Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ. Կողմ եւ Դեմ կարծիքներ

Ավարտվել է E-draft.am-ում հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման ևընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի շուրջ  առաջարկությունների  ներկայացման ժամկետը: Հնչած առաջարկություններն ընդգրկվել են ամփոփաթերթում՝  հետագայում քննարկվելու ու հնարավոր լրացումներ անելու նպատակով: Նշենք, որ ամփոփաթերթում կարելի է տեսնել ոչ միայն   առաջարկությունները, այլ  նաև նախագծի վերաբերյալ կարծիքները:

 

E-draft.am-ում հրապարակված օրինագծին կողմ ու դեմ քվեարկողների հավասար հարաբերակցությունը հաճախ էր խախտվում, սակայն քվեարկությունն ավարտվել է դեմ արտահայտվողների գերակշռմամբ:  Պատկերն այսպիսին է 57% դեմ, 43% կողմ:  Ընդ որում, կարծիքների բախումն այս նախագծի  շուրջ տեղի է ունենում ոչ միայն օն-լայն տարածքում, այլ տարբեր հարթակներու ու հաճախ թեժ մթնոլորտում:

 

«Ակնհայտ երևում է, որ կամ չեն հասկացել օրենքը, կամ չեն կարդացել այն»

 

ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս Մատենադարանում նախագծի հանրային քննարկման ժամանակ ստեղծված լարված իրավիճակին, արձագանքել է. «Բանն այն է, որ իրենց ելույթներից ակնհայտ  երևում է, որ կամ չեն հասկացել օրենքը, կամ չեն կարդացել այն։ Կային հետաքրքիր մտքեր, բայց դրանց մասին դարձյալ կարելի էր հարց ուղղել։ Քննարկման նպատակը հարց-պատասխանն էր, երբ մարդիկ անտեղյակ են, կարողանային իրենց մտահոգող հարցը հնչեցնել և լսեին պատասխանը, իսկ հանրային քննարկումները դեռևս շարունակվում են»: Նախարարը նշել է, որ կառավարությունը նույն համառությամբ կշարունակի օրինագծի ընդունման քայլերը: «Խնդիրը  առկա է մեր հասարակությունում և բնականաբար այն պետք է լուծել»,-ասաց նախարարը:

 

Խոսելով հնչած քննադատությունների մասին, Դ. Հարությունյանը նշեց, կարող են լինել մարդիկ, որոնք կատեգորիկ դեմ են դրան: «Իհարկե կարող են, և դա նորմալ է, իրենք ունեն այդ իրավունքը, սակայն  իրենք իրավունք չունեն իհարկե խանգարելու ցանկացած միջոցառման բնականոն ընթացքը»,-ասաց նախարարը:

 

«Թույլ չենք տա էս օրենքը անցնի, պայքարելու ենք սատանայի դեմ»

 

Նշենք, որ E-draft.am-ի ամփոփաթերթում զետեղված «Դեմ» կարծիքները մեծամասամբ հիմնված են տարբեր կարգի մտավախությունների և ապատեղեկացնող պնդումների վրա, որոնցից հիմնականն այն է, որ օրենքը իբր թույլ է տալու, որ երեխանորին ծնողներից հեռացնեն:

 

«Սա հայաթափության,երեխաներին մեզնից օտարելու չարագործ ծրագիր է: Իմ հայ եղբայրներ և քույրեր խնդրում եմ.աղաչում եմ,ամեն ձևով կանխեք այս վտանգը՝վաղն արդեն ուշ կլինի»,-ահազանգում է տղամարդ քաղաքացին:

 

 «Հայաստանի Հանրապետության օրենքների մեջ արդեն կան հոդվածներ, որոնց միջոցով կարելի է վերահսկել և կանխարգելել ընտանեկան բռնության ցանկացած դեպք: Այդ իսկ պատճառով դեմ եմ այս նոր օրենքի ընդունմանը»,-գրում է քաղաքացիներից մեկը:

 

Օրենքին դեմ  արտահայտվողներին մեկ այլ քաղաքացի գրում է. « Չափազանցված և ուռճացված կոչերը իսկապես ծիծաղելի են: Ոչ ոք չի մտնելու և քանդի ձեր ընտանիքները կամ վերցնի ձեր երեխաներին: Այս նախագիծը միտված է պաշտպանելու բռնության (որը հանցագործություն է) ենթարկված անձանց` իրենց բռնարարներից»:

 

 

Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը պնդում է, որ  օրենքը հասարակակն պահանջ ու անհրաժեշտություն չունի: Դրա հետ միաժամանակ ընդունում է, որ ընտանեկան բռնության դեմ պետք է պայքարել:

 

