CSW 66. Կանայք և աղջիկները պետք է առաջնորդեն պայքարը ճգնաժամերի դեմ

 

Ի՞նչ է քննարկվել Կանանց կարգավիճակի հանձնաժողովում

 

Այս տարի մարտի 14-25-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  66-րդ նստաշրջանի (CSW66) առաջնահերթ թեման էր «Գենդերային հավասարության ձեռքբերում և բոլոր կանանց ու աղջիկների հզորացում կլիմայի փոփոխության, բնապահպանական և աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և ծրագրերի համատեքստում»:

 

COVID-19 համավարակի շարունակական ազդեցության պատճառով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 66-րդ նստաշրջանը կազմակերպվել էր հիբրիդային ձևաչափով: Պետությունների ներկայացուցիչների մակարդակով նիստերը կայացել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ բոլոր զուգահեռ միջոցառումներն անցկացվել են ամբողջությամբ վիրտուալ ձևաչափով։

 

Նստաշրջանին նախորդել էր փորձագիտական խմբի հանդիպումը, որը մշակել էր նստաշրջանի թեմային առնչվող փաստաթղթերը:

 

Բացի վերը նշված առաջնահերթ թեմայից, նստաշրջանի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում ընդունված Համաձայնեցված եզրակացությունների  կատարողականի մասին պետությունների հաղորդումները, որոնք վերաբերում են «Կանանց տնտեսական հզորացումը փոփոխվող աշխատանքի աշխարհում» թեմային: Հայաստանը նույնպես ներկայացրել էր այդ ուղղությամբ կատարված քայլերը:

 

«Մեր ժամանակի որոշիչ հիմնախնդիրներ»

 

Նստաշրջանի հիմնական ուղերձները իր բացման խոսքում ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Մեզ բոլորիս համար կայուն ապագա կերտելու համար «կանայք և աղջիկները պետք է լինեն առաջնահերթ և կենտրոնում՝ առաջնորդելով ճանապարհը»,- Կանանց կարգավիճակի հանձնաժողովի բացման նիստին ասել է գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

 

 

Նա բնորոշել է կլիմայական և բնապահպանական ճգնաժամերը՝ զուգորդված COVID-19 համավարակի շարունակական տնտեսական և սոցիալական հետևանքների հետ, որպես «մեր ժամանակի որոշիչ հիմնախնդիրներ»՝ հիշեցնելով, որ այդ մարտահրավերներին «մեր հավաքական արձագանքը կնախանշի մեր ընթացքը գալիք տասնամյակների համար»:

 

 

Նշելով, որ «կլիմայական ճգնաժամի, աղտոտման, անապատացման և կենսաբազմազանության կորստի աննախադեպ արտակարգ իրավիճակները, զուգորդված COVID-19 համավարակի և նոր ու շարունակվող հակամարտությունների ազդեցության հետ, արագացրել և ուժգնացրել են համատարած և փոխկապակցված ճգնաժամերը, որոնք ազդում են բոլորի վրա», Գուտերեշը նկատել է, որ ամենուր կանայք և աղջիկները բախվում են «ամենամեծ սպառնալիքների և ամենախոր վնասին»:

 

 

Կանայք և աղջիկները, որոնք ապրում են փոքր կղզիներում, ամենաքիչ զարգացած երկրներում և հակամարտություններից տուժած վայրերում, ամենաշատն են տուժում՝ ասել է ՄԱԿ-ի ղեկավարը: «Երբ կլիմայական աղետներ են տեղի ունենում, իսկ դրանք տեղի են ունենում աճող հաճախականությամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք և երեխաները 14 անգամ ավելի շատ են մահանում, քան տղամարդիկ»,- շարունակել է նա:

 

 

Նրա խոսքով՝ կին առաջնորդները, ֆերմերները, քաղաքականություն մշակողները, տնտեսագետները, իրավաբանները և կլիմայի ակտիվիստները կենսական նշանակություն ունեն վաղվա կայուն տնտեսություն և ճկուն հասարակություն կառուցելու համար: «Բայց մենք այնտեղ չենք հասնի առանց կանանց լիարժեք և հավասար մասնակցության և առաջնորդության»,- շեշտել է Գուտերեշը:

 

 

 

Հայաստանը խոսել է Արցախից տեղահանված կանանց խնդիրների մասին

 

Նստաշրջանին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որն իր ելույթի շրջանակում ընդգծել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարում գյուղաբնակ կանանց ներգրավումը, պատերազմի և հետպատերազմյան շրջանում կանանց անվտանգության մարտահրավերների հաղթահարումը, կանանց դերի բարձրացման, կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խնդիրների լուծման ազգային մեխանիզմների ամրապնդումը և այլն։ Նա նաև խոսել է Արցախից տեղահանված կանանց խնդիրների մասին՝ ներկայացնելով, որ Արցախի տարբեր բնակավայրերից տեղահանված մոտ 90 հազար բնակչության մեծ մասը կանայք և երեխաներ են, որոնք ավելի խոցելի վիճակում են:

 

 

Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման գործընթացներում կանանց ու աղջիկների առաջխաղացմանը՝ ընդգծելով գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին միանալու Հայաստանի հանձնառությունը։ Նա նշել է, որ ՀՀ Կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգին։

 

 

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ չնայած դեռևս մեծ աշխատանք պետք է տանել, որպեսզի հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ներգրավված լինեն, այնուամենայնիվ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների համեմատությամբ, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությամբ, շատ ավելի բարենպաստ դիրքերում է: Խոսքը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին է: Նախարարի խոսքով՝ ֆրանսիացի գործընկերները զարմացել են, որ Հայաստանում դպրոցահասակ մեծ թվով աղջիկ երեխաներ ներգրավված են ՏՏ ոլորտում: Դա, իր խոսքով, դպրոցներում գործող լաբորատորիաների, ինչպես նաև Հայաստանի տարբեր քաղաքներում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների շնորհիվ է: «Ֆրանսիացիները խնդրել են, որ փորձի փոխանակում անենք՝ ինչպես արդյունավետ տեղայնացնեն Ֆրանսիայում այդ մոդելները»,- նշել է նախարարը:

 

 

Նստաշրջանում իր ելույթի ավարտին նախարարը շեշտել է ջանքերի համախմբման կարևորությունը՝ կանանց և աղջիկների ներուժի խթանման ու իրացման ապահովման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է սերտորեն աշխատի՝ երաշխավորելու, որ կանայք լինեն ոչ միայն շահառուներ, այլև արժանապատիվ հերոսներ՝ իրենց անձնական զարգացման և իրենց ընտանիքների ու հասարակության զարգացման համար:

 

 

Նախարարի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են մեր երկրում ՄԱԿ-ի կանանց գրասենյակ բացելու հարցը, որպեսզի առավել թիրախային լինեն կանանց իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը հանրային տարբեր ոլորտներում:

 

 

Նստաշրջանի արդյունքներն ամփոփվել են «Համաձայնեցված եզրակացություններ» նախագծի ընդունմամբ, որոնք բոլոր անդամ պետությունների հետ բանակցությունների արդյունք են:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ .

 

 

CSW 66. «Հայրիշխանությանը դժվար է հաղթել, բայց մենք կարող ենք դա անել»

 

Դիտումների քանակը` 588

Գլխավոր էջ