«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի նախնական տարբերակը խնդրահարույց է». Շարմազանով
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը խնդրահարույց եմ համարում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ունի նախնական տեսք, խնդրահարույց է: Այստեղ մտահոգություն ունեն նաև մեր կուսակցական շատ գործընկերներ: Մենք արդեն սկսել ենք քննարկումները և առաջիկա օրերին մեր կուսակցությունը կներկայացնի իր առաջարկները»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, հետևաբար, իրենք ազգային արժեքների, ավանդական ընտանիքի կողմնակից են:
«Հանրապետականները ազգային ավանդական ընտանիքի կողմնակից են: Եւ այն դրույթները, որոնք հակասության մեջ կմտնեն մեր Սահմանադրության և ազգային ավանդական արժեքների հետ, խնդրահարույց են, և մենք պետք է քննարկենք ու ներկայացնենք նոր մոտեցումներ: Կարծում եմ, որ նախնական տեսքից այն պետք է փոփոխվի: Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, տեսել եմ որոշ մտահոգիչ դրույթներ, դրա համար արդեն իսկ առաջարկություններ ենք ներկայացրել: Այս տեսքով սա խնդրահարույց օրենսդրական նախաձեռնություն է: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի վտանգի մեջ չդնենք մեր ավանդական ընտանեկան արժեքները, մյուս կողմից պետք է դատապարտենք բռնությունը: Բռնությանը որևէ մեկը կողմ չէ, բոլորն են դեմ: Հայ մարդու համար բռնությունը երբեք գործելաոճ չի եղել »,- ընդգծեց Շարմազանովը` ավելացնելով, որ հայ հասարակության մեջ կնոջ, մոր դերը մշտապես մեծ է եղել:
Նրա խոսքով, Հայաստանում ընտանիքն ամենաառողջ կորիզն է, և պետք չէ մի քանի շեղված մարդկանց օրինակը, որոնք բռնություն են կիրառում, տարածել բոլոր ընտանիքների վրա և ասել, որ Հայաստանում ընտանեկան բռնություն կա. «Մենք պետք է հասնենք նրան, որ մի կողմից դատապարտենք բռնությունը և հնարավորինս նվազեցնենք մեր երկրում ընտանեկան բռնության դեպքերը, բայց մյուս կողմից չանենք բաներ, որոնք հակասում են Սահմանադրությանը, քրիստոնեական աշխարհընկալմանը: Սա իմ պահպանողական մոտեցումն է և ոչ մեկը չպետք է զարմանա, որ պահպանողականն ունի նման կարծիք»:
Մ. Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»
«Չենք կարծում, որ որևէ երկրում ավանդական արժեք է հանդիսանում բռնությունն ընտանիքում»
«Ի՞նչ պիտի անես, հել գնա հետը ապրի, ոչինչ, ամուսինդ է»
Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով
«Երեխաների 38 %ը ենթարկվում է ընտանիքում ֆիզիկական պատժի որևէ տեսակի»
Դիտումների քանակը` 2826