COVID-19-ի տնտեսական հետևանքները. տեքստիլ ոլորտի կանայք գործազրկության վտանգի ներքո
Նախօրեին Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկայի աշխատակիցները որոշել էին հարկադիր պարապուրդից վերադառնալ աշխատանքի։ Սակայն, կարճ ժամանակ անց ոստիկանությունը նրանց տուգանել էր 100 հազարական դրամով արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։
Վանաձորում ապրող ամուսիները մոտ մեկ ամիս է՝ չեն աշխատում։ Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետևանքով «Գլորիա» կարի ֆաբրիկան մարտի 25-ից չի գործում։ Փաստացի հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցները, այդ թվում երիտասարդ ամուսինները, չեն վարձատրվել ու չեն վարձատրվելու։ Մանկահասակ երեխայի կարիքները, կոմունալ ծառայությունների դիմաց վճարման վերջնաժամկետները նրանց սոցիալական ծանր դրության առաջ են կանգնեցրել։
«Մենք երկուսս էլ գրանցված աշխատող ենք։ Բայց արդեն մեկ ամիս փաստացի չենք աշխատում, ոչ մի կոպեկ մեր տուն չի մտել։ Սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել չենք կարող, քանի որ համարվում ենք աշխատանք ունեցող»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ կինը։
Նրանք կօգտվեն միայն սպառած գազի և էլեկտրաէներգիայի վճարի համար սահմանված 30 տոկոս աջակցությունից։ Ցուրտ քաղաքում այն էլ փետրվարին հոսանքն ու գազը քիչ վառել չի լինում։ Եթե կարողանային մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա ու մինչև 10 հազար դրամի գազ սպառել, 50 տոկոսը պետությունը կվճարեր։
Ֆաբրիկան մարտի՝ հինգ չաշխատած օրերի համար չի վճարել։ Մինչև ապրիլի 23-ը ներառյալ նրանք չեն աշխատել, հետևաբար մայիսն էլ դատարկաձեռն են դիմավորելու։ Եթե նույնիսկ վաղվանից գործարանը սկսի աշխատել, ապա աշխատավարձ կլինի մեկ ամիս անց։
Լոռու մարզկենտրոնում գործող կարի ֆաբրիկայի ավելի քան երկու հազար աշխատակիցների գերակշռող մասը կանայք են։ Երկու օր առաջ էլ գործարանը բացելու և աշխատանքը վերսկսելու պահանջով մի քանի հարյուր կանայք դուրս էին եկել փողոց, մուտք գործել արտադրամասեր։ «Մենք ուզում ենք աշխատել, հնար չկա։ Գործատուին խնդրում ենք գործարանը բացել», – ասում էին նրանք։
«Փոխանակ մեզ աջակցություն տրամադրեն, մի բան էլ տուգանո՞ւմ են»,-բարկացած դժգոհում էր կանացից մեկը։
«Ես իմ երեխային ո՞նց պահեմ»,-մյուսն էր ավելացնում։
«Եթե պարետը համաձայնվի մեր ամբողջ աշխատավարձը, գնում ենք, տանը նստենք։ Հակառակ դեպքում չենք գնալու, կարո՞ղ է գնանք, հաց մուրանք»,-ոստիկանին է ասում մեկ ուրիշը։
«Ութ անձից է կազմված իմ ընտանիքը, չորս անչափահաս երեխա ունենք։ Թող գոնե աշխատավարձի կեսը տրամադրեն, ես հաճույքով կմնամ տանը»,-մեկ այլ կին է վրա բերում։
Միջին տարիքի մի աշխատակից էլ նեղսրտում է՝ մեկ ամիս տանն է, դեղերը սպառվել են, նորը գնելու համար գումար չունի, ո՞վ հիշեց իրեն ու իր ցավն այս ընթացքում։
Ոստիկաններին չհաջողվեց աշխատակիցներին համոզել ու տուն ուղարկել։ Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրին տուգանեց 100 հազար դրամով՝ սահմանափակումները խախտելու համար։
Ազգային Ժողովում հարազատ քաղաքի բնակիչների խնդիրները բարձրաձայնեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ կոչ աnելով չեղարկել աշխատակիցների նկատմամբ կազմված տուգանքները։ Նա հիշեցրեց՝ վարչապետն է ասել, որ ապրիլի 20-ից տեքստիլի ոլորտի ձեռնարկություններն աշխատելու են։
«Գործարանի աշխատակցիները որևէ այլ ծրագրով աջակցություն չեն ստացել։ Էն որ ժողովորդն ասում է «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», սա էդ պատմությունն է։ Եթե հայտարարվում է, որ պետք է մարդիկ աշխատեն, հետո ինչո՞ւ են տուգանում։ Կոչ եմ անում երեկվա կազմած բոլոր վարչական արձանագրությունները չեղարկել : Խոսքը հացի փող աշխատող 2600 մարդու մասին է։ մասին է: Եթե չեք թողնում, որ աշխատեն, հասցեական աջակցեք էդ մադկանց», -առաջարկել էր ընդդիմադիր գործիչը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը ֆաբրիկայի աշխատակիցների բողոքի ակցիան առողջապահական տեսանկյունից է դիտարկում՝ նշելով, որ այդ ակցիայի պատճառով Վանաձորում կորոնավիրուսի բռնկման դեպքերը կարող են միանգամից ավելանան․
