COVID-2019. առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածությունը սպառնում է հղի կանանց և նորածիններին

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և դոնորներին՝ պահպանել կենսական նշանակության ծառայությունները հղի կանանց և նորածինների համար

 

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականի, գրեթե 116 միլիոն նորածին կծնվի կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Ենթադրվում է, որ այս փոքրիկները կծնվեն կորոնավիրուսի մասին՝ որպես համավարակ մարտի 11-ին արված հայտարարությանը հաջորդած 40 շաբաթների ընթացքում, ժամանակահատված, երբ առողջապահական համակարգերն ու բժշկական պարագաների և սարքավորումների մատակարարման շղթաներն արդեն իսկ գերծանրաբեռնված են։

 

 

Նոր ծննդաբերած մայրերին ու նորածիններին սպասում է բարդ ժամանակաշրջան, այդ թվում՝ աշխարհում համատարած այնպիսի սահմանափակումներ՝ ինչպիսիք են ինքնամեկուսացումն ու պարետային ժամերը։ Բուժհաստատությունները ծանրաբեռնված են՝ կորոնավիրուսի դեմ պայքարելով։ Նկատելի են սարքավորումների պակասն ու մատակարարումների ուշացումերը, ինչպես նաև՝ առկա է ծննդաբերության ընթացքին հետևող հմուտ բուժաշխատողների պակաս, քանի որ բուժաշխատողները, այդ թվում՝ մանկաբարձները, վերազինվում են կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար:

 

 

«Միլիոնավոր կանայք ցանկացել են մայրանալ այն աշխարհում, որին մենք ծանոթ էինք: Այժմ նրանք պետք է պատրաստ լինեն կյանք տալ բոլորովին այլ աշխարհում։ Աշխարհ, որտեղ հղի կանայք վարանում են բուժհաստատություններ այցելել՝ վախենալով վարակվել կամ շտապ բժշկական օգնություն չստանալ՝ գերծանրաբեռնված առողջապահական համակարգի կամ ինքնամեկուսացման մեջ լինելու պատճառով», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Դժվար է պատկերացնել, թե որքան է կորոնավիրուսային համավարակը վերափոխել մայրությունը»:

 

 

Մայիսին՝ ընտանիքի օրվան ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումները կարող են խաթարել առողջապահական ծառայությունների գործունեությունը ուղղված կյանքերի փրկության այնպիսի դեպքերին, ինչպիսին է ծննդաբերությունը՝ միլիոնավոր հղի կանանց և նրանց փոքրիկներին վտանգի ենթարկելով:

 

 

Համավարակի մասին հայտարարությանը հաջորդած 9 ամիսների ընթացքում ծնունդների առավելագույն թվով երկրներ են՝ Հնդկաստանը (20,1 միլիոն), Չինաստանը (13,5 միլիոն), Նիգերիան (6,4 միլիոն), Պակիստանը (5 միլիոն) և Ինդոնեզիան (4 միլիոն): Այս երկրների մեծ մասը նորածնային մահացության բարձր ցուցանիշներ է ունեցել նույնիսկ նախքան համավարակը, և այդ ցուցանիշը, կորոնավիրուսով պայմանավորված, կարող է աճել։

 

 

Նույնիսկ առավել հարուստ երկրներն են տուժում այս ճգնաժամից: Ըստ կանխատեսումների, ԱՄՆ-ում, որ ակնկալվող ծնունդների թվով վեցերորդ երկիրն է, մարտի 11-ից դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 3,3 միլիոն ծնունդ կգրանցվի: Նյու Յորքում իշխանությունները ծննդաբերության համար նախատեսված այլընտրանքային կենտրոններ են փորձում գտնել, քանի որ բազմաթիվ հղի կանայք վախենում են ծննդաբերել հիվանդանոցներում:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիշեցնում է, որ չնայած փաստերը վկայում են, որ հղի կանայք ավելի հաճախ չեն վարակվում կորոնավիրուսով, քան մյուսները, պետությունները պետք է ապահովեն նախածննդյան, ծննդաբերական և հետծննդյան ծառայություններ: Պետք է հաշվի առնել, որ վատառողջ նորածիններին հարկավոր է շտապ բուժօգնություն տրամադրել, քանի որ նրանք մահվան վտանգի են ենթարկված: Նորաստեղծ ընտանիքներին աջակցություն է հարկավոր, որպեսզի մայրերը սկսեն կրծքով կերակրումը, համապատասխան դեղորայք, պատվաստումներ և պատշաճ սնունդ ստանան՝ իրենց երեխաներին առողջ պահելու համար:

