Դպրոցների վերաբացմանն ընդառաջ. հարցեր, որոնց պատասխաններն անորոշ են
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին Հայաստանում կվերաբացվեն դպրոցները և բուհերը: Թվում է, թե երկար ամիսների հեռավար ուսուցումից հետո, որին , ի դեպ, չի կարողացել մասնակցել աշակերտների 15-20%-ը, սովորական դասապրոցեսի վերսկսկսման լուրը պետք է որ շատ ուրախացներ թե՛երեխաներին, թե՛ նրանց ծնողներին, թե՛ ուսուցիչներին, սակայն իրականում դրա հետ կապված մի շարք մտահոգություններ առաջացան…
Հիմնական հարցադրումները կապված են այն կանոնների պահպանման հետ, որոնք անվտանգության նկատառումներով սահմանել է նախարարությունը: Այսպես, պարտադիր կլինի սոցիալական հեռավորության պահպանումը, հետևապես դասարանները, աշակերտների թվաքանակով պայմանավորված, կբաժանվեն… Այստեղից անմիջապես հարցեր են ծագում, առաջինը, որտե՞ղ են տեղավորվելու բաժանված դասարանների աշակերտները, եթե առանց այդ էլ դասասենյակները չեն բավականացնում… Ի՞նչ միջոցներով է անցկացվելու ուսուցիչների թեստավորումը, ինչքանո՞վ են ապահոված լինելու վարակվելուց քրոնիկ հիվանդություններ ունեցող ուսուցիչները… Ինչպե՞ս են կարողանալու ուսուցիչները վերահսկել ակտիվ աշակերտներին, նրանց շարժն ու շփումներն ինչպես են սահմանափակելու… Ինչպե՞ս են ֆինանսական խնդիրներ ունեցող դպրոցները կարողանալու հոգալ հավելյալ ծախսերը կապված ախտահանման աշխատանքների կազմակերպման և համապատասխան նյութերի ձեռքբերման հետ… Եվ վերջապես ևս մեկ ցավոտ հարց՝ ինչպե՞ս են երեխաները մի քանի ժամ շարունակ (ուսուցչական կազմը, բնականաբար, ևս) դիմակով նստելու դասերին… Ո՞վ է ապահովելու դիմակներով սոցիալապես անապահով աշակերտներին… Այս և մի շարք այլ հարցերի հետ կապված անորոշությունն անհանգստացություն է առաջացրել հանրության շրջանում:
Հարցեր, որոնց պատասխան ԿԳՄՍ-ն դեռևս չի տվել
Որոշ մանկավարժներ այս խնդիրների վերաբերյալ արդեն իսկ բարձրաձայնել են իրենց մտահոգությունը, սակայն նախարարությունը դեռ չի շտապում հստակեցումներ մտցնել դրանք փարատելու համար: Այդպես, վերջերս Հոդված 3 տեղի ունեցած «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» քննարկման ժամանակ հայ գրականության ուսուցիչ Լիլիթ Պողոսյանը կասկածի տակ առավ այն հանգամանքը, որ ԿԳՄՍ-ն գնհատել է դպրոցների կարիքները դասապրոցեսի վերսկսմանն ընդաառաջ: Նրա խոսքով, մի շարք հարցեր դեռ չունեն պատասխաններ. ի՞նչ միջոցներով եւ մեթոդներով են իրականացվելու սանիտարահիգիենիկ միջոցառումները, արդյո՞ք թեստավորվելու են ուսուցիչները և ի՞նչ հաճախականությամբ, ինչպե՞ս են պատկերացնում դասարանների թվաքանակով պայմանավորված բաժանումները և ինչպե՞ս է այդ դեպքում լուծվելու ուսուցիչների աշխատավարձի հարցը՝ կվճարվե՞ն նրանք հավելյալ աշխատաժամերի համար, ինչպե՞ս դա կանդրադառնա տարբեր դրույքաչաթով աշխատող ուսուցիչների վրա և այլն: Լիլիթ Պողոսյանը չբացառեց, որ կգտնվեն ուսուցիչներ, որոնք կհրաժարվեն աշխատել նման փոփոխություններից հետո, իսկ այդ դեպքում պարզ չէ ունի՞ արդյոք նախարարությունն համապատասխան թվով մասնագտներ նրանց բացը լրացնելու համար.
