Կառավարությունը հավանություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման օրինագծին՝ համարելով այն անհետաձգելի

ՀՀ կառավարությունը  հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի  և կից ներկայացվող  օրենքների նախագծերի  փաթեթին:  

 

Օրինագիծն, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել,   փոփոխված է  հանրային քննարկումների ժամանակ հնչեցված մտահոգությունները փարատելու նպատակով:  Դիտարկվել են  նաև  խնդրով զբաղվող կազմակերպությունների առաջարկները, որոնց մի մասն է միայն հաշվի առնվել:  Մերժման հիմնավորումները ներկայացված են ամփոփաթերթում: Առաջարկությունների մի մասն էլ ընդունվել են ի գիտություն:

 

Առաջին հերթին փոփոխված է  օրինագծի անվանումը, նախկինում այն  կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագիծ: «Ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  դրական երանգավորմամբ մեսիջի ավելացումը ակնհայտորեն ուղղված է  չեզոքացնելու ընդդիմախոսների կողմից  մինչ այդ հնչեցվող «ընտանիքը քանդելու» մեղադրանքները… 

 

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ,  օրինագծի անվանման  փոփոխությունը  սերտորեն կապված է  նրա  նպատակների հետ: « Մինչ այդ  օրենքի ընդունման նպատակները  երկուսն էին ՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումնեի փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը», – ասաց նա:

 

 

Տարընթերցումները բացառելու նպատակով նախագծում  հստակեցվել են վիճահարույց համարվող բռնության տեսակները: Այսպես,  «ֆիզիկական բռնության» մասին դրույթի մասով  հիմնավորում է ներկայացվել ,  որ   ազատությունից ապօրինի զրկելը ֆիզիկական բռնության տեսակ է և որպես այդպիսին նախատեսված է նաև մի շարք այլ երկրների, այդ թվում  Վրաստանի, Խորվաթիայի, Ղըրղըզստանի,  ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքներում: Նախագծով ֆիզիկական բռնություն է համարվում.  « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը,  ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը»:

 

 

Հստակեցվել են նաև  տնտեսական, հոգեբանական բռնության  եզրույթները: Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:

 

 

Իսկ տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:
 

 

Ընտանեկան բռնության տեսակների մեջ ավելացել է  անտեսումը, այն է.  «ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը տիրապետում է պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների և եթե համապատասխան ծառայությունները նրա համար հասանելի են»:

 

Փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոց՝  նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում:  Ինչպես ասաց Դավիթ Հարությունյանը,  նախատեսվոմ է բռնություն գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ, օրինակ,  պաշտպանել որոշակի հեռավորություն տուժուղից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից և այլն:  Պաշտպանական մեխանիզմները, ըստ նրա, ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվություն:

 

«Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները, որոնք ենթարկվում են բռնության, նրանք բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության»,- ասաց նա:

 

Դավիթ Հարությունյանի նշեց նաև, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում՝ Սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և երկրորդը՝ ապաստարաններն են:

 

 

«Թեև թյուր կարծիք կա, և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման, կամ սահմանափակման որևէ նոր նորմ , և նոր հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել  ավանդական ընտանեկան արժեքները»,- ասաց նա:

 

 

Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ օրենքը բազմիցս քննարկել են, և մի շարք լուրջ կարևոր փոփոխություններ են ամրագրվել, մտահոգիչ հարցերն են  փարատվել: «Օրինակ, առանց ծնողի չեն կարող երեխային վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան: Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

 

 Հիշեցնենք, որ  ՀՀ «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի հետ միասին ներկայացվող ամբողջական փաթեթը ներառում է մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում, մասնավորապես  ՀՀ Քրեական օրենսգրքում , ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, Սոցիալական աջակցության մասին ՀՀ  օրենքում և  «Փաստաբանության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:

 

ՀՀ Կառավարության նիստում ընդունված որոշման մեջ նաև նշվում է.  «Ղեկավարվելով  ՀՀ  Սահմանադրության 109-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է անհետաձգելի համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  ՀՀ օրենքի նախագծի և կից օրենքների նախագծերի փաթեթը:

 

Հաջորդ քայլով փաթեթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:

 

Առավել մանրամասն  նշված օրինագծերի փաթեթին կարելի է ծանոթանալ   ՀՀ կառավարության պաշտոնական էջում  /  տե՛ս  Նոյեմբերի  16 –ի  նիստի օրակարգի  թիվ 27 և 38 կետերը /: 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել  ընտանեկան բռնության մասին օրինագիծը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է օրիննագծի  անվանափոխությանը

Նաիրա Զոհրաբյան. «Փորձ է արվում ընտանեկան բռնությունը ներկայացնել որպես հայկական ընտանիքի մոդել. սա բացարձակ անթույլատրելի է»

Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված  զավեշտների թոփ տասնյակը

Լենա Նազարյան. «Ընտանեկան բռնության  հարցը արժանապատվություն, կամք ու պատասխանատվություն ունեցող տղամարդկանց հարցն է նաև»  

Արփինե Հովհաննիսյան. «Ավանդականը դա սիրո, վստահության և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի»…

Ընտանեկան բռնության օրենքը պառակտել է հանրապետականներին

 

 

 

Դիտումների քանակը` 3046

Գլխավոր էջ