Չեն ցանկանում երեխա ունենալ, սակայն հրաժարվում են հակաբեղմնավորիչներից․ ինչո՞ւ
Հայաստանում վերջին տարիներին իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ գնալով նվազում են զուգերի՝ երեխաներ ունենալու ցանկությունը, մինչդեռ չի աճում նրանց իրազեկվածության աստիճանը ժամանակակից հակաբեղմնավորման միջոցների վերաբերյալ։ Պատճառները շատ են` սկսած ընտանիքի սոցիալ-տնտեսական դժվարություններից, արտագաղթից և ֆինանսական անկայունությունից` վերջացրած զույգերի հոգեկան և/կամ ֆիզիակական առողջության ու անձնական խնդիրները։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այս խնդիրն առավել ակտուալ է դարձել։
Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի (ՎԿ) տվյալներով՝ վերջին երեք տասնամյակներին ծնելիության ցուցանիշն աստիճանաբար նվազում է։ Մասնավորապես, 1990թ․-ի համեմատ 2018թ․-ին այն նվազել է 1,8 անգամով՝ 22,5%-ից դառնալով 12․3%։ Դրա արդյունքում կենդանածինների թիվը 1990թ․ համեմատ կրճատվել է 2,2 անգամով (2019 թ.` 36131 ծնունդ, 1990 թ.-ի 79882-ի դիմաց), իսկ բնական աճի ցուցանիշը` 4,9 անգամ (2019 թ. այն կազմել է՝ 3,3%, իսկ 1990թ.-ին՝ 16,3%): Ծնելիության ցուցանշի անկման հետևանքով 1990 թ. համեմատությամբ 2018 թ.-ին արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների թվի կրճատում 1/3-ով՝ կազմելով 20,2%, փոխարենը նկատվել է անաշխատունակ բնակչության թվի կրկնապատկում՝ մինչև 11,6%, ինչը վկայում է բնակչության ծերացման մասին:
Վերջերս հրապարակված «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» հետազոտության տվյալներով երբևէ սեռական հարաբերություն ունեցած հարցված կանանց 86%-ը և տղամարդկանց 81%-ը կամ ընդհանրապես չեն պլանավորում կա՛մ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ: Միևնույն ժամանակ, կանանց 36%-ը և տղամարդկանց 48%-ը համարում է, որ ունի պլանավորածից քիչ երեխա։
Կանանց և տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներից են տարիքը, ֆինանսական դժվարությունները, առողջական խնդիրները և այլն: Տարիքը որպես երեխա ունենալ չցանկանալու պատճառ նշած կին հարցվողների 85%-ը, իսկ տղամարդկանց 40%-ը՝ 40-49 տարիքային խմբից են:
Ֆինանսական դժվարությունները որպես երեխա ունենալ չցանկանալու պատճառ նշած կին և տղամարդ հարցվողների շուրջ կեսը նշել է, որ իրենց ընտանիքի միջին ամսական եկամուտը 150 հզր դրամ է, 43%-ը՝ 150 – 300 հզր դրամ, մնացածինն՝ ավելի բարձր:
«Ունենք այնքան երեխա, որքան պլանավորել ենք» պատճառը նշած հարցվողների 45%-ն ունի 2 երեխա, 44%-ը՝ 3 երեխա, մնացածներն՝ ավելի շատ : Իսկ «Առողջական խնդիրներ ունեմ» և «Զուգընկերն առողջական խնդիրներ ունի» տարբերակը նշած հարցվողների 96%-ը երբևէ չեն ունեցել երեխա ունենալու հետ կապված դժվարություններ: Վերջինս վկայում է այն մասին, որ հարցվողների կողմից նշված առողջական խդնիրները կապված չեն անպտղությունը պայմանավորող առողջական խնդիրների հետ առնվազն իրենց բնորոշմամբ:
Նույն հետազոտության արդյունքներով կին հարցվողների 50%-ը, իսկ տղամարդ հարցվողների 54%-ը երբեք չեն օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորման միջոցներ: Հարցվողների շրջանում ամենատարածված երբևէ օգտագործած հակաբեղմնավորման միջոցներից է պահպանակը, ընդհատված սեռական հարաբերությունը, ներարգանդային պարույրը և այլն:
Կին հարցվածների 54%-ը ոչ մի անգամ չի դիմել հղիության արհեստական ընդհատման Հղիության արհեստական ընդհատման չդիմելու հիմնական պատճառներն են՝ անցանկալի հղիություն չունենալը, արժեքներին և կրոնական համոզմունքներին հակասելը:
Մինչդեռ երբևէ հղիացած կին հարցվողների 46%-ն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման, ընդ որում 20%-ը դիմել է 1 անգամ, 17%-ը` 2-3 անգամ, մյուսներն՝ ավելի շատ:
Աբորտի դիմած կանանց կեսից ավելին՝ 56%-ն առաջին անգամ աբորտի են դիմել 25-35 տարեկան հասակում, 36,9%-ը՝ 19-24 տարեկանում: Մեծամասամբ ամուսինները համաձայն են եղել հղիության ընդհատման հետ: Կանանց բնորոշմամբ իրենք ընդհատումից հետո հոգեբանորեն ավելի վատ վիճակում են եղել, քան ֆիզիկապես:
Հարցվողների համար հղիությունների արհեստական ընդհատումների տարածված դրդապատճառներն են առողջության/կյանքի համար վտանգավոր լինելը, նյութական դժվարությունները, ցանկալի քանակով երեխա ունենալը, ավելի ուշ երեխա պլանավորելը և այլն: Հղիության ընդհատման վերջին դեպքերը եղել են մեծամասամբ ծննդատանը/հիվանդանոցում և բժշկական հաստատություններում: Ընդհատումների շուրջ 92%-ը իրականացվել է մանկաբարձ-գինեկոլոգների կողմից, 5,7% դեպքերում կանայք ինքնուրույն են ընդհատել հղիությունը:
Երբևէ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց 52%-ը մինչ հղիության ընդհատումն ստացել է լիարժեք խորհրդատվություն ընդհատման հնարավոր հետևանքների վերաբերյալ, ընդ որում նրանց 48,3%-ն այն կանայք են, որոնք ընդհատման դիմել են վերջին 5 տարիների ընթացքում: Երբևէ ընդհատում իրականացրած կանանց միայն 24,4%-ին է տրվել 3 օր սպասելաժամանակ՝ կրկին մտածելու և հղիության ընդհատման որոշումը փոխելու համար: Կանանց 54,4%-ը ցանկացել է երեխա ունենալ ընդհատումից հետո, սակայն փաստացի երեխա է ունեցել կամ այժմ հղի է 44,2%-ը:
Երկրորդային անպտղություն ունեցող հարցվողների 60%-ը նշել է, որ հղիության արհեստական ընդհատումից հետո չեն ունեցել երեխա: Այսինքն, հետազոտության տվյալները վկայում են, որ երկրորդային անպտղության վրա էական ազդեցություն կարող են ունենալ հղիությունների ընդհատումների դեպքերը:
Հետազոտության հեղինակների դիտարկմամբ ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս հղիությունների արհեստական ընդհատումները կիրառվում են որպես ընտանիքի պլանավորման մեթոդ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առողջ ու գրագետ սեռական վարքագիծ վարելու, անցանկալի հղիություններից խուսափելու և յուրաքանչյուր հղիություն ցանկալի լինելու վերաբերյալ բնակչությանը, հատկապես երիտասարդներին կրթելու ուղղությամբ: Շեշտվում է, որ անհրաժեշտ է բարձրացնել կանանց և տղամարդկանց իրազեկվածությունը ժամանակակից բեղմնականխման միջոցների արդյունավետության, ինչպես նաև հղիությունների ինքնուրույն ընդհատումների բացասական հետևանքների վերաբերյալ:
Թեև Հայաստանի ժողովրդագրության և առաղջության հարցերի հետազոտության 2015-2016 թ.թ. արդյունքներով 2000թ․-ից ի վեր հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների կիրառման մակարդակն աստիճանաբար բարձրանում է, սակայն վերջին տվյալներով ամուսնացած կանանց միայն 28%-ն է կիրառում դրանք։ Այսինքն՝ ամուսնացած կանանց ամեն չորրորդն է օգտագործում ժամանակակից հակաբեղմնավորման միջոցներ: Ընդ որում որքան ցածր է կանանց կենսամակարդակն ու կրթությունը, այնքան ավելի ցածր է նրանց իրազեկվածությունը ժամանակակից որևէ հակաբեղմնավորման միջոցի մասին։ Բացի այդ գյուղի կանայք ավելի քիչ տեղեկացված են ժամանակակից մեթոդներից, քան քաղաքի կանայք։
Ընդհանարացնելով վերոգրյալը՝ նշենք, որ հանրային լայն իրազեկման արշավները ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների մասին կարող են էականորեն նվազեցնել հղիության ընդհատման դեքպերի հավանականությունը՝ կանխելով վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների տարածումը բնակչության շրջանում։
Անահիտ Ղարիբյան
Դիտումների քանակը` 749