«Չենք կարծում, որ որևէ երկրում ավանդական արժեք է հանդիսանում բռնությունն ընտանիքում»
WomenNet.am-ը շարունակում է ներկայացնել օրերս կայացած «Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» թեմայով կոնֆերանսի մասնակիցների կարծիքները:
«Խնդիրը քողարկված վիճակից դուրս է գալիս ջրի երես»
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հաղորդակցության և արտաքին կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ մեկ տարի առաջ էին պլանավորել հանդիպումը Վրաստանից գործընկերների հետ, սակայն հաջողվեց դա իրականացնել միայն հիմա. «Այս օրերին, երբ Հայաստանում ակտիվ քննարկվում է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, կարևոր էր լսել, թե ինչ դրական փորձ ունի հարևան երկիրը, որտեղ նման օրենքը ընդունվել դեռ 2006 թվականին, կամ ինչ բացթողումներ են ի հայտ եկել այս ընթացքում»:
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով կոնֆերանսի նպատակն էր քննարկել Վրաստանի օրենսդրական դաշտը, թե որքանով է այն արդեն պատրաստ աջակցությանն ու կանխարգելմանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, առավել ևս, որ 2006 թվականին ընդունվելուց հետո օրենքը մի քանի անգամ լրամշակվել է ու նաև քրեականացվել: «Բայց բացի սրանից մենք ուզում ենք նաև իմանալ, թե դրան զուգահեռ ինչպիսի՞ փոփոխություն է կրել հանրային գիտակցությունը, ինչպե՞ս են աշխատում մեխանիզմները, որոնք են գործում, իսկ որոնք՝ ոչ, որպեսզի այդ փորձը մեզ օգնի այդ բացերից Հայաստանում խուսափել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հովհաննիսյանը նշեց, որ ցանկացած կանխարգելիչ օրենսդրության ընդունվելուց հետո ցուցանիշների աճ է արձանագրվում, քանի որ խնդիրը քողարկված վիճակից դուրս է գալիս ջրի երես. մարդիկ արդեն գիտեն, որ իրենք կարող են դիմել ու ստանալ օգնություն, կան մեխանիզմներ, որոնք իրենց կարող են պաշտպանել, մինչդեռ նախկինում, դրանց բացակայության պարագայում, կինը վախենում էր բարձրաձայնել, որպեսզի իրավիճակն ավելի չվատանա: Այնպես որ դեպքերի աճը, որի մասին խոսվեց նաև կոնֆերանսի ընթացքում, ըստ Զարուհի Հովհաննիսյանի, պայմանավորված է դրանով.
«Բայց դեպքերի որակական, դեպքերի դաժանության իմաստով անշուշտ լինում է անկում: Դա միջազգային պրակտիկան է փաստում, այդ թվում նաև Վրաստանի փորձը»,- ասաց նա:
Անդրադառնալով օրենքի նախագծի շուրջ աղմուկին ու նաև այն կարծիքներին, թե օրենքն այս տեսքով ընդունելը սխալ է, այն պետք է լրամշակվի, Հովհաննիսյանն ասաց, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիան» առաջարկում է էլ ավելի խստացնել ու կոշտացնել օրենսդրությունը, մինչդեռ ընդդիմախոսները հակառակն են պահանջում՝ թուլացնել օրենսդրությունը: Այսինքն, իրենց կարծիքով լրամշակելն ու օրենքի նախագիծը բարելավելն այն ավելի թուլացնելն է, որպեսզի որոշակի նորմեր ընդհանրապես չարտացոլվեն դրանում: Օրինակ, հոգեբանական կամ տնտեսական բռնության խնդիրը, կամ ընտանիքի անդամին տանից հեռացնելու խնդիրը, որն իրենց համար խնդրահարույց է, բայց անգամ եվրոպական դատարանը նման դեպքերում խրախուսում է և պարտավորեցնում պետությանը, որպեսզի այն կատարի մարդու իրավունքների վերաբերյալ իր պարտավորությունները, երբ կա կյանքի ու առողջության սպառնալիք, և փաստաբանները դա պիտի իմանային:
«Մեր առաջարկները էլ ավելի խստացնելուն են վերաբերվում, օրինակ ի սկզբանե մենք մտածում էինք, որ վերահսկողական վարքը պետք է ամրագրվի որպես բռնության ձև, ինչին արդարադատության նախարարությունն արձագանքում է, թե դեռ պետք է հայ հասարակությանը բացատրել, թե ո՞րն է հոգեբանական կամ տնտեսական բռնությունը, նոր հասնենք վարքին: Փաստորեն, մենք ավելի առաջ ենք մտածում, քան հանրությունը, միևնույն ժամանակ մենք առաջարկել էինք, որ այն խորհուրդը, որը պետք է հիմնվի, վարչապետին կից չլինի, այլ ավելի անկախ գործի, հանրային հիմունքներով ու ավելի անկախ լինի պետության վերահսկողությունից: Նաև առաջարկել էինք, որ ընտանեկան բռնությունը քրեականացվի, բայց նախարարությունը գնաց կանխարգելման քաղաքականության ուղղությամբ, ոչ թե պատժիչ, թեև Վրաստանում ընտանեկան բռնությունը քրեականացված է»,- թվարկեց Զարուհի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վստահ է, որ օրենքը կընդունվի, քանզի դա նաև միջազգային պարտավորություններն են պահանջում, բայց ի՞նչ տեսքով կընդունեն՝ այսօրվա պայքարը դրա շուրջ է, քանզի արդեն իսկ բավականին լուրջ զիջումներ եղել են:
«Հաշմանդամություն ունեցող անձանց մասով որոշ առաջարկություններ ընդունվել են»
Կոնֆերանսի ընթացքում, ծանոթանալով հարևան պետության փորձին, «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանը նկատեց, որ չնայած նրան, որ Վրաստանում ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում բավականին լուրջ առաջընթաց կա օրենսդրական մակարդակում, բայց հաշմանդամություն ունեցող անձանց մասով համեմատությունը Հայաստանի հետ գրեթե նույնն է, եթե չասենք, որ Հայաստանն այս առումով ավելի շատ առաջընթաց ունի: Խոսքն այն մասին է, որ օրենքի նախագծում հաշմանդամություն ունեցող անձանց մասով որոշ առաջարկություններ ընդունվել են.
