Մայր Աթոռում մեկնարկած գիտաժողովը մտահոգված է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրով

Այսօր Մայր Աթոռում Ս. Էջմիածնում մեկնարկեց  «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողովը

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսություննեերի դահլիճում իր աշխատանքը սկսեց «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին մասնակցում են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Ժողովը բացվեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` Սրբազան Հայրն անդրադարձավ գիտաժողովի անհրաժեշտությանը` վերարտադրողական առողջության ու իրավունքի ոլորտում հիմնական շեշտը դնելով ընտանիքի գաղափարի վրա` պարզաբանել ներկա ժամանակների մարատահրավերների ու խնդիրների հանդեպ Հայ Եկեղեցու ներմտածողությունն ու կեցվածքը` հիմնված բացառապես Ս. Գրքի, ծիսական ավանդության, կանոնական դրույթների և հովվական խնամքի բազմամյա փորձառության վրա:

 

Այնուհետև ժողովականներին Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Հայրապետական սիրով ողջունում և Մեր օրհնությունն ենք բերում «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի» համաժողովի մասնակիցներիդ: Գնահատանքով ենք անդրադառնում, որ ժողովը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորությամբ անդրադարձ կատարելու և վեր հանելու ընտանիքի դերն ու նշանակությունը հասարակական մեր կյանքում, ինչպես նաև` որոշակի շեշտադրումներ կատարելու այսօր ընտանեկան կյանքում առկա անցանկալի երևույթներին:


Հայ Եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը, սրբությունը և անքննարկելի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում` դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն և անփոխարինելի հաստատություն հանրային առողջ գիտակցության ձևավորման ու զարգացման համար: Ընտանիքի այսպիսի հասկացողության հիմքը Սուրբ Ընտանիքն է, որը հիմնված է սիրո, բարության, ազատության, խնամքի, գթասրտության, հարգանքի անփոխարինելի արժեքների վրա: 


Մեր օրերում` արագընթաց փոփոխությունների, նաև արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող տարաբնույթ գաղափարախոսական և հասարակական հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը` հատկապես որդեծնության հարցերում: Երևելի և աներևույթ զանազան հարձակումներից, ցավոք, անմասն չի մնացել և չի մնում նաև հայ ընտանիքը: Այս առումով մտահոգիչ են ամուսնալուծությունների, հղիության` ոչ քիչ դեպքերում` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ծնելիության նվազումը, կանխատեսվող ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները, որոնք մասնավորաբար պետք է քննարկվեն այս համաժողովում: 


Այսօր անհրաժեշտ է դարձել բոլոր մակարդակներում և հարթակներում, նմանատիպ համաժողովներով, եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, հանրային կյանքի իրազեկման հնարավոր եղանակներով, պետականօրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը, բարձրացնել հանրային գիտակցությունը», – ասաց Վեհափառ Հայրապետը:
Մեկ անգամ ևս կարևորելով համաժողովի նախաձեռնությունը` Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց համաժողովի կազմակերպիչներին, աջակից կազմակերպություններին, զեկուցողներին ու մասնակիցներին: Ամենայն Հայոց Հայրապետը նաև հույս հայտնեց, որ նման քննարկումները կնպաստեն ընտանիքների ամրագրմանը և բարոյական արժեքների ամրակայմանը հասարակական կյանքից ներս:

 

Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Արա Բաբլոյանը, ով մասնավոր կերպով ընդգծեց Եկեղեցու կարևոր դերակատարությունը խնդրի ամբողջական կարգավորման հարցում` նշելով, որ կան ոլորտներ ու խնդիրներ, որտեղ Եկեղեցու մոտեցումն ավելի մեծ ուժ և ազդեցություն կունենա, քան որևէ այլ` անգամ օրենսդրական նախաձեռնություն:

 

Համաժողովի գումարումը Մայր Աթոռում ողջունեցին նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, «Վորլդ վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Գիտաժողովին կարծարծվեն երկու հիմնական թեմաներ` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում և նրա վրա ազդող գործոնները» և «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում կկատարվի հղիության արհեստական ընդհատման և հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի վրա:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Դիտումների քանակը` 3992

Գլխավոր էջ