«Օրենքն ինձ փրկեց…»

Ընտանեկան բռնության դեմ օրենքը Հայաստանն ընդունել է 2017 թվականին և շատերն են հիշում, որ մինչ ընդունումն այն թեժ քննարկումների միջով էր անցել:  Օրենքի դեմ լուրջ  հակազդեցություն էր ձևավորվել, ընդդիմախոսները համարում էին , որ նման օրենք Հայաստանում պետք չէ,  որ այն վտանգ է ներկայացնում հայ ավանդական ընտանիքի համար… Երկար վիճում էին թե ինչ են հասկանում հայ ավանդական ընտանիք ասելով, և արդյոք բռնության հանդուրժումն ավանդական  ընտանիքի բնութագրիչներիցն է … Մինչդեռ  հետազոտությունները փաստում էին , որ հայ հասարակությունը հակված է արդարացնել բռնությունն ընտանիքում,  բավական է միայն նշել , որ հարցվածների 35,7%-ը համաձայնվել  էին «Կինը պետք է հանդուրժի բռնությունը հանուն ընտանիքի պահպանման» պնդմանը, իսկ  27,7% -ը համարել,  որ «Կինը ծեծի է արժանի որոշ դեպքերում »… («Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտություն , ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ,  2016 թ. ): Օրենքի կողմնակիցները պնդում էին, որ եթե այն կարող է գեթ մեկ կնոջ կյանք փրկել, ուրեմն այդ օրենքն անհրաժեշտ է…  Ինչևիցե, օրենքն ի վերջո ընդունվեց, իսկ կոմպրոմիսն արտահայտվեց նրա անվանման մեջ ՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք…  Մեր պատմությունը մի կնոջ մասին է, ում օրենքն  իրապես օգնեց  ազատվել երկար տարիների մղձավանջից…

 

… Քչերը կարող են պատկերացնել, որ առաջին հայացքից անգամ ամենահամարձակ, ակտիվ, աշխույժ երևացող կանայք իրենց տան պատերից ներս դժոխքով են անցնում: Մարիամը այդ կանանցից է. իր գործի գիտակ, ով լավ կարիերա ունի ու սիրված է աշխատանքայի կոլեկտիվի և  ընկերների կողմից, ուրախ ու գեղեցիկ կին: Սակայն, ասում է նա, ընտանեկան բռնությունն այդպիսի բան է՝ ստորացուցիչ, նվաստացնող, այնքան ճնշող, որ գերադասում ես լռել, որ չիմանան դու այդքան թույլ ես, ու ամենագլխավորը՝ մտածում ես կփոխվի, բա երեխաները ու ամեն ինչ ավելի է խորանում:  12 տարի տևած այդ «կյանքի» ընթացքում բոլոր փուլերն անցել է՝  ինքնասպանության փորձեր, պատշգամբից կախվելու պլաններ, անքուն գիշերներ: Հիմա, այդ մղձավանջից գրեթե կյանքի գնով դուրս պրծած խիզախ կինն ասում է՝ բռնարարի տեղը բանտում է.

 

«Մեր երկրում ապրող հարյուրավոր բռնարարներից մեկն իմ կյանքից խլեց 12 տարի: Ամուսնության առաջին օրերին ինձ ներկայացրեցին  իրենց «ադաթով ընտանիքի» կանոնները՝ աշխատավարձդ տալիս ես սկեսրոջը, նա է տնօրինում ընտանեկան բյուջեն, տնից դուրս գալու պլանների մասին տեղեկացնում ես առնվազն մեկ օր առաջ, որովհետև դա պետք է քննարկվի «ընտանեկան ժողովում», մոր տուն գնալու մասին առաջիկա ամիսներին մոռանում ես, հետո, եթե քեզ խելոք պահեցիր՝ կտեսնենք, ամեն բանի թույլտվություն ստանալու համար պետք է ճիշտ մոտեցում ունենաս: Ասենք՝ չես կարող ասել «ես ուզում եմ վաղը գնամ քրոջս տուն», պիտի ասես՝ «թույլ կտա՞ս գնամ քրոջս տուն», ինքն էլ կասի՝ ժամը քանիսին ես գնում, քանիսին ես հետ գալիս, եթե իհարկե, թույլ տա, ամեն ինչ հարցնում ես «եռաստիճան համակարգով», սկզբում՝ամուսնուն, հետո՝ երկրորդ դասի խորհրդականին՝ սկեսուրիդ, հետո գալիս է վերին ատյանը՝ սկեսրայրը: Սկեսրոջդ ներկայությամբ ամեն բառդ ասելուց առաջ հազար չափում, նոր կտրում ես»,- վերհիշում է նա:

