«Տունը նստած գումարն ինչի՞դ ա պետք». տնտեսական բռնությունն ինչպես որ կա
Յուրաքանչյուր հինգերորդ հարցված կին (21.3%) տնտեսական բռնության է ենթարկվել, այսինքն նրան արգելել են աշխատանք ունենալ , աշխատանքի գնալ, առևտուր անել կամ փող վաստակել, կամ էլ աշխատելու դեպքում զրկել իր վաստակած գումարը տնօրինելու իրավունքից, փաստում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2016 թվականին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտության տվյալները: Հարցմանը մասնակցել էր 1600 ՀՀ քաղաքացի՝ Երևանում և մարզերում:
-Ես չեմ ուզում անընդհատ բողոքող մարդու տպավորություն թողնեմ, բայց երբ հիշում եմ անցած- գնացածը, հասկանում եմ, որ ամբողջ կյանքս անցել է մի տեսակ չգիտակցված, վախ ասեմ, սթրես, անհանգստություն, թե ինչպես այդ երեևույթը անվանեմ չգիտեմ, մի տեսակ անառողջ մթնոլորտում,- պատմում է Լաուրան, միևնույն ժամանակ խնդրում է անունը փոխել,- նման պատմություններ շատ կլինեն Հայաստանում, չեմ ուզում ծանոթները ինձ ճանաչեն: Մարդկանց միշտ ներկայացել ենք սիրով, համերաշխ, մի տեսակ երջանիկ ընտանիքի մոդել էինք ուրիշների համար,-քմծիծաղ է տալիս նա:
Ավարտել եմ Երևանի պետական բժշկական ուսումներանը, մինչև ամուսնանալս հասցրել էի 2 տարի աշխատել, հենց հիվանդանոցում էլ ծանոթացել եմ ամուսնուս հետ, նրա հայրը մեր հիվանդն էր, իսկ ես նրա բուժքույրն էի: Երբ նշանվեցինք, ամուսինս ինձ միանգամից արգելեց աշխատել հիվանդանոցում, ինչպես ինքն էր փորձում բացատրել, իր կինը չի կարող ամենատարբեր տղամարդկանց ներարկել, գնալ որպիսությունը հարցներ, հետները զրույցի բռնվեր և վերջապես ինչ-որ մի բժշկի բուժքույր լինեն, ինչպես ինքն էր ասում, բժշկական միջավայրում աշխատող աղջիկների մասին միշտ խոսում են, որպես ազատ վարք ունեցող կանանց մասին… Ես իհարկե համաձայն չէի այդ որակումների հետ, բայց չէի հակաճառում, աշխատանքից դուրս գալու դիմաց ինքն ինձ խոստանում էր պահել ամեն ինչով, կատարել իմ ցանկացած քմահաճույքը…
Երբ արդեն ամուսնացել էինք, ամուսնուս խնդրեցի ինձ մոտ միշտ գումար թողնել իմ անձնական ծախսերի համար, բայց նրա պատասխանը ինձ զարմացրեց. «Ինչ-որ քեզ պետք ա կգնանք կառնեմ, թե չե տունը նստած փողն ինչ էս անում»: Փորձեցի ամուսնուս բացատրել, որ ես սովոր եմ ձեռքիս գումար ունենալ իմ սեփական ծախսերի համար, ամեն մանրուքի համար իրենից հո գումար չեմ խնդրելու. մեծ կռիվ ստացվեց: Ու ամուսինս ինձ իր ձևով «պատժեց»: Դրանից հետո ինձ պետք եղած ամեն ինչի համար սկեսուրիցս պետք է փող խնդրեի, ընդ որում պիտի ասեի՝ ինչ, ինչքան և դա ինչ արժի, դա շատ վիրավորական էր ինձ համար