«Սպանության ականատես եղած աղջիկներին պետք չէ կրկին սթրեսի ենթարկել»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք իր քաղաքացիական կնոջը Դիանա Նահապետյանին դաժանորեն սպանած Վոլոդյա Մուրադյանի դատապաշտպանը դատարանին միջնորդել էր վերադառնալ դատաքննության փուլին: Թեեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը եւ դատախազը կարծիք հայտնեցին, որ միջնորդությունն անհիմն է, սակայն դատարանը բավարարեց այն:
«Սպանության ականատես եղած աղջիկներին եւս մեկ անգամ պետք չէ սթրեսի ենթարկել, կարիք չկա, որ նրանք նորից գան դատարան եւ մանրամասնորեն պատմեն, թե ինչպես է Վոլոդյա Մուրադյանը սպանել իրենց մորը»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց Դիանա Նահապետյանի մոր փաստաբան Նարինե Մկրտչյանը՝ ոսելով դատաքննության փուլին վերադառնալու դատարանի որոշման հետեւանքների մասին:
Փաստաբանն այսօր Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննության ժամանակ միջնորդեց աղջիկներին չվկայակոչել դատարան: Փաստաբանի միջնորդությանը միացավ նաեւ գործով մեղադրող դատախազ Հայկազ Նիկողոսյանը:
Դատարանը սույն միջնորդությունը բավարարելու համար պահանջեց ներկայացնել հոգեբանի եզրակացություն այն մասին, որ դատարանում իրենց մոր սպանության վերաբերյալ հարցաքննվելը կարող է բացասաբար անդրադառնալ աղջիկների հոգեկան առողջության վրա:
Հիշեցնենք, որ 35-ամյա Դիանա Նահապետյանին 21 դանակի հարվածով սպանած Վոլոդյա Մուրադյանի պաշտպանը փորձում է դատարանում ապացուցել, թե հանցագործության պահին նա գտնվել է աֆեկտի տակ: Այդպիսով դատապաշտպանը փորձում է փոխել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու պատժաչափը: Նշենք, որ Մուրադյանը մեղադրվում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մեջ եւ դատախազը դատարանին միջնորդել էր նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Հաջորդ դատական նիստ տեղի կունենա հոկտեմբերի 9-ին` ժամը 15.00-ին:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 3390