 

Ու այդպես էլ ապրում էր՝ հրապարակված կանոնները, թեև խորթ էին ու անհեթեթ, բայց փորձում էր չխախտել: Տարիներ շարունակ  աշխատավարձը, ինչպես և ասվել էր, դնում էր սեղանին, իսկ  աշխատանքի գնալու փողը թաքուն վերցնում ծնողներից: Բայց իրավիճակը շարունակում էր խորանալ,  օր օրի նոր պահանջներ էին ավելանում.

 

«Սկեսուրս ուզում էր, որ իր ոտքերն էպիլատորով մաքրեմ, առավոտյան ժամը 6-ին արթնանամ ու հում կարտոֆիլի, կաղամբի ու գազարի հյութ իր համար քամեմ, որ հանկարծ քաղցկեղ չունենա, կանխարգելեմ իր հնարավոր հիվանդությունները: Ստիպում էին աշխատանքից դուրս գամ, մի արհեստ սովորեմ՝ և սա այն դեպքում,  որ եթե ես աշխատանքից դուրս գայի, ապա չէինք գոյատևի: Թեև ստիպեցին, որ մատնահարդարման կուրսերի գնամ՝ մղձավանջ էր»:  

 

Երեխայի ծնվելուց հետո իրավիճակը դեպի լավը չի փոխվել, այլ հակառակը՝ Մարիամը լրիվ կտրվում է արտաքին աշխարհից:  Առաջին անգամ փախուստի փորձ արել է, երբ երեխան 6 ամսական էր, սակայն մայրը, լինելով ավանդապաշտ ընտանիքից, համոզել է, որ վերադառնա՝ «աղջիկ ջան, հետդարձի ճանապարհ չկա, գնա ամուսնուդ տուն»: Հիմնական հակափաստարկը, որ ծնողները բերում էին այն է, թե ամուսինը «խմող չէ, թմրամոլ չէ, բոլորի ընտանիքներում էլ մի խնդիր կա»: Հետո սկեսուր-սկեսրայր-ամուսին պատվիրակությունն է ժամանում ու համոզում, թե հասկացել են իրենց սխալը, հիմա այլ կերպ կլինի, ազատ կլինի: Որոշակի բաներ փոխվել են՝ Մարիամը հետ է գրավել իր ազատ շարժվելու, ազատ ուտելու, ազատ երեխային սիրելու, ազատ հյուրեր կանչելու ու հյուր գնալու իրավունքները: Անգամ գրավել է սեփական երեխային լողացնելու իրավունքը՝ մինչ այդ իրեն թույլատրվում էր միայն լողանալու ջուրը սարքել: Բայց այդ ազատությունն էլ նոր խնդիրներ է ծնել.

 

