Ընտանեկան բռնությունների թիվն աճել է
ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է ամփոփ տեղեկատվություն 2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված գործերի մասին: Համեմատելով դրանք 2016 թվականի տվյալների հետ, կարելի է փաստել, որ ընտանեկան բռնությունների թվի աճ է արձանագրվել, ինչը որոշ չափով կարելի է բացատրվել նաև նրանով, որ խնդիրը ստվերից դուրս է գալիս:
Այսպես, Քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ, որոնցից 18-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։
Այսպես՝ 458 քրեական գործերից.
285-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
39-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելուն և այլն:
Նշենք, որ 2016թ. տվյալներով, ծեծի հատկանիշներով քննված գործերի թիվը նույնպես գերակշռողն են եղել՝ 222: 2016թ. հետ համեմատությամբ նախորդ տարի ավելի քիչ են եղել սպանության դեպքերը.սպանության հատկանիշներով 2017թ. քննվել է 8 գործ, իսկ 2016թ. 10-ը:
2017-ին կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 17-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր, 6-ը՝ եղբոր/քրոջ, 2-ը տատի/պապի, 35-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 167-ը՝ ամուսնու, 13-ը՝ կնոջ, 6-ը՝ թոռան, 8-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:
Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 272 անձ, որոնցից 142-ը՝ 18-35 տարեկան, 127-ը՝ 35 տարեկանից բարձր, 3-ը՝ 14-18 տարեկան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 86 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 341 անձ, որոնցից 17-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 14-ը՝ 14-16 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան, 158-ը՝ 18-35 տարեկան, 142-ը՝ 35 տարեկանից բարձր:
Դիտումների քանակը` 2494