 

 

Ամբողջ աշխարհի մայրերի անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջիկա ամիսներին կառավարություններին և բուժաշխատողներին կյանքեր փրկելու հրատապ կոչ է անում՝ ուղղված։

 

 Մասնավորապես՝

  • Աջակցել հղի կանանց նախածննդյան հսկողություն իրականացնելու հարցում, ծննդաբերության ժամանակ հմուտ օգնություն տրամադրել, ինչպես նաև՝ հետծննդյան խնամք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կորոնավիրուսի հետ կապված բուժօգնություն:
  • Ապահովել բուժաշխատողներին անհրաժեշտ անհատական պաշտպանիչ պարագաներով, ինչպես նաև առաջնահերթ թեսթավորում և պատվաստումներ իրականացնել ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութը հասանելի դառնալուն պես, որպեսզի վերջիններս համավարակի ընթացքում կարողանան բարձրորակ խնամք ցուցաբերել բոլոր հղի կանանց և նորածին երեխաների նկատմամբ:
  • Երաշխավորել, որ վարակի կանխարգելման և վերահսկման բոլոր միջոցները առկա են բուժհաստատություններում ծննդաբերության ընթացքում և ծննդաբերությունից անմիջապես հետո:
  • Թույլատրել բուժաշխատողներին տնաայցերի միջոցով օգնություն ցուցաբերել հղի կանանց և նորաթուխ ծնողներին:
  • Ֆինանսական միջոցներ հատկացնել կենսարար նշանակության ծառայությունների իրականացման համար, ինչպես նաև համապատասխան պարագաներ և սարքավորումներ մոր և մանկան առողջության պահպանման համար։

 

 

Թեև դեռ հայտնի չէ՝ վիրուսը փոխանցվում է մորից մանկանը հղիության և ծննդաբերության ընթացքում, թե՝ ոչ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը հղի կանանց խորհուրդ է տալիս․

 

 

  • հետևել նախազգուշական միջոցառումներին։ Ուշադիր հետևել իրենց առողջությանը՝ ՔՈՎԻԴ- 19-ի ախտանշանները հայտնաբերելու համար և դիմել ամենամոտ համապատասխան հաստատություն,եթե բողոքներ ունեն կամ հիվանդության նախանշաններ։
  • Կիրառել այն բոլոր նախազգուշական միջոցառումները վարակից պաշտպանվելու համար, ինչ բոլորը՝ պահպանել ֆիզիկական հեռավորություն, խուսափել բազմամարդ վայրերից և հնարավորություն դեպքում օգտվել առցանց բժշկական խորհրդատվությունից։
  • Շարունակել կրծքով կերակրել իրենց երեխային, նույնիսկ եթե վարակված են կամ կասկածում են, որ վարակված են կորոնավիրուսով, քանի որ վիրուսը չի հայտնաբերվել կրծքի կաթի նմուշներում: Կորոնավիրուսով վարակված մայրերը իրենց երեխային կերակրելու ժամանակ պետք է դիմակ կրեն. ձեռքերը լվանան երեխային դիպչելուց առաջ և հետո և պարբերաբար մաքրեն և ախտահանեն ձեռքերով հաճախակի շոշափվող մակերեսները։
  • Շարունակել գրկել նորածնին և ապահովել մաշկը մաշկին շփումը։
  • Ճշտեն իրենց մանկաբարձուհուց կամ բժշկից՝ որտեղ է առավել անվտանգ ծննաբերել, ծննդաբերական պլան կազմել՝ ավելորդ անհանգստություններից խուսափելու համար և ժամանակին տեղ հասնելու համար:
  • Շարունակել բժշկական միջամտությունները, այդ թվում՝ պլանային պատվաստումները, երեխայի ծնվելուց հետո:

 

 

Աղբյուրը՝

Յունիսեֆի հաղորդագրություն 

Դիտումների քանակը` 1396

Գլխավոր էջ