Հաշմանդամության համար մորն ուզում են զրկել երեխայից

4-ամյա Մերին մանկությունը վայելելու փոխարեն՝ դարձել է ծնողների կռվախնձորը. հիմա փոքրիկը զրկված է մայրական խնամքից, ապրում է հոր հետ, նրա խնամքով զբաղվում է հայրական տատիկը: Մերիի կռվախնձոր դառնալու պատճառը նրա մոր՝ Սյուզաննա Գրիգորյանի հիվանդությունն է: Երեխայի հայրն ու տատիկը հենց իմացել են, որ փոքրիկի մայրը 3-րդ կարգի հաշմանդամ է, այլեւս չեն ցանկացել նման հարսին իրենց տանը պահել: Պատմության մանրամասները  ներկայացնում է  «Առավոտ»– ում  լրագրող  Նելլի Բաբայանը: Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի «Արագ արձագանքման» խմբի շրջանակներում: 

 

…Մեզ հետ զրույցում Սյուզաննան պատմում է, որ ամուսնանալուց կարճ ժամանակ անց հղիացել է, սակայն սկեսուրը՝ տիկին Սուսաննան, հորդորել է աբորտ անել, ինչից հրաժարվել է երիտասարդ կինը: Հետո տիկին Սուսաննան ու իր որդին՝ Արկադի Գեւորգյանը, Սյուզիի պատմելով, վերջինիս ասել են, որ իրենց հիվանդ մայր, հիվանդ երեխա պետք չի, ու նրան հետ են ուղարկել հայրական տուն՝ Տավուշի մարզի Բերդ քաղաք: Սյուզիի սկեսուրը մեզ հետ զրույցում պնդում է, որ մինչ որդու ամուսնությունը իրենք չեն իմացել, որ Սյուզին հաշմանդամություն ունի, իսկ Սյուզին ու նրա մայրը հակառակն են պնդում՝ վստահեցնում են, որ իրենք տեղեկացրել են այդ մասին:

 

Սյուզիի պատմելով՝ 2.5 ամսական հղի լինելով՝ ինքը վերադարձել է հայրական տուն, երեխան առողջ է ծնվել, ու հայրը երբ իմացել է, որ առողջ երեխա է ծնվել, ու արդեն 1 տարեկանը լրացել է, հանդիպել է Սյուզիին, փորձել է միանալ, երեխային հայրություն անել: «Էրեխու հետ հետ եկանք իրանց տուն՝ Վանաձոր, բայց էլի կարճ տեւեց ամուսնական կյանքը: Էդ ընթացքում իմ ու էրեխու փաստաթղթերը հափշտակեց, տարավ ձեւակերպեց որպես հայր, իրա ազգանունը դրեց էրեխուն: Ինչքան ժամանակ իրենց տանն եմ ապրել, Արկադին ինձ ծեծում էր, մի անգամ էնքան ուժեղ էր խփել, ընկա ու աչքս վնասվեց: Մայրն էլ ծեծի ժամանակ մեջտեղ ընկավ, իրան էլ խփեց: Ինձ սենյակում առանձին էին պահում, չէին թողնում դուրս գայի, որ էրեխուն կրծքով կերակրեի: Սկեսուրս ասում էր՝ կաթի միջոցով հիվանդությունդ կանցնի էրեխուն: Ես էդ ի՞նչ հիվանդություն ունեմ, որ պիտի անցներ էրեխուն: Էլ չդիմացա իրանց բռնությանն ու խաբելով տանից դուրս եմ եկել ու գնացել Բերդ: Մի անգամ էլ իմ ներկայությամբ էրեխուն խփել ա հերը, վախացրել ա, որ էրեխեն ինձ մոտիկ չգա»,- պատմում է Սյուզին:

 

Սյուզիի սկեսուրը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ իրենք տեղյակ էլ չեն եղել, որ հարսը հղի է եղել, երբ իմանալով՝ հարսը հիվանդ է, հետ են ուղարկել հայրական տուն, իսկ Արկադին մեզ ասում է, որ ինքն ի սկզբանե Սյուզիին ասել է՝ հենց էրեխեն ծնվի, ինքը պատրաստ է հայրություն անել, այսինքն՝ տեղյակ է եղել, որ կինը հղի է: Ինչ վերաբերում է նրան, որ Սյուզին պնդում է, թե ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել, Արկադին ասում է. «Սյուզիին հեն ա Աստված ծեծել, պրծել ա էլի: Եթե ես էրեխու վրա ձեռք բարձրացնող լինեի, էրեխեն էսօր մեր տանը չէր լինի: Իսկ դու գիտե՞ս, որ Սյուզին թոշակ ա ստանում՝ 14 հազար դրամ, սաղ օրենքով եմ անելու: Էնքան սուտ բաներ են խոսացել, այ ցավդ տանեմ, ես օջախի տղա եմ, օջախն էլ սրբություն ա, էրեխեն էլ սրբություն ա: Ես Սյուզիին պետք չեմ, ինքը ուզում ա կռիշ ունենա, որ ախպերները ծեծել են, բա խի՞ չի ասել, որ տանից դուրս են արել»: Արկադիի այս պնդումները Սյուզին հերքում է, վստահեցնում է, որ իր եղբայրները երբեք բռնություն չեն կիրառել իր նկատմամբ….

