Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար / լրացված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածնի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Դիանա Գասպարյանի վրա: Ինչպես հայտնի է, Էջմիածին համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանը, ով ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է, հրաժարական է տվել:
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երրորդ հանրապետության պատմության մեջ կանայք քաղաքապետի պաշտոն երբևիցե չեն զբաղեցրել :
«Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար 30-ամյա Դիանա Գասպարյանը ծնվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: 2004-2011 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Գասպարյանը սովորելու վերջին տարիներին՝ 2008-2009 թվականներին աշխատել է Երեւանի քրեական դատարանում՝ որպես դատարանի նախագահի գործավար, այնուհետեւ 2009-2012 թվականներին՝ վերաքննիչ քրեական դատարանում: 2013 թվականից աշխատել է արդարադատության նախարարության եվրոպական կապերի վարչությունում՝ որպես քաղաքացիական-տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ, այնուհետեւ նույն բաժնի գլխավոր մասնագետ, ապա 2016-ից այդ բաժնի պետ: Դիանա Գասպարյանը դասավանդել է նաեւ Արդարադատության ակադեմիայում՝ դատավորների, դատախազների, դատական ծառայողների վերապատրաստման շրջանակներում՝ քրեական եւ քաղաքացիական գործերով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումների հետ կապված: Անկուսակցական է, սակայն , իր իսկ խոսքով, գաղափարներով հարում է ներկայիս վարչապետի քաղաքական թիմին՝ կուսակցությանը: Ասում է, որ առաջիկայում հնարավոր է համալրի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը:
Դիտեք նաև 1in.am Live -ի հարցազրույցը Դիանա Գասպարյանի հետ.
Դիտումների քանակը` 5239