Դունյա Միյատովիչ. «Կանայք Հայաստանում շարունակում են տուժել անհավասարությունից»
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը զեկույց է հրապարակել՝ ամփոփելով անցած տարի սեպտեմբերի 16-20 Հայաստան կատարած այցը։ Զեկույցում արծարծված հիմնական խնդիրների թվում շեշտադրվել են կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը, ընտանեկան բռնությունը: Զեկույցն անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց, տարեցների, երեխաների, ինչպես նաև ԼԳԲՏ անձանց իրավունքներին։
Զեկույցում նշվում է, չնայած վերջին տարիներին գրանցված համեստ առաջընթացին, կանայք Հայաստանում շարունակում են տուժել քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքում լուրջ անհավասարություններից, այդ մասին են վկայում գենդերային հավասարության և կանանց հզորացման մի քանի միջազգային վարկանիշներ:
Օրինակ, Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) 2017թ. «Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցը» 144 երկրների շարքում Հայաստանին դասակարգել է 97-րդ տեղում: Հայաստանը 83-րդն է 2017թ. կանանց Մարդկային զարգացման ինդեքսում (HDI)3 , որը Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (UNDP) կողմից իրականացված վարկանիշավորում է և ներառում է 190 երկիր։ Բացի այդ, Հայաստանը 128 երկրներից 64-րդն է «Economist Intelligence Unit»-ի 2012թ. կանանց տնտեսական հնարավորությունների ինդեքում:
«Հայաստանում կանայք էականորեն քիչ են ներկայացված որոշումների կայացման գործընթացում»
Հանձնակատարը մտահոգված է, որ կանայք Հայաստանում էականորեն քիչ են ներկայացված հանրային որոշումների կայացման գործընթացում։ Այս ցուցանիշները մեծապես հետ են մնում Նախարարների կոմիտեի առաջարկությամբ սահմանված նվազագույն 40 տոկոս ցուցանիշից։
Նա կոչ է անում իշխանություններին` երաշխավորել կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը, ինչպես նաև հանրային կյանքի բոլոր մակարդակներում առաջնորդության հավասար հնարավորությունները։ Հանձնակատարը նշում է ն կյանքի և հասարակության բոլոր բնագավառներում սեռի հիմքով խտրականությունը արգելող համապարփակ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, իսկ այն խախտելու դեպքում առաջարկում է կիրառել արդյունավետ պատիժները։ Նա կարևորում է պետական պաշտոններում ավելի մեծ թվով կանանց նշանակումը:
Կոչ անելով իշխանություններին հանրային որոշումների կայացման մեջ կանանց մասնակցության կոնկրետ և հավակնոտ թիրախներ սահմանելուն, ներառյալ գենդերային քվոտաներն ու ժամանակավոր հատուկ միջոցառումներ, հանձնակատարը առաջարկում է նաև, որ իշխանություններն անեն ավելին ` քաջալերելու կանանց և աղջիկներին ակտիվորեն ներգրավվել հանրային կյանքում` օրինակ խթանելով կանանց հավասարության դրական օրինակները և առաջամարտիկներին:
«Կին նախարարների տեսակարար կշիռը չի ավելացել »
Զեկույցում բավականին մանրամասնորեն վերլուծվում է Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի ազդեցությունը խորհրդարանում կանանց ներկայացվածության վրա: Նշվում է, որ Հայաստանի խորհրդարանում կին անդամների տեսակարար կշիռը, որն շատ ցածր էր, վերջին տասնամյակում աստիճանաբար աճել է քվոտավորման շնորհիվ: Կուսակցական ցուցակներում կին թեկնածուների քվոտայի ներդնումը փաստացիորեն կրկնապատկել է Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվող կանանց թիվը` 2005թ. 5.3%-ից մինչև 2016թ. 9.9%, իսկ 2016թ. մայիսին ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով քվոտան մեծացվել է՝ հասնելով մինչև 25%, ինչի արդյունքում 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո կին պատգամավոևների թիվը դարձել է 18%: Նույն փոփոխությունների շարքը նախատեսում է գործող քվոտան հասցնել մինչև 30%-ի բոլոր համապետական ընտրությունների համար, որոնք տեղի կունենան 2021թ. հունվարի 1-ից հետո: Հանձնակատարը նշում է, որ իր այցից հետո կառավարությունը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ էր նախաձեռնել, որոնք 2018թ արտահերթ ընտրությունների համար քվոտայի մինչև 30% բարձրացում էին ներառում , սակայն այս փոփոխությունների փաթեթը Ազգային Ժողովի կողմից չի ընդունվել:
Նկատենք, որ դեկտեմբերի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այստեղ ներառված չեն՝ զեկույցն անդրադառնում է մինչ այդ եղած ժամնակահատվածին ու այն հանագամանքը, որ կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում դարձել է 24% , ըստ էության, չի փոխում զեկույցում առկա գնահատականները, որոնք հիմնված Եվրոպայի խորհրդի կողմից որդեգրած սեռերի առնվազն 40/60 համամասնություն ապահովելու վրա:
Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում 18 նախարարներից 2-ը կանայք էին (11%)՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Մշակույթի նախարարների պորտֆելներով (այս տարի ձևավորված կաբինետում միայն մեկն է կին): Հանձնակատարը նկատում է, որ կառավարության փոփոխության արդյունքում կին նախարարների տեսակարար կշիռը չի ավելացել, որը նույնն էր իրենից առաջ պաշտոնավարած հանձնակատարի այցի ժամանակ 2014թ.: Փոխնախարարների մակարդակում պատկերը մի փոքր ավելի դրական է՝ 57 փոխնախարարներից 8-ը կանայք են:
Ինչպես 2014թ. Հայաստանի տաս մարզերից և ոչ մեկում կին մարզպետ չկար, այնպես և 2018թ. հոկտեմբերին բոլոր վեց մարզերում նոր նշանակված մարզպետները տղամարդիկ են: Սակայն հանձնակատարը տեղեկացավ, որ 10 մարզերից 5-ում կին փոխմարզպետներ կան:
2018թ. կանայք նշանակվել են նաև պետական գործակալությունների/գերատեսչությունների ղեկավար պաշտոններում, օրինակ` Զրային տնտեսության պետական կոմիտեում (Էներգետիկայի նախարարության ներքո գործող պետական գերատեսչություն18) և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։
Դիվանագիտական ծառայությունում կին դեսպանների տեսակարար կշիռը 2016թ. եղել է 10% (2005թ. 2.9% համեմատությամբ): 2018թ. կին դեսպանների տեսակարար կշիռը մնացել է անփոփոխ՝ 48-ից միայն 5 կին դեսպան, չնայած իրավիճակը բարելավվել է դիվանագիտական ծառայության ցածր օղակներում, մասնավորապես, արտաքին գործերի նախարարության 213 աշխատակիցներից 97-ը կամ 45%-ը կանայք են:
Դատական համակարգում, 2016թ. կանայք կազմել են դատավորների միայն 23.5% (2005թ. 21%-ի համեմատությամբ) և Սահմանադրական դատարանի դատավորների 22.2% (2008թ. ոչ մի կին դատավորի համեմատությամբ): Հանձնակատարը հուսով է, որ 2015թ. ընդունված «Դատավորների թեկնածուների միջև գենդերային հավասարակշռության գործողությունների ծրագիրը» կնպաստի գենդերային հավասարությանն այս ոլորտում:
Տեղական ինքնակառավարման մակարդակում Հայաստանի համայնքների խոշորացման արդյունքում կին ներկայացուցիչների թիվն ակնհայտորեն նվազեց, նշվում է զեկույցում։
Զեկույցում որպես օրինակ մատնանշվում է 2017-ի նոյեմբերին 54 համայնքներում կայացած տեղական ընտրությունները, որոնցում մասնակցած 983 թեկնածուից միայն 5%-ն էին կանայք, իսկ ընտրված ավագանիներում միայն 4.4%-ն է կին: Իրավիճակը փոքր ինչ բարվոք է Երևանի ավագանիում, որտեղ 65 անդամից 18-ը կին են (28%), այն էլ քվոտայի շնորհիվ : ՏԻՄ մակարդակում գործող միակ գենդերային քվոտան վերաբերում է Երևանի, Գյումրիի և Վանաձորի համայնքային խորհուրդների (որոնք կոչվում են ավագանիներ) ընտրություններին, որտեղ քվոտան համապատասխանում է համապետական օրենսդիր մարմնի ընտրությունների քվոտային, նշվում է զեկույցում:
Հանրապետության համայնքապետերից միայն 7-ն են կին: Զեկույցում տեղ է գտել նաև այն փաստը, որ 2018թ. ապրիլ-մայիսի իրադարձությունների արդյունքում Էջմիածնի և Հրազդանի քաղաքապետերի հրաժարականից հետո նշանակվել են կին պաշտոնակատարներ։
«Աշխատավարձի տարբերությունն աղաղակող է»