«Ընտանիքներում բռնությունների թվի աճ կա, ինչի դեմ պետք է կռիվ տալ: Բայց է ընտանիքներում բռնության աճը գնահատելու ու կանխարգելելու համար նախ հարկավոր է ուսումնասիրել պատճառները, ընտանիքների սոցիալական վիճակը, նաև թե ի՞նչ վիճակ է ինքնասպանության դիմած մարդկանց ընտանիքներում: Մինչդեռ այս նախագծում չկա նման վերլուծություն: Մենք  իրականացրել են մոնիթորինգ՝ պարզելու ընտանեկան բռնության թվի աճի պատճառները, ու եզրահանգել, որ այստեղ իրենց մեղքի մեծ բաժինն ունեն լրատվամիջոցները, հեռուստասերիալներն ու այլ շոու հաղորդումներ, որոնք զբաղված են բռնության քարոզով:

 

Մեկ այլ ընդդիմախոս Խաչիկ Ստմբոլցյանի համար անընդունելի է «ընտանեկան բռնություն» տերմինը, ինչպես նաև  հոգեբանական և տնտեսական բռնության ձևակերպումը:

 

«Այդտեղ գրված է «ընտանեկան բռնություն»: Այսինքն՝ բռնությունը տեղայնացված է, կարող են ասել՝ փողոցային բռնություն, դահլիճային բռնություն: Նման օրենքներ գոյություն չոնեն: Ես ասում եմ՝ կարող եք էդ օրենքի անունը դնել ընտանիքում տեղի ունեցող բռնություն, բայց իրենք բերել ընտանիքը ասոցացնում են բռնության հետ…  Ընդեղ հոդվածներից մեկում գրված է՝ բարոյական բռնություն, հոգեբանական բռնություն: Օրինակ՝ եթե ես իմ երեխային ասեմ՝ հաց կեր, նոր գնա դպրոց, ինքն ասում է չէ, ես չեմ ուտում, նշանակում է, որ ես իրեն բարոյական բռնության ենթարկեցի: Կամ երբ ասեմ՝ ինտերնետով մի խաղա, դասերդ պարապի, ինձ կմեղադրեն հոգեբանական բռնություն գործադրելու մեջ: Ո՞նց են որոշելու, ո՞նց են ձևակերպելու՝ հոգեբանական բռնությունն ինչ է: Այսինքն՝ արված է այնպես, որ երբ ուզենան քո ու երեխայի մեջտեղ ճեղք առաջացնեն ու երեխային տանեն ապաստարաններ, որտեղից հետո իրանք վաճառում են կամ օգտագործում», -ասում է Ստմբոլցյանը, կոչ անելով պայքարել  սատանայի, ինչպես պայքարեցինք որը Ազգային ժողովը ընդունեց, բայց հետևանքներ չառաջացավ:

 

«Թույլ չենք տա էս օրենքը անցնի: Հեսա սկսելու ենք ասուլիսներ, շրջաբերականներ իջեցնել, ինչ կեղտոտ գործեր, որ սատանան անում ա, պետք ա հանենք ջրի երես, ցույց տանք ջրի երես, որ ժողովուրդը հասկանա, որ սատանայի հետևից չի կարելի գնալ», – եզրափակում է Ստամբոլցյանը:

 

 «Օրինագիծն  երեխաներին ընտանիքներից վերցնելու դրույթներ չի պարունակում»

 

ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանն օրերս կայացած քննարկման ժամանակ անդրադառնալով  ընտանիք քանդելու, երեխաներին ընտանիքներից վերցնելու ու այլ անձանց որդեգրման տալու համատեքստում արված քննադատությանը շտապեց փարատել այդ մտահոգությունները.

 

«Իրականում նախագծերի փաթեթը երեխաներին ընտանիքներից վերցնելու կամ նման այլ կարգավորում բացարձակապես չի պարունակում: Նախագիծը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկելու կամ ծնողական իրավունքները սահմանփակելու որևէ նոր կարգ կամ հիմք: Այս առումով շարունակելու են գործել Ընտանեկան օրենսգրքով նախատեսված ու արդեն գործող դրույթները»,-բացատրեց նախարարության ներկայացուցիչը:

 

Նա բացատրեց, որ նախագիծն իր առջև երեք հիմնական նպատակ է դրել՝ ընտանեկան բռնության կանխարգելում, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցությունը: Դրանց հասնելու համար նախագծերը կառուցակարգեր են նախատեսում, որոնց մի մասը նորություն է հայաստանյան իրականության համար, ինչպես օրինակ, պաշտպանական  միջոցների կիրառումը ոստիկանության կողմից, անձի դիմումի հիման վրա դատարանի որոշմամբ:

 