«Արդյոք հաշվի են առնվել դպրոցների ենթակառուցվածքները, բակերը, որոնք կարող են օգտագործվել, որպես բացօթյա դասարաններ, ինչը ռիսկային է՝ առջևում աշուն է փոփոխվող եղանակով: Այս բոլոր հարցերի պատասխանները չկան»,- հավելում է Պողոսյանը:
Խնդիրը նույն տեսաքննարկման ժամանակ բարձրաձայնել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Պատգամավորի համար ևս տարակուսելի է դասարանների բաժանումը և նա հարցադրում է հնչեցնում՝ ի՞նչ պետք է լինի դպրոցների վիճակը, եթե դիցուք 35 հոգանոց դասարանը բաժանվի, օրինակ, 3 մասի: Այստեղ, ըստ նրա, առաջ է գալիս 2-3 և գուցե ավել հերթով դասերի կազմակերպման տարբերակը, սա էլ իր հետ առաջ է բերում ուսուցիչների առնվազն 2-3 անգամ ավելի ծանրաբեռնվածությունը: Ուստի առաջ է գալիս նույն հարցը՝ ուսուցիչը վճարվելո՞ւ է դրա համար: «Բացի այս, կա նաև դասարանային խնդիր, օրինակ՝ 300 և ավելի աշակերտ ունեցող դպրոցներում ի՞նչ խնդիրներ կլինեն, ինչպե՞ս է կազմակերպվելու այդ դպրոցներում կրթությունը։ Որքա՞ն է վճարվելու ուսուցիչը, եթե նույն դասարանում 3 անգամ պարապի, ի՞նչ գումարների հաշվին պետք է վճարվի նա, արդյոք դպրոցը պետք է վճարի, որը չունի այդ գումարը, թե՞ պետք է պետությունը հավելյալ հատկացումներ անի: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է լինեին մինչև որոշումը: Իսկ առանց այդ հստակեցումների կրթություն կազմակերպելը ավելի վատ հետևանք ունենա»,- շեշտել է Հովսեփյանը։
Ինչպե՞ս են պատկերացնում գործընթացը պատասխանատուները
Թե ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը օրերս ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, թեպետ վերը հնչեցված հարցադրումների մեծ մասը այդպես էլ մնացին անպատասխան: Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ դպրոցներն ու բուհերը կբացվեն սեպտեմբերի 15-ից (բացառությամբ բակալավրիատի 1-ին կուրսի), երեխաները դասերին կնստեն դիմակներով, ուսումնական հաստատությունները կախտահանվեն հաստատությունների միջոցներով, դպրոցներում դասերը կդառնան վեցօրյա: Կլինի դասարանների բաժանում 20 հոգանոց խմբերի, իսկ եթե դասասենյակների պակաս լինի, ապա, նշեց Հարությունյանը, անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, քանի դեռ եղանակը թույլ կտա։
Նախարարի խոսքով՝ «սահմանափակումների թեթևացման պայմաններում դիմակը տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է», սակայն հենց դա է, որ անհանգստացնում է ոչ միայն ծնողներին, այլև մասնագետներին:
Վերջիններս հատկապես շեշտադրում են մատաղ սերնդի առողջությանը սպառնացող վնասների մասին, քանի որ անգամ առողջ մարդը չի կարող երկար ժամանակ (մեկ դասաժամը, հիշեցնենք, 45 րոպե է) շնչել դիմակով, ուր մնաց երեխաները: Իսկ նրանց մեջ կան այնպիսիք, որ ունենք առողջական խնդիրներ, ալերգիա, ասթմա և այլ հիվանդություններ:
Ուշագրավ է, որ, օրինակ, Ռուսաստանում կայացված որոշման համաձայն՝ դպրոցներում միայն ուսուցիչները պարտավորված կլինեն դիմակներ կրել, իսկ աշակերտները՝ ոչ: Նաև երեխաների ծնողները իրավունք ունեն դիմել հաստատության տնօրինությանը, եթե մանկավարժները դիմակի կրման ռեժիմը խախտեն:
Ինչ վերաբերում է ուսուցիչների հավելյալ վարձատրմանն, եթե նրանք ստիպված են լինելու երկու հերթով և վեցօրյա ռեժիմով աշխատել, ապա նախարարության պատասխանատուների կողմից տրված նախնական պարզաբանումներով, ժամաքանակ չի ավելանալու, բայց ավելի հստակ կպատասխանեն պարետատան ուղեցույցը ստանալուց հետո:
Ո՞վ է պատասխանատու՝ Կրթության թե Առողջապահության նախարարությունը
WomenNet.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ դիմակների հարցում խնդիր է տեսնում, քանի որ ինքն էլ է զգում դիմակի կրելու դժվարությունները: Նրա խոսքով, երկար ժամանակ դիմակը կրելը առաջացնում է թթվածնային քաղց, և ակնհայտ է, որ երեխաների կողմից դիմակի կրումը ևս խնդիրներ կառաջացնի: Բայց պատգամավորը վստահ է, որ այս դեպքում հարցի հասցեատերը ոչ այնքան Կրթության և գիտության նախարարությունն է, որքան Առողջապահության նախարարությունը.
«Այս հարցի շուրջ մեծ է հասարակության արձագանքը, մինչդեռ դրանց պետք է պատասխանի Առողջապահության նախարարությունը և առհասարակ գիտական շրջանակները: ԿԳՄՍ-ն պետք է փորձի ռազմավարություն մշակի կրթության գործընթացի իրացման առումով, բայց դրան ամբողջությամբ պետք է աջակցի Առողջապահության նախարարությունը, որն էլ անհրաժեշտ տեղեկատվություն տվող ու կարգերը սահմանող մարմինն է»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը:
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով երեխաների առողջության համար լուրջ վտանգներ է տեսնում սահմանվող կանոնների կիրառման արդյունքում.
«Դպրոցահասակ փոքր երեխաները օրական մի քանի ժամ զմռսված դասասենյակում պիտի նստեն դիմակով, ընդմիջմանը դասասենյակից դուրս գալը և դիմակը հանելը արգելվում է, բուֆետ գնալը անթույլատրելի է և երեխաները ընդմիջմանը պետք է ուտեն տանից բերած սնունդը, որը մի քանի ժամ պայուսակում մնալով դառնալու է թույն: Ամեն դասարանում դնելո՞ւ եք սառնարան, թե՞ ասելու եք՝ չոր պեչենի կբերեք ու փոքր երեխաները չոր պեչենու վրա են «նստելու»։ Հիմա ես չեմ խոսելու երեխային հոգեբանական լուրջ սթրեսի ենթարկելու մասին, որ մի քանի օր նման «կոնսլագերում» նստելուց հետո երեխաները հրաժարվելու են դպրոց գնալ ու ծնողն իրեն դահիճ է զգալու՝ սեփական երեխային նման կտտանքների ենթարկելու համար: Չեմ խոսելու նաեւ այն երեխաների մասին, ովքեր տարբեր շնչառական ու սրտային խնդիրներ ունեն», – գրել է պատգամավորն իր ֆեյբուքյան էջում: Նրա խոսքով, փակ դասասենյակում, ժամերով, դիմակը դեմքին անշարժ նստած, սենյակի ծանրացած օդը շնչող ու դասասենյակում պատանդ պահվող երեխաներով միջավայրը ոչ թե պաշտպանելու է կորոնավիրուսից, այլ տարատեսակ վարակների ակտիվ օջախ է հանդիսանալու։
Ի դեպ, ինչպես հայտնում է Ռոյթերս գործակալությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ 12 և ավելի բարձր տարիքի երեխաները մեծահասակների պես պետք է դիմակ կրեն՝ որպեսզի կանխեն COVID-19 համավարակի տարածումը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի մեծ երեխաներն ավելի ակտիվ դերակատարում ունեն կորոնավիրուսի փոխանցման հարցում: Մինչդեռ 6-11 տարեկան երեխաները համարվում են ռիսկային ՝ դիմակ դնելու կանոնների պահպանման առումով, քանի որ նրանք հնարավոր է դիմակը սխալ դնեն և վարակվեն։ Ինչ վերաբերում է հինգ տարեկան և ավելի փոքր երեխաներին, ապա ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունների, նրանք չպետք է դիմակ դնեն։
