Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ընտանեկան բռնության մասին օրինագիծը
ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում ներառված է «Ընտանքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն ու հարակից օրենքների փաթեթը: Օրինագծի անվանումից պարզ է դառնում, որ առաջին իսկ փոփոխությունն արվել է վերնագրում՝ ավելացել է «և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» դրական երանգավորմամբ մեսիջը, որն ակնհայտորեն միտված է չեզոքացնելու օրենքի ընդդիմախոսների կողմից մինչ այդ հնչեցվող «ընտանիքը քանդելու» մեղադրանքները… Նախագծի վերնագրի փոփոխությամբ են պայմանավորված նաև օրինագծի տեքստում արված այլ խմբագրումները, մասնավորապես, «ընտանեկան բռնության դեմ պայքար» եզրույթն այլևս չի գործածվում: Ի՞նչ այլ փոփոխություններ են արվել լրամշակված նախագծում՝ պարզեց WomenNet.am-ը ըստ ամփոփաթերթի:
Ընդհանուր մոտեցումներ
Նախ, նախագծում անհետաձգելի միջամտության մոդելն է փոփոխության ենթարկվել: Բացի այդ, հստակեցվել են բռնության տեսակները: Վիճահարույց համարվող «ֆիզիկական բռնության» մասին դրույթի մասով հիմնավորում է ներկայացվել , որ ազատությունից ապօրինի զրկելը ֆիզիկական բռնության տեսակ է և որպես այդպիսին նախատեսված է նաև մի շարք այլ երկրների, այդ թվում Վրաստանի, Խորվաթիայի, Ղըրղըզստանի, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքներում: Նախագծով ֆիզիկական բռնություն է համարվում. « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, ինչպես նաև դիտավորությամբ ֆիզիկական տառապանք պատճառելը»:
Հստակեցվել են նաեւ տնտեսական, հոգեբանական բռնության եզրույթները: Ըստ այդմ՝ «հոգեբանական բռնությունը հետևյալն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը»:
Իսկ տնտեսական բռնությունը սահմանվել է այսպես՝ «անձի հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ նրան իշխելու նպատակով վերջինիս գոյության համար անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականություն իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը»:
Ընտանեկան բռնության տեսակների մեջ ավելացել է անտեսումը, այն է. «ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը տիրապետում է պատշաճ տեղեկատվության և հնարավորությունների և եթե համապատասխան ծառայությունները նրա համար հասանելի են»:
Հստակեցվել է նաեւ, որ այն անձինք, ովքեր գտնվում են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, անգամ՝ ոչ համատեղ, կհամարվեն Նախագծի իմաստով ընտանիք: Նախագծից հանվել է ընտանեկան բռնության «նախնական նույնականացման մասին եզրակացություն» հասկացությունը: Կանխարգելման խորհրդի մոդելը փոփոխության է ենթարկվել՝ դառնալով Լիազոր մարմնին կից:
Ի՞նչ առաջարկություններ չեն ընդունվել
Նախ, նշենք, որ ոչ բոլոր առաջարկություններ կամ առարկություններն են ընդունվել: Օրինակ, նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հոգեբանական բռնության տեսակ է ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը: Առաջարկվում էր Նախագծում նախատեսել նաև «սպառնալիք» հասկացության` սույն նախագծի իմաստով սահմանումը, սակայն Նախարարությունը մերժել է այդ առաջարկը՝ նշելով, որ «սպառնալիք» եզրույթն օգտագործվում է ՀՀ քրեական օրենսգրքով և պետք է մեկնաբանվի այդ օրենսգրքին համահունչ և, առավել ևս, անհրաժեշտություն չկա Նախագիծը ծանրաբեռնելու հասկացություններով, որոնք միևնույն իմաստով արդեն իսկ օգտագործվում և գործնականում կիրառվում են այլ օրենքների համատեքստում:
Չի ընդունվել նաև հետևյալ առաջարկը. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` տնտեսական բռնության տեսակ է նաև չափահաս և գործունակ անձին աշխատելը և գումար վաստակելն արգելելը: Առաջարկվում է հստակեցնել, թե նշված արգելումը ինչ եղանակներով կարող է իրականացվել: Ըստ հիմնավորման՝ խնդրո առարկա դրույթի կիրառման համար նշանակություն չունի, թե կոնկրետ ինչ եղանակով արգելքը կդրսևորվի: Իսկ սահմանափակման եղանակների սպառիչ ցանկ նախատեսելը կարող է հանգեցնել «տնտեսական բռնություն» եզրի կիրառման արհեստական սահմանափակումների:
Չի ընդունվել բռնարարի որոշ իրավունքների ժամանակավոր սահմանափակումը հանելու մասին առաջարկը, քանզի դա չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և նպատակ ունի ապահովելու բռնության ենթարկվածի անվտանգությունը: Բացի այդ այն կարող է բողոքարկվել դատարանում: Նման սահմանափակումների հնարավորությունը նախատեսված է Ստամբուլի կոնվենցիայով, որը Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ստորագրել, ինչպես նաև մի շարք հարուստ իրավական ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ավստրիան, Իսպանիան և այլք:
Առաջարկ էր հնչել նաև հստակեցնել, թե դատարանն ինչ իրավական հիմքերով է հարկադրելու բռնարարին անմիջապես հեռանալ ընտանեկան բռնության ենթարկվածի բնակության տարածքից այն դեպքում, եթե նշված տարածքն հանդիսանում է նաև բռնարարին սեփականության իրավունքով պատկանող գույք (բնակարան) և վերջինս իրավունք ունի նշված բնակարանի նկատմամբ իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով երաշխավորված ու պաշտպանվող սեփականության իրավունքը: Այն մերժվել է հետևյալ հիմնավորմամբ. «Բնակարանից հեռացնելու իրավական հիմքը հենց ընդունվելիք օրենքն է և դատարանի որոշումը: Նման սահմանափակումն օրինաչափ է համարվում արտասահմանյան շատ երկրներում՝ Ավստրիա, Գերմանիա, Վրաստան, Մոլդովա և այլն: Ավելին, որոշ երկրներում անհետաձգելի դեպքերում այդ սահմանափակումը կարող է կիրառվել նույնիսկ ոստիկանի, այլ ոչ անպայման դատարանի կողմից:
Չի ընդունվել է նաև առաջարկն առ այն, որպեսզի հստակեցվեն Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված հատուկ ստորաբաժանումների կազմակերպաիրավական կարգավիճակներ: Մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ համապատասխան մարմինների կազմակերպաիրավական կարգավիճակը հստակեցնելը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից: Դրանց կարգավիճակը հստակեցված է համապատասխանաբար «Ոստիկանության մասին» և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքներով և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով:
Հաջորդ չընդունված առաջարկությունը հստակեցում էր պահանջում Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ՀՀ կառավարության կողմից տրամադրվելիք աջակցության շրջանակի մասով: Մերժման մեջ նշվում է, որ Կառավարության կողմից տրամադրվելիք աջակցության շրջանակը հստակեցնելը դուրս է Նախագծի կարգավորման առարկայից և պետք է կանոնակարգվի կառավարության որոշմամբ:
Առաջարկներից մեկում նշվում էր, թե կազուսային իրավիճակ է առաջանում պաշտպանական միջոցներից անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների միաժամանակյա առկայության դեպքում: Մասնավորապես, եթե անձը չի ենթարկվում իր վրա դրված սահմանափակումներին, ապա խախտում է թե մեկը, թե մյուսը և առաջանում է պատասխանատվություն երկու որոշումների պահանջների խախտման համար: Ստացվում է, որ անձը, նույն արարքը կատարելով, կատարում է երկու խախտում, ենթակա է պատասխանատվության թե վարչական (անհետաձգելի միջամտության որոշման համար), թե քրեական (պաշտպանական որոշման համար) կարգով: Սակայն սա հակասում է ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար: Վերը նշվածը հաշվի առնելով՝ առաջարկվել էր Նախագիծը խմբագրել, սակայն առաջարկը մերժվել է: Հիմնավորումը հետևյալն է՝ պաշտպանական որոշման ընդունմամբ անհետաձգելի միջամտության գործողությունը դադարեցվում է:
Ո՞ր առաջարկներն են ընդունվել
Այժմ դիտարկենք այն առաջարկություններն ու առարկությունները, որոնք փոփոխություն են բերել նախագծի նախնական տարբերակի համեմատ:
Առաջարկվում է հստակեցնել Նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի գործունեությունը հասարակական հիմունքներով է իրականացվելու, թե` այլ հիմունքներով: Նշվում է, որ նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
Ընդուվել է նաև առաջարկ Նախագծի 16-րդ հոդվածի մասով, այն է՝ նախատեսել, թե ընտանեկան բռնություն առերևույթ գործադրելու մասին հաղորդումը առաջին անգամ ստացվելուց հետո ինչ ժամկետում է կիրառվում պաշտոնական նախազգուշացումը: Նշվում է, որ Նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
Կարևոր առաջարկ, որ ընդունվել է՝ 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ապաստարանում տեղավորման ժամկետը նշված էր 6 ամիս առանց երկարաձգման հնարավորության: Առաջարկն ընդունվել է և ամրագրվել հետևյալ կերպ՝ որպես ապաստարանում պահելու առավելագույն ժամկետ նախատեսված է 1 տարին:
Ընդունվել է առաջարկ առ այն, որ պրոֆիլակտիկ հաշվառման վերցնելու հիմք նախատեսվի ոչ թե ընտանեկան բռնություն կատարելու հակվածությունը, այլ բռնարարի նկատմամբ պաշտոնական նախազգուշացումը, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշման առկայությունը: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
Ընդունվել է նաև Գլխավոր դատախազության հետևյալ առաջարկը. ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում տրվում են ընտանեկան բռնության տեսակները, այն է՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական, որոնցից առնվազն առաջին երկուսը ենթադրում են նաև հանցակազմի հատկանիշների առկայություն, ինչի հիման վրա անձը միաժամանակ կարոդ է ենթարկվել քրեական պատասխանատվության: Անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ առ այն, թե հանցակազմի հատկանիշները քաղաքացիական դատավարության շրջանակներում ինչպե՞ս են բացահայտվելու և գնահատվելու դատավորի կողմից: Հիմնավորման մեջ նշվում է. Նախագծում կատարվել է հստակեցում առ այն, որ առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանն առանց վարույթը կասեցնելու դիմում է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու համար:
Ո՞ր առաջարկներն են ընդունվել մասնակի կամ ընդունվել ի գիտություն
Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է ընտանեկան բռնության ենթարկված անձ հասկացությունը, ըստ որի դա այն անձն է, ով, ըստ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշման, տուժել է բռնարարի կողմից գործադրված ընտանեկան բռնությունից: Նշվում է, որ ընտանեկան բռնության ենթարկված անձի հասկացությունը վերախմբագրվել է: Օրենքի նախագծից չի բխում, թե քրեական վարույթում համապատասխան խափանման կամ պաշտպանության միջոց կիրառելու պարագայում անձն այլևս չի համարվում ընտանեկան բռնության ենթարկված: Կարևորը, որ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին որոշում առկա լինի, եթե անգամ սույն նախագծով առաջարկվող պաշտպանությունը փոխարինվի
Նախագծի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները` ընտանեկան բռնության ենթարկվածի հետ իրենց համատեղ անչափահաս երեխաներին պահելու ծախսերը կիսելուն հարկադրելը և բռնարարի` երեխաների հետ տեսակցության ժամանակավոր ռեժիմ սահմանելը կամ անհրաժեշտության դեպքում տեսակցություններն արգելելը: Առաջարկվել էր քննարկել վերը նշված սահմանափակումները կիրառելու իրավական հիմքերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ընտանեկան օրենսդրության համաձայն` երեխայի համար ալիմենտի (ապրուստավճար) բռնագանձումը և երեխայի հետ տեսակցության կարգը սահմանվում է դատական կարգով` ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում: Ըստ հիմնավորման, առաջարկն ընդունվել է մասնակի, մասնավորապես՝ ծախսերը կիսելու հետ կապված դրույթը հանվել է: Ինչ վերաբերում է տեսակցությունների արգելքին, ապա Նախագծով առաջարկվող սահմանափակումը կրում է ժամանակավոր բնույթ՝ մինչ դատարանի կողմից այդ հարցերին վերջնական լուծում տալը:
Առաջարկ էր ստացվել հստակեցնել Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ մասում նշված ոչ ինստիտուցիոնալ խնամքի իրականացման էությունը և խնամքն իրականացնող համապատասխան սուբյեկտների շրջանակը: Նշվում է, որ տվյալ հոդվածը վերախմբագրվել է և այդ մասով հղում է կատարվում արդեն գործող իրավակարգավորումներին:
Առաջարկվել էր քննարկել Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «հաշվի առնելով երեխայի կարծիքը» բառերը «հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը» բառերով փոխարինելու նպատակահարմարության հարցը: Առաջարկն ընդունվել է ի գիտություն:
Առաջարկվում էր նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Նախագծի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընտանեկան բռնության ենթարկված անչափահասների մասով անհետաձգելի միջամտության որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն ոստիկանության ծառայողի կողմից անհապաղ ուղարկվում է խնամակալության և հոգաբարձության մարմնին և միաժամանակ երեխաների աջակցության կենտրոն, իսկ Նախագծի 12-րդ հոդվածում խոսքը գնում է աջակցության կենտրոնի մասին: Նշվում է, որ առաջարկն ընդունվել է ի գիտություն, իսկ Նախագծից երեխաների աջակցության կետրոնի հետ կապված դրույթը հանվել է:
Նախագծով նախատեսվում է հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկում ընդգրկել նաև ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձանց, ինչը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության, որի գծով ինչպես ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային Ժողով ներկայացված ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 723-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Սա ընդունվել է ի գիտություն:
Որքա՞ն գումար է հատկացվելու պետական բյուջեից
Արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում նշվում է, որ օրենքների ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում: Մասնավորապես, ապաստարանների տարեկան գործարկման ծախսը կկազմի շուրջ 35,000,000 դրամ: «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցություն» անվանմամբ ծրագրի իրականացման համար 2017 թվականին նախատեսվել է 17,456.25 հազ. դրամ (հանրապետության երեք մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ստեղծման և գործարկման ծախսեր), իսկ 2018-2019 թվականներին՝ յուրաքանչյուր տարի 60,368.0 հազ. դրամ (Երևան քաղաքում և հանրապետության բոլոր 10 մարզերում ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների գործարկման ծախսեր): Ծախսերի որոշ մասը կհատուցվի Եվրամիության «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում:
Նշենք, որ ՀՀ «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի հետ միասին ներկայացվող ամբողջական փաթեթը ներառում է մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում, մասնավորապես ՀՀ Քրեական օրենսգրքում , ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:
Լիա Խոջոյան
Նախագծի սկզբնական տարբերակը այստեղ
Նախագծի փոփոխված տարբերակը այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել ընտանեկան բռնության մասին օրինագիծը
Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված զավեշտների թոփ տասնյակը
Ընտանեկան բռնության օրենքը պառակտել է հանրապետականներին
Դիտումների քանակը` 3474