Դունյա Միյատովիչն անդրադարձել է գենդերային հենքով վարձատրության անհավասարությանը, առաջարկել, որ որոշիչ քայլեր ձեռնարկվեն արդյունավետ կերպով ապահովելու աշխատանքի հավասար վարձատրությունը, նաև կանանց համար աշխատաշուկայի հավասար մատչելիությունը, ներառյալ` քայլեր ձեռնարկվեն կանանց համար վտանգավոր հայտարարված մասնագիտությունների ցանկի վերացման ուղղությամբ:
Պարզվել է նաև, որ աշխատանքի շուկայում անհավասարության դրսևորումները լուրջ ազդեցություն ունեն կանանց տնտեսական բարեկեցության վրա ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ կտրվածքով` ժամանակի ընթացքում, կյանքի հետագա փուլերում վերածվելով կենսաթոշակային բացի և հատկապես ազդեցություն ունենալով տարեց կանանց վրա: Հանձնակատարը հիշեցնում է նաև, որ Հայաստանը ստանձնել է վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի Հոդված 27-ով նախատեսված պարտավորությունը, որը հավասար հնարավորություններ և հավասար վերաբերմունք է սահմանում տնային հոգսերի հետ կապված պարտականություններ կատարող աշխատողների համար:
2018թ. կանանց գործազրկության միջին մակարդակը կազմել է 17.3%: Սակայն հանձնակատարը նկատում է, որ անհավասարությունը հատկապես ակնառու և աղաղակող է աշխատավարձների դեպքում։ Համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) հետազոտության, 2016թ. Հայաստանում կանայք վաստակում էին տղամարդկանցից միջինը 35.9%-ով պակաս (2017 տվյալներով՝ 32.5% է – խմբ.) ։
Զեկույցում անդրադարձ կա Հայաստանում տարեց անձանց սոցիալական պաշտպանության խնդրին: Հանձնակատարը առաջարկում է բարձրացնել ծերության կենսաթոշակի ընդհանուր մակարդակը, ընդլայնել առաջնային և մասնագիտացման առողջապահական ծառայությունների հասանելիությունը տանը և համայնքում, ինչպես նաև լուծել գերիատրիկ ծառայությունների մատուցման գործում մասնագիտացված բժշկական անձնակազմի պակասի հարցը։
Խթանել գենդերային հավասարությունը, հատկապես կրթության միջոցով:
Թեև պետական ծառայողների մոտավորապես 60%-ը կանայք են, նրանք հիմնականում ցածր պաշտոններ են զբաղեցնում, մինչդեռ ավագ պաշտոնների մոտավորապես 90% զբաղեցնում են տղամարդիկ: Չնայած, որ կանայք Հայաստանում կրթության հավասար մատչելիություն ունեն և ձեռք են բերում տղամարդկանց հավասար, երբեմն ավելի բարձր մակարդակի կրթություն, Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովը 2016թ. նկատել է, որ կրթության ոլորտում գենդերային սեգմենտացիան նման է զբաղվածության ոլորտի սեգմենտացիային, որտեղ աղջիկների գերկենտրոնացում կա ուսուցման այն ոլորտներում, որոնք համարվում են «ավանդական», ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը և սոցիալական ապահովությունը կամ արվեստները և հումանիտար առարկաները։ Բացի այդ, նրանք թերներկայացված են ավանդաբար տղամարդկանց կողմից զբաղեցվող ուսման ոլորտներում, ինչպիսիք են` մաթեմատիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները և բնական գիտությունները։
ԵԽ հանձնակատարը նկատել է, որ խտրական կարծրատիպերը շարունակում են խոչընդոտել գենդերային հավասարությանը Հայաստանում, այս առումով հանձնակատարն առաջարկում է բարձրացնել հանրային իրազեկումը և խթանել գենդերային հավասարությունը, հատկապես կրթության միջոցով:
Ընտանեկան բռնությունը մնում է տարածված երևույթ
Միյատովիչը նշում է, որ 2015թ.-ից ի վեր Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական դաշտի ստեղծման և բարելավման ուղղությամբ: Հիմնական օրենսդրական գործողությունը ուղեկցվել է իրազեկության բարձրացման քարոզարշավով` ընտանեկան բռնության հարցի վերաբերյալ հասարակական բանավեճի ծավալմամբ ։
« Ի հեճուկս այս ողջունելի զարգացումների և շատ գովելի ջանքերի` ընտանեկան բռնությունը մնում է լուրջ, տարածված և որոշակի առումով դեռ թերագնահատված երևույթ Հայաստանում»,-ասված է զեկույցում։
