CSW 63 . «Գենդերային հավասարությունն իրականում իշխանության հարց է»
Այս օրերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում անցնում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանը: Այն մեկնարկել է մարտի 11-ին և կտևի մինչև մարտի 22 –ը: Այս տարվա կենտրոնական թեման է՝ «Սոցիալական պաշտպանության համակարգերը, հանրային ծառայությունների մատչելիությունը եւ կայուն ենթակառուցվածքները հանուն գենդերային հավասարության և կանանց եւ աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման»: Նստաշրջանին մասնակցում են ՄԱԿ-ի կառույցների և անդամ պետությունների, ինչպես նաև ECOSOC -ի հավատարմագիր ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Երբ ներգրավվում ենք կանանց՝ շահում է ողջ աշխարհը»
Նստաշրջանի բացմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նստաշրջանի բացմանը իր ելույթում ուշագրավ դիտարկում էր արել՝ նշելով, որ «գենդերային հավասարությունն իրականում իշխանության հարց է » , և այդ տեսակետից, իր խոսքով, Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ճիշտ կլինի անվանել իշխանության կարգավիճակի հանձնաժողով: Անվանելով իրեն «հպարտ ֆեմինիստ» նա նշեց, որ իշխանության մեջ հարաբերությունների փոփոխությունը, բացերի և կողմնակալությունների հաղթահարումը պահանջում է , որ կանայք ներգրաված լինեն հասարակական գործընթացներում որպես հավասար մասնակիցներ: «Երբ մենք դուրս ենք մղում կանանց, յուրաքանչյուրն իր գինն է վճարում, իսկ երբ ներգրավվում ենք կանանց՝ շահում է ողջ աշխարհը» , – եզրափակեց նա:
«Հայաստանը շարունակում է լուրջ քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ»
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ելույթում նշել է, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ կառույցի, որը ստեղծված է՝ հանուն գենդերային հավասարության խթանման և կանանց հզորացման: Նա ասել է, որ Հայաստանը որպես ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի անդամ՝ վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու գենդերային հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների խթանման և հզորացման համընդհանուր ջանքերին և իր կառուցողական ներդրումն ունենալու hանձնաժողովի աշխատանքներում:
Անդրադառնալով նախորդ տարի՝ գարնանը Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններին, նախարարը նշեց, որ Հայաստանի կանայք, այդ թվում՝ երիտասարդ կանայք, Սիրո և համերաշխության ժողովրդական հեղափոխության շարժիչ ուժն էին՝ միևնույն ժամանակ լինելով ամբողջ գործընթացի խաղաղության երաշխավորը։
«Տարիներ շարունակ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ, ես պայքարել եմ խտրականության դեմ, կանանց և փոքրամասնությունների հավասար հնարավորությունների, ինչպես նաև՝ մեր հասարակություններում արժանապատիվ տեղ ունենալու համար: Այսօր, որպես որոշում կայացնող, որպես կառավարության անդամ, կարող եմ հայտարարել, որ մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը իմ երկրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հիմքում են:
Հայաստանի նոր կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ մտադիր է խրախուսել երկրում կանանց քաղաքական մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածության ավելացումը՝ ոչ միայն ժողովրդավարության, այլև՝ երկրում կայուն զարգացման հասնելու համար:
Հայաստանը շարունակում է լուրջ քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է գենդերային հարցերին առնչվող միջազգային հիմնական գործիքները: Որպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ՝ Հայաստանը ստանձնել է որոշակի պարտավորություններ` համապատասխանեցնելու ազգային օրենսդրությունը՝ միջազգային դրույթների հետ: 2018-ին Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։
Կառավարության քաղաքականությունն ու ձեռնարկվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030թ. օրակարգին և նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ 5-րդ նպատակի, որը սահմանում է «Հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին», – ասել է Զարուհի Բաթոյանն իր ելույթում:
Զարուհի Բաթոյանի ելույթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր պաշտոնական կայքում :
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին ռազմավարությունը մեր ուշադրության կենտրոնում է»
Հատկաաշական է, որ այդ նույն օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Փաստահավաք խմբի ներկայացուցիչներին:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության խմբի համազեկուցող Յուլիա Լյովոչկինան տեղեկացրել է, որ այցի հիմնական նպատակը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների իրականացման ընթացքի, նոր կառավարության ծրագրի և քաղաքական առաջնահերթությունների, ինչպես նաև՝ արդի քաղաքական զարգացումների վերաբերյալ համապարփակ տեղեկությունների հավաքագրումն է:
Եվրոպացի գործիչներին հուզող հարցերից առաջինը վերաբերում էր գենդերային հավասարության հիմնախնդրին: Թեման որակելով որպես «խիստ զգայուն»՝ Յուլիա Լյովոչկինան տեղեկացրեց, որ հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ, որոնք մատնանշել են գենդերային հավասարության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթի անհրաժեշտությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեման կարևոր է նաև նախարարության համար։
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ևհավասար հնարավորությունների վերաբերյալ համապարփակ, ռազմավարական փաստաթղթի գոյությունը մեր ուշադրության կենտրոնում է: Մի քանի օրից մենք հանրային քննարկում կունենանք այս թեմայով՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մտահոգությունները և արտացոլելով նրանց կոնկրետ առաջարկները այս փաստաթղթում: Իհարկե, նախարարությունն ունի իր սեփական առաջարկները, որոնք ևս կներկայացվեն հանրային քննարկմանը», – ասել է փոխնախարարը:
Նշենք, որ փոխնախարարի կողմից խոստացված Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին ռազմավարության շուրջ քննարկումը արդեն տեղի է ունեցել մարտի 15-ին: Այն կազմակերպվել էր Հոդված -3 ակումբում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, և , ինչպես հայտարարվել է հանդիպման ավարտին , այժմ նախարարությունը բաց է ռազմավարության շուրջ առաջարկներ ընդունելու համար:
Դիտումների քանակը` 2025