունակում է ներկայացնել ընտանեկան բռնության խնդրով զբաղվող ՀԿ-ների ու մասնագետների  դիրքորոշումները՝ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից  մշակված և վերջերս հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ: Այս անգամ նախագծով առաջարկվող դրույթներին գնահատական է տալիս  փաստաբան, Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Փիլիպոսյանը:

 

Փաստաբանը նախ ողջունում է ՀՀ արդարադատության նախաձեռնությունը՝ նշելով, որ օրենքի նախագիծը շատ երկար սպասված էր հատկապես խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար: «Մենք այսքան տարի խոսում ենք դրա անհրաժեշտության մասին և այժմ գործուն քայլեր ենք տեսնում այդ ուղղությամբ: Օրենքի մշակման փուլում մեր առաջարկների մի մասը հաշվի են առնվել, օրինակ, սկզբունքների մեջ ներառվել է զոհակենտրոնությունը, խտրականության բացարձակ սկզբունքը, ինչը ես դրական եմ գնահատում»:

 

Նվարդ Փիլիպոսյանը ողջունում է նաև անհետաձգելի միջամտության մասին որոշման ընդունման կարգի պարզեցումը: «Նախկին նախագծում նշվում է, որ ոստիկանը անհետաձգելի միջամտության մասին որոշում կայացնելիս պետք է դիմեր դատարան, սա անհարկի ժամանակի կորուստ կլիներ, մանավանդ, որ անհետաձգելի միջամտության որոշումը հրատապության խնդիր ունի: Այս նոր նախագծով ոստիկանն ինքը կարող է տեղում նման որոշում կայացնել՝ առանց դատարանի որոշման»,- ընդգծում է փաստաբանը: Նվարդ Փիլիպոսյանը նաև դրական է գնահատում, որ ներկայացված նախագծերով ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն է առաջարկվում, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում պաշտպանական որոշումը չկատարելու համար: Հիշեցնենք, որ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման նպատակը ընտանեկան բռնության ենթարկված անձին բռնարարից պաշտպանելն ու հետագա բռնությունները կանխելն է:

 

Հաշտարարության ինստիտուտ ներդնելը ռիսկեր է պարունակում կանանց համար

 

Նախագծում հաշտարարության ինստիտուտի ներառումը Նվարդ Փիլիպոսյանը խնդրահարույց է համար: «Առհասարակ, ես շատ դրական եմ վերաբերվում հաշտարարության ինստիտուտին, բայց այն կիրառելի է այն դեպքում, երբ կողմերը հավասար դիրքերում են գտնվում, կարող են նստել սեղանի շուրջ և երրորդ անաչառ անձի օգնությամբ գտնել իրենց համար լավագույն լուծումը: Սակայն այս նախագծով առաջարկվում է հաշտարարության ինստիտուտը կիրառել պաշտպանական որոշման կամ անհետաձգելի միջամտության մասին որոշման փուլում, երբ արդեն իսկ բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը ռեալ վտանգ է սպառնացել: Իսկ հաշտարարությունը ենթադրում է կողմերի միջև հանդիպում: Սա հնարավորություն է տալիս բռնարարին ոչ միայն տեղում ճնշում գործադրել զոհի հանդեպ, այլև օրինակ տվյալ տարածքից դուրս գալուց հետո հետևել նրան»:

Փաստաբանը կարծում է, որ հաշտարարի ինստիտուտի առկայությունն ավելորդ ճնշում է լինելու կնոջ նկատմամբ՝ հաշվի առնելով ազգային մենթալիտետը, քանի որ երբ կնոջն ասեն, որ կա նման հնարավորություն, նա ինչ-որ առումով իրեն պարտավորված կզգա փորձելու այդ տարբերակը: «CEDAW-ի կոմիտեն ևս իր 33-րդ ընդհանուր հանձնարարականում անդրադառնում է այս խնդրին՝ նշելով, որ եթե կա ընտանեկան բռնության կոմպոնենտ, ապա պետությունը պետք է բացառի ուղղորդումը դեպի հաշտարարության կամ վեճերի լուծման այլընտրանքային տարբերակներ»,- շեշտում է Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչը:

 

Նվարդ Փիլիպոսյանը հիշեցնում է, որ պաշտպանական որոշման ժամկետը սպառելուց հետո ոչ ոք չի կարող խանգարել, որպեսզի ամուսինները կամ զույգերը հաշտվեն: «Սակայն պետք չէ նման ռիսկի գնալ և նման ինստիտուտ ներդնել պաշտպանական որոշման ընթացքում , մանավանդ, որ ընդամենը երկու տարի է, ինչ հաշտարարության ինստիտուտն ընդունվել է օրենքով, այն շատ քիչ է կիրառվել, և մենք քիչ ունենք լիցենզավորված հաշտարարներ: Որքանո՞վ նրանք կկարողանանք ընտանեկան բռնության բոլոր նրբությունները հաշվի առնել և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ճնշող չեն լինի կնոջ համար»:

 

Զուգընկերների միջև բռնությունը դուրս կմնա օրենքի կարգավորման դաշտից

 

Փաստաբանը կարծում է, որ օրենքի նախագծում պետք է լինի «զուգընկեր» հասկացությունը և զուգընկերների միջև տեղի ունեցող բռնությունը ևս պետք է դիտարկել որպես ընտանեկան բռնություն: «Եթե չներառվի զուգընկերների միջև բռնությունը, ապա մի խումբ անձանց պաշտպանության հարցը պարզապես դուրս է մնում օրենքի կարգավորման դաշտից: Օրինակ, նշանված անձանց միջև է լինում բռնություն, զույգերի միջև է լինում դեռևս ընկերության փուլում: Մեզ հաճախ են դիմում այս դեպքերում»:  

 

Ո՞ր կազմակերպություններն են լինելու Խորհրդի կազմում

 

Նախագծով առաջարկվող վարչապետին կից Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը փաստաբանի մոտ հարցեր է առաջացնում: «Մենք առաջարկում էինք, որ հասարակական կազմակերպություններն իրենք առաջադրեն ՀԿ ոլորտից խորհրդի անդամների, սակայն այդ առաջարկը չի ընդունվել, ըստ նախագծի՝ վարչապետը պետք է ընտրի այն կազմակերպությունների միջից, որոնք փորձ ունեն ընտանեկան բռնության ոլորտում: Սակայն ընտանեկան բռնության ոլորտում գործունեություն ծավալելը շատ լայն հասկացություն է: Օրինակ, կարող են լինել կազմակերպություններ, որոնք ևս զբաղվում են ընտանեկան բռնությամբ, սակայն այլ դիտանկյունից, ասենք պրոպագանդում են, որ այս խնդիրը չպետք է իրավական կարգավորում ունենա»,- նշում է Նվարդ Փիլիպոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է նախագծում հստակություն մտցվի, որպեսզի հետագայում նման կազմակերպություններն անակնկալ կերպով չհայտնվեն այդ խորհրդի կազմում: 

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

Դիտումների քանակը` 2781

Գլխավոր էջ