Համավարակի պայմաններում օֆլայն դասապրոցես իրականացնելու ինչպիսի՞ փորձ կա
WomenNet.am-ը կապ հաստատեց 2019 թվականից Չինաստանում անգլերեն լեզվի դասավանդման մեկնած մեր հայրենակից Լիլիթ Դովլաթյանի հետ, ով կարանտինի ամիսներին մնացել է Չինաստանում ու ծանոթ է բոլոր գործընթացներին հենց տեղում: Լիլիթի խոսքով, իրենց մարզը ամենավերջիններից, որտեղ վերականգնվեց դասապրոցեսը, այդ թվում և իր լեզվի կենտրոնում: Առաջին շաբաթվա ընթացքում դիմակով դասերի ներկայանալը եղել է պարտադիր, սակայն բուն դասի ընթացքում երեխաներն առանց դիմակ են եղել: Թեպետ եղել են երեխաներ, որ դիմակ են կրել.
«Իսկ մենք՝ ուսուցիչներս, դիմակ նորից սկսեցինք կրել այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ մեր քաղաքում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել: Բայց դա էլ մոտ մեկ շաբաթ տևեց ու երեխաների վրա չէր տարածվում: Եվ որևէ փուլում նման հրաման չի եղել, որ և՛ երեխաները, և՛ ուսուցիչները պարտադիր դիմակ կրեն, պարզապես պարտադիր է ջերմաչափումն ու ախտահանումը»,- նշեց նա:
Ըստ մեր զրուցակցի, գուցե պատճառը նաև նրանում է, որ դպրոցներն ու մանկապարտեզները բացվել են այն ժամանակ, երբ քաղաքում արդեն կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Սակայն միևնույն է, հիմնական շեշտադրումն ախտահանման գործընթացի ճիշտ կազմակերպման ու հիգիենայի կանոնների խիստ պահպանման վրա է.
«Կոնկրետ մեր լեզվի կենտրոնում նաև պարտադիր պայման է եղել, որպեսզի ուսուցիչները թեստավորվեն և ես տեղյակ եմ, որ թեստավորման պահանջ դրվել է շատ կրթական հաստատություններում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հետաքրքիր է Դանիայի օրինակը, որտեղ դպրոցները վերաբացվել էին դեռ ապրիլին: Այստեղ անվտանգությունը փորձել են ապահովել առանց դիմակների, ձեռքերի հաճախ լվացման, սոցիալական հեռավորություն հնարավորինս պահպանելու և երեխաների շարժը որոշ չափով սահմանափակելու միջոցով:
Ծնողները դժգոհ են
Ծնողներին ամենաշատը մտահոգում է երեխաների դիմակով մի քանի ժամ նստելու հանգամանքը: Սա հիմնական դժգոհությունն է, որ նրանք արտահայտում են, այդ թվում և համացանցում` որոշ դեպքերում դիմելով անձամբ նախարարին:
Այսպես, ծնողներից մեկը գրում է. «Իսկ նախարարը մտածե՞լ է, թե ի՞նչ է լինելու այն երեխաների հետ, որոնք ալերգիկ են, ասթմա ունեն կամ շնչառական այլ խնդիրներ: Իմ երեխան շատ հաճախակի հիվանդանում է, սա նշանակում է, որ մաքուր օդից զրկվելով, այն էլ մի քանի ժամ շարունակ, իմ երեխան անվերջ հիվանդ կլինի, դա կդառնա քրոնիկ…. Միանշանակ է, որ դասերին դիմակով նստելը բացասաբար կանդրադառնա երեխաների առողջության վրա, բայց ես զարմանում եմ, թե ինչու այս հարցի վերաբերյալ լռում է առողջապահության նախարարությունը»,- գրել է ծնողը: Օգտատերերը նաև նշում են, որ սովորական եռաշերտ դիմակները խորհուրդ է տրվում փոխել երկու ժամը մեկ:
Ծնողների մեկ այլ մտահոգությունը կապված է 6-օրյա դասապրոցեսի հետ, ինչն, իրենց կարծիքով, խնդրահարույց է: Ծնողներից մեկը դիմել է իրավաբանների օգնությանը, որպեսզի պարզաբանեն. եթե սեպտեմբերի 12-ին ավարտվում է Արտակարգ դրությունը, ապա իրավական տեսանկյունից ի՞նչ հիմքով է ԿԳՄՍ նախարարը պարտադրում երեխաներին դիմակ կրել դպրոցում. «Ես դիմակին դեմ ոչինչ չունեմ, բայց փոքր երեխային ստիպել մի քանի ժամ դիմակ կրել ֆանտաստիկայի ժանրից է (չմոռանանք, որ կտորից դիմակը չի փրկում վիրուսից, իսկ դեղատներում մանկական չափսի բժշկական դիմակներ չկան, 9 տարբեր դեղատներում հարցրել եմ)»,- գրել է ծնողը։
Ուսուցիչները ևս հարցեր ունեն
Խնդրահարույց է ոչ միայն աշակերտների ապագա կարգավիճակը, այլև ուսուցիչների: Այդպես, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ահազանգում է, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանն իջեցվել է հանձնարարություն հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք ունեն տարբեր տիպի քրոնիկ հիվանդություններ: Մասնավորապես՝ ասթմա, էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի անբավարավածություն, երիկամների և լյարդի քրոնիկ հիվանդություններ , հեպատիտ, քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ, Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ, ուղեղային կաթված, շաքարային դիաբետ…
Պատգամավորը, հղում անելով մի շարք միջազգային Կոնվենցիաների ու Խարտիաների նշում է, որ հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տրամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Ուստի, Անի Սամսոնյանը դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և, իր խոսքով, պահանջել է պարզաբանել հետևալ հարցերը.
1.Իրավական ի՞նչ հիմքով է պահանջվում հավաքագրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ դպրոցների մանկավարժների վերաբերյալ։
2. Իրավական ինչպիսի՞ ակտի համաձայն է պահանջվել տեղեկատվությունը։
3. Ի՞նչ նպատակ է հետապնդում տեղեկատվության հավաքագրումը։
4. Ովքե՞ր են պատասխանատու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության համար…
Հարցադրման պատասխանը դեռևս չի ստացվել, և կարելի է ենթադրել, որ մանկավարժների մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը շարունակում է հավաքագրվել… Եվ պարզ չէ , ինչպիսի հետևանքներ դա կունենա տարեց ուսուցիչների համար…
Լիա Խոջոյան
Հ.Գ. Նյութը պատրաստելուց հետո հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ հիմնվելով աշակերտներից և նրանց ծնողներից իրեն հասցեագրված դիմում-բողոքների վրա, դիմել է ԿԳՄՍ նախարարություն ՝ դպրոցներում երեխաների դիմակ կրելու պահանջի և համաճարակային այլ կանոնների պահպանման կազմակերպման առնչությամբ մի շարք հարցադրումներով:
Նշենք, որ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցն արդեն հրապարակվել է և տեղադրված է նախարարության կայքում, սակայն այն ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դպրոցների վերաբացմանն ընդառաջ. հարցեր, որոնց պատասխաններն անորոշ են
Աշխարհում 5 դպրոցներից 2-ում լվացարաններ չկան, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանու՞մ …
ՄԻՊ-ը դիմել է նախարարին՝ դպրոցներում երեխաների դիմակ կրելու և այլ պահանջների առնչությամբ
Առաջնագծում նաև ուսուցիչներ են…
Դիտումների քանակը` 1308