«Քարեդարյան սկզբունքներին փաստարկով պատասխանելու իմ փորձերը սկսեց հանգեցնել բռնության: Խոհանոցի  անկյունում սեղանի մոտ կուչ եկած՝ մեջքիս ու ոտքերիս աքացիներով հարվածները նրա համար էին, որ երեխային Հայոց բանակի օրը մանկապարտեզ փորձեցի ճանապարհել 3 հատ փուչիկով՝ կարմիր, կապույտ ծիրանագույն: Ամուսինս մինչև հոգու խորքը վիրավորվել էր, թե ո՞նց եմ ինձ թույլ տվել իմ «կարճ խելքով» փուչիկ տալ իրենց ձեռքը՝ «ես տղամարդ եմ, փուչիկով երեխա՞ պիտի տանեմ պարտեզ»… Առաջին ծեծը շոկային էր, անսպասելի: Մինչ այդ բազմաթիվ վեճերի, խոսակցությունների, զրույցների ժամանակ ես մի քանի անգամ ասել էի՝ շատ բաներ կարող եմ տանել, ներել, բայց ֆիզիկական բռնությունը երբեք չեմ հանդուրժի: Բայց դա էլ հանդուրժեցի՝ երկու երեխաների, ներողությունների, հիփոթեքով տան ծրագրի մեջ միայնակ ընդգրկվելու և այլ պատճառաբանություններով: Մի պահ նույնիսկ ինձ ներշնչել էին, որ ես եմ մեղավոր, եթե ինձ ծեծում են՝  տղամարդը տաքարյուն էակ է, շուտ է բորբոքվում ու պիտի չպատասխանեմ»,- ասում է նա՝ նշելով, որ ծեծը շարունակական բնույթ էր կրում՝ մեկ ճաշի ամանն էր գլխին գալիս, հաջորդ անգամ արդեն սեղանը շուռ տվեցին վրան: Իսկ հետո բռնության սկսեց ենթարկվել նաև իր երեխան … ու ինչ-որ պահի ամենաանհեթեթ կենցաղային խնդիրներից բռնկված կռիվները դարձան սովորական:

 

Փրկությունը հիփոթեքով ծրագրի մեջ գտնվեց՝ տարիներ շարունակ կոպեկ առ կոպեկ հետ գցած գումարով Մարիամը կարողացավ ընդգրկվել այդ ծրագրում: Այլևս ամուսնալուծությունը ժամանակի հարց էր: Բայց նախքան այդ ևս մի ահավոր փորձություն պիտի հաղթահարեր՝ հերթական ծեծը, երբ ամուսինը հարվածում էր նպատակային՝ ուղեղի շրջանում, քունքին, ավարտվեց իր ուշագնացությամբ, իսկ հետո՝ հիվանդանոցով: Բայց լավ էր չարթնանար՝  սկեսրայրը որդուն  նախատում էր, թե «բերած օրվանից, որ ծեծեիր՝ էս օրը չէիք ընկնի»:

 

«Ծնողներս հասկացան, որ կարող էին ինձ անվերադարձ կորցնել, քանի որ գլխի շրջանում ստացած թեկուզ մի հարվածը կարող էր ճակատագրական լինել: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անմիջապես գնացել եմ ոստիկանություն, իսկ ժամեր անց ընտանեկան բռնության առանձին ստորաբաժանումից իմացա, որ «տղամարդը» խոստովանել էր, որ զղջում է իր արածի համար ու խնդրում քրգործ չհարուցել իր նկատմամբ: Նրան ճանաչել էին բռնարար, որոշել անհետաձգելի միջամտություն կիրառել՝ արգելել հանդիպել ինձ կամ երեխաներիս, գալ աշխատավայր, զանգահարել կամ որևէ կապի միջոցով փորձել կապվել, առնվազն 100 մետր շառավղով պետք է հեռու լիներ: Նախկինում բազմաթիվ դեպքեր եմ լսել, թե ինչպես են արձագանքել նույն ոստիկանությունում ընտանեկան բռնության ենթարկված կանանց, ինչպես են հեգնել ու ճանապարհել տուն: Օրենքի առկայությունը ոստիկանների ամենօրյա հսկողությունը՝ սկսած իրերս հավաքելիս ինձ ուղեկցելուց մինչև տուն ճանապարհելը պարզապես փրկություն էր այդ ցավոտ ու ճնշող օրերին: Հիմա ես ապրում եմ՝ երեխաներիս հետ ամեն օրը վայելելով, փոխադարձ սիրով շրջապատված: Առջևում երազանքներս են, հետևում՝ ձեռք բերածս փորձը, որ 12 տարի ինձնից տարավ….»:

 

Մարիամը  շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ջատագովն էին Հայաստանում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ներդրման: Նրա խոսքով, եթե այս օրենքը նպաստել է գեթ մի կնոջ, մի երեխայի՝ առանց բռնության ապրելու իրավունքի հաստատմանը, ուրեմն այն ծառայում է իր նպատակին…   

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 1381

Գլխավոր էջ