«Խոսքն այն մասին է, որ ապաստարանները, որոնք հովանավորվելու են կամ ստեղծվելու են պետության կողմից, պետք է լինեն ոչ միայն հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, այլև ծառայությունների առումով լինեն մատչելի: Օրինակ, եթե կա ժեստերի լեզվի թարգմանության կարիք, հոգեբանի կամ հատուկ մասնագետների ծառայությունների տրամադրման կարիք և այլն: Առաջարկները, որ արվել են մեր կազմակերպության կողմից, ընդունվել են: Վրաստանում, պարզվեց, ապաստարանները ֆիզիկապես մատչելի են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց ՄԻՊ ներկայացուցչի փաստմամբ՝ որևէ մեկին իրենք չեն տեսել այդ ապաստարաններում, ինչը նշանակում է, որ ոչ թե իրենց չեն դիմում, այլ չկան համապատասխան պայմաններ, անգամ մեքենաներ, որոնք բռնության զոհին կկարողանան տեղափոխել և այլն: Այսինքն, ոլորտի առաջընթացը, որն առկա է, ցավոք, հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում չի աշխատում, թեև Վրաստանն էլ վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիան, ինչպես և Հայաստանը»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Ինչո՞ւ չի կարելի փրկել մարդու կյանքը, եթե այն վտանգված է ընտանիքում»:
Քննարկմանը մասնակցում էր նաև Ռուսաստանից ժամանած քաղաքացիական ակտիվիստ, ՌԴ Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի համահեղինակ Ալյոնա Պոպովան, ով նշեց, որ իրենց մոտ օրենքի նախագծի հիմնական ընդդիմախոսները Համառուսական ծնողական կոմիտեից նույն մեղադրանքներն է հնչեցնում, ինչ Հայաստանում են հնչում: «Նրանք ասում են՝ ձեր նախաձեռնության հետևանքով երեխաներին են ընտանիքներից հեռացնելու են, որ չի կարելի մուտք գործել ընտանիք, որ մենք խարխլում ենք ավանդական արժեքներ և այլն: Բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանում կամ ձեզ մոտ կամ Վրաստանում և այլ որևէ երկրում ավանդական արժեք է հանդիսանում բռնությունը: Ավելին, այն չի կարող ընտանեկան արժեք լինել», – ասաց նա, հիշեցնելով, որ նմանատիպ փաստարկների հիման վրա հունվար ամսին Դումայում ապաքրեականացրեցին ընտանեկան ծեծը: «Մենք այդ որոշման դեմ ակտիվ պայքարի մեջ էինք», – ասում է Ալենա Պոպովան՝ հավելելով, որ այժմ փորձում են իրենց կողմից մշակված ընտանեկան բռնության մասին նախագիծը շրջանառության մեջ դնել Դումայում:
Ռուսաստանում, ասում է Պոպովան, ընտանեկան բռնության վիճակագրությունն առավել քան մտահոգիչ է: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների, 2015 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 50 հազար զոհ, որից 36 հազարը՝ կին, 5 հազարը՝ տղամարդ, մնացածը երեխաներ: «Իսկ հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հարցումներով, ամեն 4-րդ հարցվող կին ենթակվել է ընտանեկան բռնության, իսկ մենք ունենք 78 միլիոն կին։ Այսինքն, բռնության ենթակված կանանց տարեկան ցուցանիշը շատ ավելին է, քան պաշտոնական 36 հազարը, առավել ևս որ կանանց 98 տոկոսը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ համակարգը կոչված չէ իրենց պաշտպանելու. քրեական գործերի միայն 2 տոկոսն է հասնում դատարան », – ասում է Պոպովան: «Այնպես որ, երբ ասում են, որ չի կարելի մուտք գործել ընտանիք ու խառնվել ընտանիքի գործերին, մեզ մնում է միայն տարակուսանք հայտնել ՝ թե ինչո՞ւ չի կարելի փրկել մարդու կյանքը, եթե այն վտանգված է ընտանիքում», – ասում է Պոպովան:
Նշենք, որ կոնֆերանսի շրջանակում Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկեցին ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարությունները, օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված հաջողված փորձերն ու առկա մարտահրավերները երկու երկրներում:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչպես է աշխատում Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը Վրաստանում
«Չենք կարծում, որ որևէ երկրում ավանդական արժեք է հանդիսանում բռնությունն ընտանիքում»
Դիտումների քանակը` 3070