«Նախագիծը սահմանում է, որ ընտանեկան բռնություն գործադրած անձին կարող են հրահանգել, որ անմիջապես լքի բնակության վայրը, եթե նույնիսկ սեփականության իրավունքով նրան է պատկանում, այս պարագայում ժամանակավորապես, հանձնել իր մոտ եղած զենքը, չկապվել ընտանեկան բռնության ենթարկված անձի հետ հաղորդակցության տարբեր միջոցներով, չայցելել նրան կամ նրա խնամքի ներքո գտնվող անձանց»,-ասաց Գ. Հակոբյանը՝ մանրամասնելով, որ սահմանափակումներին չենթարկվողները կարող են ենթարկվել ընդհուպ քրեական պատասխանատվության:

 

«Նախագծին բավական լուրջ դիմադրություն կա»

 

Նույն քննարկման մասնակից Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանը գոհ է ներկայացված նախագծից, հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները տեղ են գտել այնտեղ: «Հիմա մենք ունենք մի նախագիծ, որի շուրջ հետագայում կարելի է զարգացնել ու խորացնել բռնության ենթարակված անձանց պաշտպանությունը»,-ասաց նա:

 

Զ. Հովհաննիսյանի խոսքով, նախագծին բավական լուրջ դիմադրություն կա.  «Չեմ ասում, որ նման մարդիկ շատ են կամ գերակշռող են հասարակության մեջ, բայց ագրեսիվ են: Նրանք մշակութային շատ խորը ընկալումներ ունեն, որ ընտանիքն անձի սեփականությունն է և այնտեղ կարելի է այն, ինչ ուզեն»:

 

Նա հույս ունի, որ օրինագիծը կօգնի դատական համակարգին վերափոխվել ու ավելի ուշադիր քննել ընտանեկան բռնության գործերը և ավելի շատ մեխանիզմներ ունենալ այդ դեպքերը քրեականացնելու համար: «Այս պահին ու այս նախագծում ընտանեկան բռնությունը քրեականացված չէ: Բայց կարծում եմ, որ քայլ առ քայլ այս նախագծից հետո հնարավոր է հասնել նաև դրան»,-ասաց կոալիցիայի անդամը:

 

«Վերջին 5 տարիներին կնասպանության ավելի քան 50 դեպք»

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը նախագծին ընդդիմացողներին հռետորական հարց է տալիս. «Արդյոք պատկերացնում եք, թե ինչ է նշանակում, ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ ապրել՝ չունենալով ապահովության զգացում: Սա շատ լուրջ հարց է, ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով դեմ է օրենքի ընդունմանը, իրեն անպայման տա այդ հարցը»:

 

Բռնության ենթարկված կանանց խնդիրներով զբաղվող կենտրոնի ներկայացուցիչը վիճակագրական տվյալներ է ներկայացնում՝ վերջին 5 տարիներին ունեցել ենք կնասպանության ավելի քան 50 դեպք: «Սա լուրջ ցուցանիշ է, որպեսզի հասկանանք, որ օրենքի ընդունման գործընթացն այլևս հնարավոր չէ ձգձգել»,-ասաց նա:

 

Անդրադառնալով օրինագծի ներքո հնչած կարծիքներին ու առաջարկություններին, նշենք, որ մի կին ներկայացրել է սեփական պատմությունը. «Ես շատ կողմ եմ այս օրենքին, ես հիմա18 տարեկան եմ, ամբողջ մանկությունս մամաս ենթարկվել է դաժան ծեծերի հորս կողմից, հաճախ մեզ էլ էր ծեծում, միշտ մաման ոստիկանություն էր կանչում, դիմումներ գրում, բայց ոստիկանները ասում էին, որ բացի նրանից, որ հորս մեկ սուտկա պահեն բաժանմուքնում, ուրիշ բան չեն կարող անել»:

 

«Ընտանեկան բռնությունը ամենավտանգավոր հանցանքներից է»

 

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարո Մաթոսյանի առաջարկություններն ամենաառարկայականն են:  Նա կողմ է, որ ընտանեկան բռնությունը քրեականացվի, իսկ խնդրի լուծումը տեսնում է համալիր մոտեցման դեպքում: «Ընտանեկան բռնության պատճառով բազմաթիվ ընտանիքներ են քանդվել, տրավմայի պատճառով անթիվ կանայք ու երեխաներ հոգեբանական խորը սպիեր են ձեռք բերել, ուստի այս հարցին պետք է մոտենալ ոչ թե էմոցիոնալ, այլ մտածված ու գիտական կերպով»,-գրում է նա:

 