«Երկու շաբաթ հետո գուցե կորոնավիրուսի թվի աճ ունենանք Վանաձորում։ Գուցե լուրջ թվեր ունենանք, իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Դրանից հետո այստեղ նստել ու խոսել վարկերից, հարկերից, անիմաստ է։ Ես ուղղակի կոչ եմ անում, որ մենք զգույշ լինենք, և բնակչությանը, որ պահպանեն անվտանգության միջոցներ»,- նշեց Իգիթյանը։
Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցել են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այս ոլորտի ձեռնարկությունների գործունեության սահմանափակումը վերացնելու հարցը։ Տնտեսվարողները ընդգծել են, որ ոլորտի ձեռնարկությունների նկատմամբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։ Տնտեսվարողն ինքը պետք է դիմի պարետատուն ու վստահեցնի, որ պահպանելու են սահմանված անվտանգության ու առողջության պահպանման կանոնները։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանն ասել էր՝ գրավոր դիմել է պարետին, պատասխան դեռ չունեն։
Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին տեղեկացրեց, որ «Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն» և այլ ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:
Մինչդեռ, տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող մյուս ընկերությունների մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնց մեծ մասը կանայք են, նույն անելանելի դրության մեջ են։
«Ալեքս տեքստիլ» ընկերության արդուկ անող կանանցից մեկը WomenNet.am-ին պատմեց՝ նախապես ասել էին, ապրիլի 20-ից աշխատանքի են, բայց տրանսպորտի ծախսը պետք է հոգան աշխատակիցները։ Հետո հետաձգել են, մինչ օրս նրանք աշխատանքի չեն գնում։
Այստեղ էլ գործատուն չի վճարել չաշխատած օրերի համար, աշխատողներն էլ զրկված են սոցիալական որևէ աջակցությունից օգտվելու հնարավորությունից։
«Հիմա մեզ ասում են՝ 5 օրից աշխատանքի եք, հետո զանգում են, թե էլի հետաձգվել է։ Ենթադրենք, հինգ օրից աշխատանքի ենք, բայց եթե օրը երկու անգամ տաքսիից օգտվենք, մեզ ինչքա՞ն գումար է մնալու»,-նեղսրտում է երիտասարդ կինը, ում մաքուր աշխատավարձը կազմում է 95 հազար դրամ։
«Սարտեքս» ձեռնարկությունը, որտեղ իտալացի մենեջերի ժամանումից հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ հիվանդացան կորոնավիրուսով, մինչ այս պահը չի գործում։ Գործատուն վճարել է անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատակիցներին։ Թե ինչ կլինի հետագայում ու չհիվանդացածների հետ, չգիտեն։
«Եթե նույնիսկ սկսեն աշխատանքը, ես չեմ վերադառնա։ Ես վստահ չեմ, որ պատշաճ ախտահանում է իրականցվել կամ հետագայում անվտանգության պատշաճ միջոցառումներ կիրականացվեն։ Ամբողջ ընտանիքով վարակակիր դարձանք, ընտանիքիս անդամների մի մասը դեռ չի ապաքինվել, այս պահին էլ հիվանդանոցում են»,-ասում է «Սարտեքսի» կին աշխատակիցը։
Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, այդ հարցում աշխատակիցներին օգնել չի կարող, քանի որ դրանք վերաբերում են մասնավոր ընկերությունների, իսկ պաշտպանի իրավասությունը չի տարածվում մասնավոր ընկերությունների վրա: Հարցը պետք է կարգավորվի դատական կարգով։
Եթե կառավարությունը արագ ու համալիր քայլեր չձեռնարկի, չի բացառվում, որ այս աշխատակիցներից շատերը, բացի սոցիալական ծանր բեռի տակ կքելուց, դառնան գործազուրկ։ Աշխատանքից ժամանակավորապես ազատելու մասին շատ գործատուներ արդեն զգուշացրել են իրենց աշխատակիցներին։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1111