Կնոջը 21 հարվածով սպանած ամուսինը աֆեկտի տակ չի եղել (տեսանյութ)
Դիանա Նահապետյանին առանձնակի դաժանությամբ սպանած Վոլոդյա Մուրադյանի դատապաշտպանն այսօր դատարանին միջնորդեց վերսկսել դատաքննությունը եւ հավելյալ հարցաքննել վկաներին, մասնավորապես Դիանայի երկու դուստրերին, որոնք ականատես են եղել ոճրագործությանը:
Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Դիանա Նահապետյանի սպանության գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմերի 4-ին Դիանա Նահապետյանի հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Վոլոդյա Մուրադյանը վեճի է բռնվել Դիանայի հետ, ապտակներ է հասցրել նրան, ապա մազերից քաշել-տարել է խոհանոց, խոհանոցային երկու դանակներով 21 հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, այնքան է խփել, մինչեւ կինը տեղում մահացել է:
Դաժանությանը ականատես եղած աղջիկները վերջին վայրկյանին դուրս են վազել տնից` հարեւաններին օգնության կանչելու, սակայն արդեն ուշ է եղել:
Վոլոդյա Մուրադյանի դատապաշտպան Անդրանիկ Մնացականյանը ցանկանում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել` պարզելու համար, թե արդյոք Վոլոդյա Մուրադյանը հանցագործություն կատարելու պահին գտնվել է աֆեկտի տակ:
Տուժողի ներկայացուցչի փաստաբանը վստահ է, որ մարդասպանը աֆեկտի տակ չի եղել եւ որ որեւէ փորձաքննություն չի կարող հանգեցնել այդ եզրակացության: Իսկ մեղադրող դատախազ Հայկազ Նիկողոսյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում նշեց, որ եթե պարզվի, որ Մուրադյանը աֆեկտի տակ է եղել, ապա կփոխվի նրան առաջադրված մեղադրանքի ծավալը եւ առաջարկվող պատժաչափը:
Նշենք, որ Վոլոդյա Մուրադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասով («առանձնակի դաժանությամբ սպանություն»), դատախազը դատարանին միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 12 տարվա ազատազրկամ:
Մեղադրող դատախազը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու եւ իր դիրքորոշումը պատրաստելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին:
ՀԳ – Նոր դատաբժշկական փորձաքննությամբ Մուրադյանի դատապաշտպանը, ըստ էության, փորձում է նվազեցնել նրա պատժաչափը, թեեւ մեղադրող դատախազն առանց այդ էլ նվազագույն պատժաչափ էր առաջարկել` 12 տարի, այնինչ Մուրադյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում: Դիանա Նահապետյանի մոր` Վալյա Նահապետյանի շահերը ներկայացնող փաստաբանը, սակայն, կարծում է, որ նոր փորձաքննության արդյունքը չի կարող տարբերվել նախորդից: Մանրամասները «WomenNet.am»-ի տեսանյութում:
Արման Ղարիբյան
Դիտումների քանակը` 5764