2017թ. ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության 624 դեպք (բացառությամբ սեռական բռնությունը), որոնցից 456 կատարվել են զոհի ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: 2018թ. առաջին 8 ամսվա համար տվյալները կազմել են համապատասխանաբար 448 և 218: Ոստիկանությունը ներկայացնում է տարեկան 620 դեպքի մասին, մինչդեռ կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները միասին ստանում են տարեկան միջինը 5.000 հեռախոսազանգ թեժ գծերին։
Հանձնակատարը հիշեցնում է, որ իր վերջին (2016թ.) ամփոփիչ եզրակացություններում Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովը մտահոգված էր զոհերի կողմից կանանց դեմ գենդերային հիմքով բռնության գործողությունների մասին թերհաղորդմամբ և դրա արդյունքում տվյալների բացակայությամբ, նույն խնդիրը ներկայացվել է նաև հանձնակատարին տարբեր միջազգային և տեղական ՀԿ-ների կողմից: Բազմաթիվ հայաստանցիների համար տանը տեղի ունեցող բռնությունը դեռ համարվում է մասնավոր հարց , և այն ընտանիքի սահմաններից դուրս բերելը հաճախ համարվում է ամոթալի և խայտառակ արարք։
Հանձնակատարն ափսոսանքով է նկատում, որ նախորդ հանձնակատարի վերջին այցից հետո չորս տարվա ընթացքում Հայաստանում ապաստարանների հասանելիության հետ կապված իրավիճակը չի բարելավվել, քանի որ ընտանեկան բռնության զոհերի ապաստարանը, որ նա այցելել էր, շարունակում է լինել երկրում գործող միակ այդպիսի հաստատությունը: Քանի որ այն չի բավարարում գործող կարիքներին, հանձնակատարը կոչ է անում իշխանություններին իրավիճակը հնարավորինս արագ համապատասխանեցնել Եվրոպայի խորհրդի առաջարկություններին: Այս առումով նա ողջունում է Հայաստանի կառավարության՝ մինչև 2019թ. սկիզբը պետական ֆինանսավորմամբ լրացուցիչ ապաստարանների հասանելի դարձնելու ուղղությամբ պլանները: Հանձնակատարը նկատում է, որ մոտ ապագայում, ընտանեկան բռնության զոհերի համար լրացուցիչ ապաստարանների ստեղծմամբ Հայաստանի առջև կծառանա այդտեղ բնակվող երեխաների համար կրթության իմաստալի մատչելիության ապահովվման խնդիրը: Այցի ընթացքում երեխաների հետ աշխատող ՀԿ-ները բողոքել են, որ Հայատանում չկա ընտանեկան բռնության ենթարկվող երեխաների աջակցության համակարգ:
Երեխաների պաշտպանությունը շահագործումից և աղքատությունից
Հանձնակատարը նաև առաջարկում է Հայաստանին բարելավել բոլոր երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանող իր օրենսդրությունը՝ մասնավորապես վավերացնելով Եվրոպայի խորհրդի Լազարոտեի կոնվենցիան։
Հանձնակատար Միյատովիչն առաջարկում է նաև Հայաստանին ընդլայնել իր ջանքերը՝ պայքարելու երեխաների աղքատության դեմ և երաշխավորելու բոլոր երեխաների համար համապատասխան կենսամակարդակ։ Նա մասնավորապես մտահոգված է սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցող ծնողների կողմից երեխաներին պետության հոգածությանը հանձնելու հանգամանքով։ Նա քաջալերում է իշխանություններին ընդլայնել իրենց ջանքերը՝ հատկացնելով ռեսուրսներ, որպեսզի ծնողները նորից ստանձնեն իրենց երեխաների խնամքը, միևնույն ժամանակ խթանելով խնամակալ ընտանիքների կողմից խնամքը, այդ թվում նաև՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, այն դեպքերում, երբ սա բխում է երեխայի լավագույն շահից։
Ատելություն սերմանող խոսքը
Զեկույցի վերջում հանձնակատարն անդրադարձել է նաև ատելության խոսքին, նշել է, որ մի շարք զրուցակիցներ բողոքել են իր պատվիրակությանը, որ իրենք ականատես են եղել կամ հասցետերն են քաղաքական գործիչների կամ սոցիալական մեդիայի օգտատերերի կողմից թշնամանք սերմանող, վիրավորական կամ սադրիչ հայտարարությունների կամ մեկնաբանությունների։
Հանձնակատարը կարծում է, որ այսպիսի խոսքը կարող է խոչընդոտ հանդիսանալ միասնական հասարակություն կառուցելու և նախկին պառակտումները հաղթահարելու համար: Նա կոչ է անում բոլոր քաղաքական գործիչներին և հասարակական գործիքներին ու կարծիք ձևավորողներին` հատուկ զուշավորություն ցուցաբերել և խուսափել հանրային խոսքում բևեռացնող խոսքի օգտագործումից։
Հ. Կարապետյան
Զեկույցի ամբողջական տարբերակը հայերեն այստեղ
Դիտումների քանակը` 1601