և շատ ստորացուցիչ էր: Շատ նյարդայնանում էի, զայրանում էի, քաշվում էի իմ սենյակը լաց էի լինում: Ես դեռ չէի հասկանում, որ դա բռնություն էր… Ու եթե ամուսնուս դեպքում արդարացում էի գտնում, որ դե հիմա տղամարդ է, ուզում է իր տղամարդկությունը ցույց տալ, կողի է ընկել, ապա մոր դեպքում ոչ մի արդարացում չէի տեսնում, միթե՞ նա չի հասկանում, որ ինձ անձնական հիգիենայի համար, ամեն տեսակ մանր բաների հմար գումար է պետք, ինչու՞ է ուզում, որ ես այդքան ցածրանամ, որ իրենից գնամ փող խնդրեմ…
Բայց դե ես նրանցից փող չխնդրեցի, մայրիկիս էի խնդրում, որ բերեր ինչ ինձ հարկավոր էր, սակայն մի անգամ ամուսինս իր ծնողների ներկայությամբ ասաց, ինչ ա մամադ քեզ համար «տրուսիկ ու մայկայից» բացի ուրիշ բան չի կարու՞մ առնի: Դու առնեիր, թող մամաս չբերեր, պատասխանեցի ամուսնուս: Շատ մեծ վեճ եղավ, իբրև թե ես իրենց խայտառակ եմ անում, մտածված իրենցից բողոքում եմ, մորս ցույց տալիս, որ իրենք ինձ լավ չեն պահում, որ ես անդաստիարակ եմ և որ այս ամենի մեջ մայրս է մեղավոր:
Նման կարգի խոսակցությունները, իմ հետևից սկեսուրիս փնթփնթալը գրեթե ամենօրյա երևույթ էր: Իսկ ես հարս էի, միշտ պետք է լռեի և ներսից «ինձ ուտեի», սա էր իմ առաքելությունը: Հակառակ դեպքում անմիջապես բողոքում էին մորս, թե ես լեզվանի եմ, անհնազանդ և այլն, և այլն: Մի տեսակ սովորել էի նման կերպով ապրելու, իսկ շրջապատում բոլորը միշտ մեր մասին խոսելիս ասում էին հյուրասեր, համերաշխ ավանդական հայկական ընտանիք է: Ամուսնուս ընկերներից մի քանիսի կանայք քանի անգամ են մի տեսակ նախանձով ասել, որ ես երջանիկ կին եմ, ամուսինս աշխատում բերում է, ես էլ լեն ու բոլ ապրում եմ, դարդ ու ցավ չունեմ: Հետաքրքիր հակադրություն էր ստացվում, իրենք իմ բարեկեցիկ կյանքին էին նախանձում, ես էլ իրենց ազատությոնն էի նախանձում: Երազում էի, որ մի օր գա, ես էլ նրանց պես կկարողանամ ցուցադրել տան սպասքը և գլուխ գովել, թե ես եմ գնել այս սերվիզը կամ տան այս կամ այն ապրանքը, բայց դուրս մի տեսակ չի գալիս, երևի վերադարցնեմ խանութին, կամ փոխեմ մեկ այլ ապրանքով…
Ես միշտ մտածում էի, որ այս իրավիճակը սկեսուրս է ստեղծում, իր իշխանությունն է ուզում ցույց տալ, սակայն նրա մահից հետո ամեն ինչ մնաց նույնը, և նույւնիսկ ավելի վատացավ: Ամուսինս ինձ գումար չէր տալիս, իսկ եթե տար էլ հաշվետվություն էր պահանջում, ինչքան եմ ծախսել, ինչին ինչքան գումար եմ վճարել, հաճախ կասկածում էր, որ ես մտածված ապրանքների գինը իրեն ավելի թանկ եմ ասում, գումարը գողանում, մորս եմ տալիս: Ամենաշատը զայրացնում էր այն, որ անգամ 10-20 դրամի համար էլ կարող էր