Պատգամավորներն ամեն օր բացիկ-պահանջ կստանան քաղաքացիներից /տեսանյութ
«Ես` Աշխեն Մելքոնյանս, պահանջում եմ ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենք». այսպիսի բովանդակություն ունեն 1000-ից ավելի բացիկները, որոնք քաղաքացիներն ուղղել են ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Հոկտեմբերի 1-ին կայացած 12-ժամյա ակցիաների ընթացքում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային են միացել մոտ 1100 քաղաքացիներ, որոնք բացիկներ են գրել պատգամավորներին:
Բացիկներն այսօրվանից սկսած կուղարկվեն Պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Ստորագրահավաքի գործընթացը չի դադարեցվել, եւ քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին` իրենց պահանջն ուղղելով ԱԺ պատգամավորներին: «Մենք հաճելիորեն զարմացած ենք, որ մեկ օրում կարողացանք հավաքել մոտ 1100 ստորագրություն: Երեւանի տարբեր համայնքներում մարդիկ մեծ պատրաստակամությամբ ստորագրում էին բացիկ-պահանջը, ակնհայտ է, որ մեր քաղաքացիները ուզում են, որ օրենքն ընդունվի»,- «WomenNet.am»-ին ասաց կոալիցիայի անդամ Տաթեւիկ Աղաբաբյանը:
Երեկ Կոալիցիան նաեւ նամակ հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որով կոչ են անում կատարել միջազգային պարտավորությունները եւ ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը:
Նամակը հանձնելիս Կառավարության շենքի դիմաց նաեւ ցուցադրվել են քաղաքացիների կողմից ստորագրված բացիկների մի մասը:
«Կարևորելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ: Ակնկալում ենք նաև Ձեր անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» հռչակելու կապակցությամբ»,- նշված է նամակում:
Կոալիցիայի անդամները նշում են, որ իրենք արդեն իսկ հոկտեմբերի 1-ը «հռչակել» են «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր», քանի որ ամեն տարի այդ օրը ակցիաների շարք են իրականացնում են ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման եւ կանխարգելման ակցիաներ են իրականացնում:
«Այս տարի ակցիաներ արեցինք ոչ միայն Երեւանի կենտրոնում, այլեւ ծայրամասերում: Իրականում քաղաքացիները շատ հետաքրքրված են խնդրով: Խնդրով մտահոգված են նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանատները: Հոկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, իսկ ԱՄՆ դեսպանն անձամբ միացավ մեզ մոմավառության ժամանակ»,- «WomenNet.am»-ին ասաց կոալիցիայի անդամ Աննա Նիկողոսյանը:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները չեն դադարելու քաղաքացիների ստորագրություններով բացիկները պատգամավորներին ուղարկել այնքան ժամանակ, քանի դեռ հանձնաժողովը օրենքը շրջանառության մեջ դնելու վերաբերյալ որոշում չի կայացրել:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մենք ցանկանում ենք բռնության ենթարկված կանանց տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն»
Մեր նպատակը՝ ամուր, սիրո վրա հիմնված ընտանիքն է /տեսանյութ
Դիտումների քանակը` 5726