Մաթոսյանը  նշում է, որ ընտանեկան բռնությունը նվազում է այն հասարակություններում, որտեղ կա գենդերային հավասարություն հասարակության մեջ, ընտանեկան բռնությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու մեխանիզմներ ու օրենքներ, որոնք աջակցում են զոհին ու պատժում բռնարարին:  «Ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար համալիր օրենսդրական մեխանիզմներ են անհրաժեշտ: Օրենքը պետք է ներառի պատժող, պաշտպանող ու կանխարգելող միջոցառումներ, նաև օրենքի կիրարկման մոնիթորինգ: Օրենքի մեծագույն թերություններից է այն, որ բռնությունը չի քրեականացվում. քանի որ ընտանեկան բռնությունը ունի մի շարք առանձնահատկություններ, պատիժը չի կարող քրեական օրենսգրքով սահմանափակվել»,-կարծիք է հայտնում ՀԿ տնօրենը:

 

Նա բացատրում է, ընտանեկան բռնությունը ամենավտանգավոր հանցանքներից է, որովհետև զոհը ապրում է իր բռնարարի հետ: Քանի որ զոհերը անդադար կապի մեջ են բռնարարների հետ, շարունակական սպառնալիքներից ու բռնությունից անպաշտպան են, ուստի հետևանքները ավելի ծանր են լինում: «Ընտանեկան բռնությունը պետք է ճանաչվի որպես քրեորեն պատժելի արարք: Կանայք հաճախ հետ են վերցնում իրենց դիմումները կամ բողոքները, երբ իմանում են, որ ամուսնուց տուգանք են բռնագանձելու կամ էլ բանտարկելու են, այսպիսով տուժողները վախենում են, որ ընտանիքը կմնա առանց ապրուստի միջոցների, կամ էլ բռնարարը վրեժխնդիր կլինի ու բռնությունը է՛լ ավելի դաժան կդառնա: Ահա այս է պատճառը, որ խիստ պատիժը անհրաժեշտ է. սա նպաստում է նրան, որ բնարարը վերանայի իր պահվածքը: Կան երկրներ, որոնք արդյունավետ հետապնդում չեն իրականացնում, իսկ դատարանները հաճախ պատշաճ պատիժներ չեն կիրառում»,-գրում է Մաթոսյանը:

 

ՀԿ ներկայացուցիչի կարծիքով, քանի որ Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է թաքցվող ու տաբու թեմա լինել, առանձին օրենքը թույլ կտա, որ հասարակությունը, իրավապահ մարմինները, Ոստիկանության աշխատակիցները ճանաչեն այս տեսակի հանցանքները ու հատուկ ուշադրություն դարձնեն դրանց, այլապես այս հանցանքները կշարունակեն անտեսանելի լինել: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենքը անհրաժեշտ է, քանի որ չկան ընտանեկան բռնության զոհերի կարիքների մասին հոգացող մարմիններ, իսկ այս տեսակի հանցանքները առանձնահատուկ բնույթ են կրում:

 

Նա նաև ծանրացուցիչ հանգամանքներն է դիտարկում, օրինակ, առաջարկում է, հաշմանդամություն ունեցող կնոջ նկատմամբ ընտանեկան բնռության դեպքերի համար պետք է եռակի ծանր պատիժ նշանակել բռնարարին, նունը վերաբերվում է նաև հղի կնոջ նկատմամբ բռնությանը: «Այս կետերը նույնպես պետք է ներառվեն օրենքի մեջ: Լավագույն լուծումն այն է, որ օրենքը նախատեսի ընտանեկան բռնության հանցանքները քննող առանձին դատարանների ստեղծում, որոնք կունենան բավարար իրավասություն թե՛ քրեական և թե՛ քաղաքացիական բնույթի գործերը քննելու, և բացառի նյութական փոխհատուցումը որպես միակ պատժամիջոց կիրառելը: Այսպիսի դատարանները պետք է բազմաոլորտ փորձառություն ունեցող աշխատակիցներ ունենա, որպեսզի վերջիններս կարողանան աջակցել զոհերին ու օգնեն դատավորներին պատժամիջոցների սահմանման մեջ: Ընտանեկան բռնության օրենքը պետք է հատուկ պատիժ նախատեսի այն դեպքերի համար, երբ զոհը չի կարող հեռանալ բռնարարից և կամ բռնարարը շարունակում է սպառնալ ու ծեծել իրենից բաժանված կնոջը»,-խնդրի համակարգային լուծման տարբերակ է մատնանշում մասնագետը:

 

Հ. Կարապետյան,

Ա. Ղարիբյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ. Կողմ եւ Դեմ կարծիքներ

Ամեն օր ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվում ՀՀ ոստիկանությունում

«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

 

Դիտումների քանակը` 3707

Գլխավոր էջ