ժամերով խոսել, թե տնտեսել չգիտեմ, անշնորք տանտիրուհի եմ, ուրիշների կանանց նման չեմ կարողանում ասենք մի կիլոգրամ մսից հինգ ճաշատեսակ պատրաստել: Կշտամբում էր, ասում էր, աշխատե՞լ ես, որ գումարի արժեքը իմանաս, միայն ձրիակերի պես ուտել, հագնվել, ման գալ ու մեծ մեծ խոսել գիտես, որ ամեն ինչ վերևից է ընկնում, ամեն ինչ պատրաստի է, դրա համար էլ ոչինչ չես կարողանում գնահատել, պետք է ուրիշների նման կիսասոված ապրեիր, մի կտոր հաց ուտելու համար մի ամիս պիտի չարքաշ աշխատեիր, որ իմանայիր…
Ես այս ամենից շատ էի վիրավորվում, որովհետև այդ ամենը ճիշտ չէր, մշտական նյարդային լարված վիճակում էի, անընդհատ վախենում էի հանկարծ մի բան այն չանեմ նորից չսխալվեմ: Ամեն անգամ, երբ անհրաժեշտ էր լինում որևէ բան գնել խանութից, տասն անգամ հաշվում էի, ինչքան մանր պիտի տան, ինչքան ծախսեմ, որ չգա զայրանա, մի տեսակ վախ ունեի: Ամուսինս հաճախ էր ասում, որ ես այնքան դմբո եմ, որ չեմ հասկանում, միշտ ինձ խաբում են, մանրն են քիչ տալիս, թերակշռում են: Մթերքները գնում էի Ճիշտ այնքան որքան կոնկրետ ճաշը պատրաստելու համար էր անհրաժեշտ: Երբեք չէի գնում այն, ինչ ես էի սիրում, դա էլ խոսակցության մի առանձին թեմա էր, իմ սիրելի ուտելիքները միշտ անհամ բաներ էին, դրանք ուտել չարժեր, ու ես իմ բերանի համը չգիտեի: Մի խոսքով, ինչ էլ անեի միշտ ես էի սխալը:
Երկու տարի առաջ ամուսինս կաթված ստացավ, կաթվածահար էր եղել ամբողջ աջ կողմը, հիմա նա ոտքը քարշ տալով, կաղալով մի քիչ կարողանում է քայլել, ձեռքը մեծ դժվարությամբ է կարողանում շարժել, խոսքը գրեթե վերականգնվել է: Հիմա ամբողջ տան հոգսն իմ ուսերին է, ես եմ աշխատում: Մեր շենքի մոտ երկու խանութներում հավաքարար եմ, հաճախ, ովքեր որ ինձ ճանաչում են կանչում են իրենց տները մաքրելու, երբեմն էլ գումարով ներարկումներ եմ անում:
Հիմա արդեն ամոթ չի, որ ես աշխատեմ, ուրիշի տղամարդկանց ներարկեմ: Սակայն մինչև հիմա էլ, երբ տուն եմ մտնում, անպայման ամուսինս հարցնում է ինչքան գումար եմ աշխատել, ինչքան եմ ծախսել, ինչքանը տուն բերեցի և պահանջում է իրեն գումար տամ, չէ՞ որ ինքը տղամարդ է ,ամոթ է, որ իր գրպանում գումար չլինի: Միշտ ուզում եմ ասել, տունը նստած գումարն ինչիդ ա պետք, քեզ ինչ պետք ա, ես կառնեմ կբերեմ, կամ էլ իր նման վարվեմ, չէ որ հիմա էլ ինքն է իմ ձեռքին նայում: Մտածում եմ, բայց գումարը տալիս եմ, լավ եմ վերաբերվում, դեղերը ժամանակին եմ տալիս, հարգում եմ, խնամում: Ի վերջո իմ երեխաների հայրն է, 28 տարվա իմ կյանքի ուղեկիցը, լավ թե վատ, կյանք ենք ապրել միասին…
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 1659