 

Սյուզին դիմել է դատարան, որպեսզի իր երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնեն իրեն: Փետրվարի 16-ին առաջին դատական նիստն էր, որին չէր ներկայացել երեխայի հայրը՝ Արկադի Գեւորգյանը: Դատավորը հենց նիստի ժամանակ զանգահարեց Գեւորգյանին, որը վստահեցրեց, թե դատարանի ծանուցագիրը չի ստացել: Գործի քննությունը հետաձգվեց մինչեւ ապրիլի 7-ը, որպեսզի նաեւ պատասխանող կողմը ներկա լինի:

 

 

Մինչեւ դատարան դիմելը, ըստ Սյուզիի, ամուսինը նախորդ տարվա մարտ ամսին զանգահարել է, խնդրել, որ Մերիին 2 օրով տանի իր մոտ՝ Վանաձոր, որպեսզի երեխայի պապիկը տեսնի թոռանը, ասել է, որ ինքը փոխվել է, աշխատում է, եթե Սյուզին համաձայնվի, միասին առանձին կապրեն: Սյուզին էլ համաձայնել է:

 

 

Չնայած կնոջ այս պնդմանը՝ Արկադին ասում է, թե Սյուզին ինքն է զանգել ու ասել, որ եղբայրները տանից դուրս են արել, օգնություն է խնդրել: «Ասեցի՝ էրեխուն նստացրու տաքսի, ադյալով փաթաթի ուղարկի, ես ստեղ կդիմավորեմ, դու ինչի՞ ես գալիս, ինձ թոշակառու կնիկ պետք չի, ինձ պետք ա առողջ կնիկ, էրեխուս էլ՝ առողջ մեր: Մեկ էլ տեսնում եմ՝ ուզում ա գա ինձ հետ ապրի: Եկավ ու մնաց»,- ասում է Արկադին:

 

 

Արկադիի մոր պատմելով էլ՝ երբ հարսը որդու եւ թոռան հետ այդ օրը եկել է, այնպիսի տպավորություն էր, որ ընդամենը 2 օրով էր եկել, իսկ երբ լույսը բացվել է, որդին ասել է, որ ուզում է գնալ Բերդ՝ կնոջ եւ երեխայի իրերն ու հագուստները բերել, քանի որ կինը պետք է իրենց հետ ապրի. «Ես էլ ասեցի՝ իրանց գործն ա, ջահել են, դե, միացել են, տղուս բախտն ա»: Սյուզին էլ պնդում է, թե ամուսինն է խնդրել մնալ:

 

 

Սյուզիի սկեսուրը՝ տիկին Սուսաննան, վստահեցնում է, որ անհնար է նման հարսի հետ ապրել. «Մանկական բաներ ունի, մի անգամ տենալով բան չեք հասկանա: Տղուս համոզեցի, ուղարկեցի Ռուսաստան գնա, գնաց, Սյուզիին ուղարկել եմ բժշկի, ես էրեխուն պահել: Դեղեր են նշանակել, պիտի հանգիստ մնար, ուղարկել եմ մոր տուն, ընդեղ բուժումը ստանա, որ ամուսնական կյանքով չապրի, ներվերին չազդի, ինքը ներվերի հիվանդ ա: Ասել եմ՝ երանի պոչկեդ հիվանդ լիներ, լեղապարկդ հիվանդ լիներ, տանեինք վիրահատեինք, էնքան մարդ կա, որ առանց լեղապարկի ապրում ա: Բա եթե նա խնդիր չունի, ոնց ա աշխարհի թանկանոց դեղերը խմել, սրսկվել»: Բուժման ընթացքում ապրելով մոր տանը՝ Բերդում, ինչպես պատմում է Սյուզին, ամուսինը զանգել է եւ ասել, որ այլեւս հետ չգա, իրեն հիվանդ կին պետք չի, ու անցյալ տարվա օգոստոս ամսից Սյուզին այլեւս իր փոքրիկ երեխային չի տեսել:

 

 

Ընտանեկան «պատերազմի» պատճառ դարձած Սյուզիի հաշմանդամությունն էլ մանկուց է եղել. բժշկական փաստաթղթում գրված է, «Վիճակ՝ կրած գանգուղեղի ռեզիդուալ-օրգանական ախտահարումից հետո ցրված մանրօջախային օրգանական սիմպտոմացիայով, մտավոր թերի զարգացվածությամբ: Հորիզոնական նիստագամ, աստիգմատիզմ, հետտրավմատիկ ձախ արմնկային հոդի կոնտրակտուրա»:

 

 

Փորձեցինք մասնագետից ճշտել, թե որքանո՞վ է վտանգավոր այս հիվանդությունը, որի պատճառով մորը զրկում են երեխայից: Բժիշկը, որը չցանկացավ անունը նշենք, մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ սա վտանգավոր հիվանդություն չէ, ֆիզիկական կարողությունների սահմանափակում չկա, իսկ մտավոր հետամնացության մի քանի աստիճան կա, սա թեթեւն է, որը երեխայի խնամքին չի խանգարում. «Ամեն ինչ դատաբժշկական փորձաքննությունը պիտի պարզի, հոգեբանն էլ պիտի զրուցի այդ կնոջ հետ՝ մտավոր հետամնացության ներկայիս վիճակը պարզելու համար»:

 

 

Նշենք, որ Սյուզիի հետ զրույցի ընթացքում մենք արտառոց որեւէ բան չենք նկատել, նա շատ սահուն, առանց կաշկանդվելու կամ դանդաղելու արտահայտում էր իր մտքերը: Սակայն Սյուզիի սկեսուրն ասում է՝ «Նա տելեւիզորին թեք ա նայում, ասեղը թեք ա թելում, էրեխու մազերը գլուխը թեքած ա սանրում, գլխիցը շաշ ա: Ով մեզ չի հասկանա, որ էդ ճղերքը (Լոռվա բարբառով՝ հիվանդ-Ն. Բ.) ներխուժել ա իմ էրեխու կյանք, մեր տուն, Աստծուց առնի իրա պատիժը: Հարեւաններս հարյուր անգամ ասել են՝ Սուսան, գլուխդ մեռնի, դու էդ ում ես բերել հարս: Մի անգամ հաց ուտելուց գլուխն ընկնում էր ամանի մեջ, չի կարում բարձրացնի: Որ իմանայի տըհենց ա, խի ես ապո՞ւշ եմ, էդ թավուր աղջկան բերեմ էրեխուս ծոցը քնացնեմ: Իմ էրեխեն նորմալ, առողջ տղա է: Մի անգամ էլ էրեխուն քցել ա ձեռիցը: Էդ ժամանակ որ միացել էին, ասինք՝ բուժենք, չբուժվեց, մենք էլ ի՞նչ անենք: Որ ուզում եք իմանաք՝ ինձ սկի էս էրեխեն պետք չի (ցույց է տալիս փոքրիկ Մերիին), ես 4 էրեխա արդեն ունեմ: Էս էրեխեն դաժե խանգարում ա, որ տղես նորից ամուսնանա: Ջահել տղայա, մի աղջկա հետ ուզեցի ամուսնացնեմ, էն էլ էդ աղջիկը որ իմացավ՝ մեջտեղն էրեխա կա, չուզեց»:

 

Սյուզին էլ վստահեցնում է, որ նման բան չի եղել. «Ես երբ 2-րդ անգամ հղիացա, սկեսուրս դեղ բերեց, զոռով խմացրեց, վիժեցի: Դրանից հետո սկի ինձ վատ չեմ զգացել, ուր մնաց թե՝ գլուխս թուլանա ընգնի: Անցյալ տարի եմ գնացել գլուխս նկարել, «յամեր» արել, սաղ թղթերը ներկայացրել ենք դատարան, բժիշկն ասել է, որ գլուխս նորմալ ա, խնդիր չունեմ: Ախր ես չեմ էլ ուզում միանամ, իրանց հետ ապրեմ, թող ինձ իմ էրեխուն տան, ես աշխատում եմ, իմ արդար աշխատանքով Մերիիս կպահեմ, կմեծացնեմ»:

 

«Մինչեւ վերջ գնալու եմ, Սյուզիի եղունգից մինչեւ մազի ծերը պիտի ստուգեն, պարզեն՝ ինչն ինչոց է, ինձ թոշակառու կնիկ պետք չի»,- պնդում է փոքրիկի հայրն ու ասում՝ մինչ ամուսնանալը չի նկատել Սյուզիի, իր խոսքերով ասած՝ «թերությունները»: Ով է ում խնդրել միանալ, ով է ում ծեծել, ինչ հիվանդություն է՝ թերեւս կպարզվի դատական գործընթացի ժամանակ, բայց փոքրիկ Մերիի աշխարհն արդեն տակնուվրա է եղել….

 

Հոդվածը ամբողջությամբ  կարող եք կարդալ այստեղ  

 

 

 

Դիտումների քանակը` 4220

Գլխավոր էջ