Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը

Մարտի 15-26-ը Նյու Յորքում մեկնարկել է  ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը (CSW-65):  Հիշեցնենք, որ այս ու նախորդ նստաշրջաններում  Կանանց կարգավիճակի հանձնաժողովում  նախագահող երկիր է  հանդիսանում Հայաստանը (նախագահ` Մհեր Մարգարյան):

 

 

Իր բացման խոսքում Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է որոշումների կայացման բոլոր փուլերոմ կանանց ներկայացվածության և հանրային կյանքում լիարժեք մասնակցության խնդիրներին։ «Շատ երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, հանրային կյանքում կանանց հավասար և բովանդակային մասնակցության ներուժը դեռ պետք է իրացվի։ Մենք պետք է հանձնառու լինենք որոշումների կայացման գործում, այդ թվում՝ քաղաքական առաջնորդության ոլորտում կանանց առաջխաղացման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը»,-նշել է Մհեր Մարգարյանը։
 
 
 
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային հանրության աջակցության էական կարևորությունը՝ երաշխավորելու, որ կանայք և աղջիկները պաշտպանված են հակամարտություններում և հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում, քանի որ նրանք անհամաչափ զրկանքների են ենթարկվում՝ առերեսվելով անարդարությամբ և անհավասարությամբ պայմանավորված վտանգների, ներառյալ` կարևոր ծառայությունների և կենսական պայմանների հասանելիության հետ կապված։
 
 
 
Դեսպան Մարգարյանը շեշտել է, որ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը հնարավորություն է ստեղծում մշակելու կոնկրետ գործողություններին միտված քաղաքական առաջարկություններ և աշխատելու առավել հավասար և կայուն ապագայի կառուցման ուղղությամբ։
 
 
 
 
Բացման խոսքերով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, ՄԱԿ Սոցիալական և տնտեսական խորհրդի ու Գլխավոր ասամբլեայի նախագահները։
 
 
 

 

 

Ըստ  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանին ընդառաջ հրապարակված  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  զեկույցի,  վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության բարձրացմանը, մենք հեռու ենք որոշումների կայացման մակարդակում  լիակատար հավասարություն ձեռք բերելուց, և կանանց նկատմամբ բռնության դրսևորումները, այդ թվում առցանց տիրույթում,   նույնպես տարածված են: Հասկանալի է, որ COVID-19 համաճարակն ավելի է խորացրել մարտահրավերները կանանց իրավունքների, որոշումների կայացմանը և հասարակության մեջ նրանց հավասար մասնակցության տեսակետից:

 

 

  • Կանայք կազմում են ողջ աշխարհի խորհրդարանականների 25%  տոկոսը աշխարհում, և միայն երեք երկրներում կանանց ներկայացվածությունը խոչրհրդարանում  50% է կամ ավելի:

 

  • Խաղաղություն հաստատելու հետ կապված պաշտոնական  գործընթացներում կանայք կազմում են բանակցողների միայն 13%-ը, միջնորդների 6%-ը և ստորագրողների 6 %-ը:

 

  • 2020 թ.-ին Fortune-ի տվյալներով  500 խոշոր բիզնես ընկերությունների միայն 7.4% են ղեկավարել կանայք:

 

  • Աշխարհի ընդամենը 22 երկրների  ղեկավարներն են կին:

 

  • 87 երկրներից ՝ COVID-19-ի արձագանքման  աշխատանքային խմբերի կազմը միայն 3.5%-ի դեպքում է եղել ըստ սեռի  հավասարակշռված:

 

  • Առաջընթացի ներկա տեմպերով, իշխանության բարձրագույն պաշտոններում գենդերային հավասարության հասնելու համար կպահանջվի ևս 130 տարի:

 

 

COVID-19 համավարակի արձագանքնմանը վերաբերող  վերջին տվյալները  փաստում են, որ թեև աշխարհում  հազվադեպ է գենդերային  հավասարություն նկատվում աշխատանքային խմբերի կազմում և որոշումների կայացման հարցում, այնուամենայնիվ, մի շարք երկրներում, որտեղ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, համաճարակի արձագանքը հատկապես արդյունավետ է եղել: Երբ ավելի շատ կանայք են որոշումներ կայացնելու դիրքերում, ընդունվում են ավելի ընդգրկուն որոշումներ, հաշվի են առնվում բազմազան կարծիքներ , և ստեղծվում են տարբեր լուծումներ:

 

 

 Մարտի 15-ից մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 65-րդ նստաշրջանը կենտրոնանալու է  առաջընթացի, բացերի ուսումնասիրման և հասարակական կյանքում լիարժեք հավասարության հասնելու գլոբալ ճանապարհային քարտեզի վրա: Բացի վերը նշված հիմնական թեմայից  հանձնաժողովը կանդրադառնա նաև «Կանանց հզորացումը և կայուն զարգացման հետ կապը» 60-րդ նստաշրջանում  համաձայնեցված եզրակացություններին:

 

 

Այս տարվա ԿԿՀ- ն կարևոր կամուրջ է հանդիսանում  դեպի «Հավասարության ֆորում», որը  կազմակերպում են ՄԱԿ-ի կանայք և   Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունները, երիտասարդության և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, և որը  հասարակությունները փոխելու և  COVID-19- ից վերականգնման ճանապարհին կանանց  առաջնորդությանը  հիմքը դնելու կարևոր նախաձեռնություն է:  Ֆորումը կմեկնարկի օնլայն ռեժիմով Մեխիկո քաղաքում մարտի 29-ից 31-ը և կեզրափակվի Փարիզում 2021 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը:

 

 

Նշենք, որ համաճարակի ֆոնին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը նույնպես կանցկացվի գրեթե ամբողջովին վիրտուալ: ՄԱԿ-ի Կանանց կողմից կազմակերպված միջոցառումները, ՄԱԿ-ի այլ գործակալությունների, կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, բաց են բոլորի համար և ներկայացված են ստորև: 100-ից ավելի պաշտոնական հարակից միջոցառումների  (side events)  մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:

 

 

***

 

ՄԱԿ-ի  Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է, որը բաղկացած է 45 անդամ երկրներից, որոնք ընտրվում ենք չորս տարի ժամկետով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-ից 2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահ։ Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը ընթանալու է մարտի 15-ից 26-ը՝ մեծամասամբ առցանց հանդիպումների ձևաչափով, ներառյալ՝ նախարարական 4 կլոր սեղան-քննարկումներ։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նաև անդամ երկրների, ՄԱԿ կառույցների կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ։

 

 

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպում է առցանց քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը

 

Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա

 

Կանայք գործադիր իշխանության ղեկին.  առաջին կին վարչապետից մինչ այսօր

 

Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը  կանայք են

 

Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի

 

Մարտի 8. Կանայք COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի առաջնագծում

 

Դիտումների քանակը` 1377

Գլխավոր էջ