Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում. Առաջարկվում է խստացնել պատիժները

Հետազոտությունները փաստում են, որ   Հայաստանի տարբեր ընտանիքներում ու հաստատություններում երեխաների նկատմամբ բռնություններ են իրականացվում: Հայաստանցի երեխաները բռնության ենթարկվում տանը, դպրոցում ու այլ հաստատություններում:

 

Այս առումով պետական վիճակագրություն չկա, ուստի դժվար է ամբողջական պատկերացում կազմել հանրապետությունում երեխաների հանդեպ կիրառվող բռնության չափերի և ձևերի մասին:

 

Խնդրի դեմն առնելու համար վերջերս աշխպատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կառավարության է ներկայացվել  «Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգը և  դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագիծը:

 

Դեռևս իրավական ուժ չունեցող փաստաթղթում նշվում է, որ  մի շարք կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները հաստատում են հանրապետությունում երևույթի առկայությունը և արձանագրում բռնությունների ընկալման գրեթե նույն` միջազգային մոդելը:

 

Նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից  այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անցկացվել է «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտությունը:

 

Այն նպատակ ուներ վերլուծել Հայաստանում երեխաների նկատմամբ կիրառվող բռնության տարածվածության աստիճանը, տեսակները, դրանց պատճառներն ու հետևանքները: Հետազոտությունն անցկացվել է բոլոր մարզերում` պահպանելով գյուղ-քաղաք համամասնությունը, առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող 1215 ընտանիքներում:

 

Հետազոտության մասնակիցների 44%-ը համարում է, որ մեր հասարակության մեջ երեխաների նկատմամբ բռնությունն այն խնդիրներից է, որը հրատապ լուծում է պահանջում: Հարցվածների 59%-ը համարում է, որ ընտանիքներում առավել տարածված է ֆիզիկական բռնությունը և/կամ ֆիզիկական պատիժը, 43%-ը նշել է հոգեբանական բռնությունը, 30%` անտեսումը, 4%-ը` սեռական բռնությունը և միայն 11%-ը ասել է, որ ոչ մի բռնության տեսակ էլ տարածված չէ:

 

Հետազոտության մասնակիցները, որպես երեխայի նկատմամբ բռնություն, նշել են` ծեծելը, տարբեր առարկաներով հարվածելը (83%), մութ սենյակում փակելը (73%), քաղցած թողնելը կամ չկերակրելը (71%), սպառնալը կամ ահաբեկելը (64%), երեխային անտեսելը (առանց ուշադրության և խնամքի թողնելը) և երեխային աշխատել ստիպելը (59%), մյուս ծնողի հետ շփումը արգելելը (58%), երեխային ծաղրելը և/կամ վիրավորելը (56%), երեխային ապտակելը, հրմշտելը (43%), հարազատի կամ ընկերների հետ շփումը արգելելը (45%), երեխայի արտաքին տեսքը, պահվածքը, մտավոր ունակությունները անընդհատ քննադատելը (46%):

 

Հարցվածների 36%–ը փաստել են նաև, որ իրենց երեխաներն ընտանիքում երբեմն ենթարկվում են բռնության, հիմնականում` ֆիզիկական բռնության և/կամ ֆիզիկական պատժի (59%), հոգեբանական բռնության (58%), անտեսման (6%): Ի դեպ, 82 %-ը մոր կողմից, 50%-ը` հոր կողմից: Որպես բռնության հիմնական պատճառներ հարցվողները առաջին հերթին նշել են. ընտանիքում վատ սովորույթների առկայությունը (հարբեցողություն,   թմրամոլություն, խաղամոլություն)` 84%, ընտանիքում ճգնաժամային իրավիճակի առկայությունը (ծնողների ամուսնալուծություն, մարդկային կորուստ, ընտանիքում մշտապես կոնֆլիկտային մթնոլորտի առկայություն)` 50%, բռնություն կիրառողի հոգեկան կամ մտավոր հիվադությունների առկայությունը` 48%:

 

Կարևորվել է նաև ԶԼՄ-ների կամ համացանցի միջոցով ներկայացվող (բռնության  տեսարաններ պարունակող) նյութերը` 16%: Վերը նշված «Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտության համաձայն` երեխաների 27%-ը շրջապատի կողմից ենթարկվում է բռնության, որոնցից 68%-ը` ֆիզիկական բնույթի, 48%-ը` հոգեբանական: Երեխաներն ընտանիքից դուրս շրջապատում բռնության են ենթարկվել հիմնականում հասակակիցների կողմից (82%), ուսուցիչների կողմից (17%), դայակների ու դաստիարկների կողմից (15%):

 

«Երեխայի հանդեպ բռնության վերաբերյալ» հետազոտության մասնակիցները որպես բռնության երևույթի կանխարգելման արդյունավետ միջոցներ նշել են` տևական (մասնագիտական) աշխատանք ընտանիքների հետ (60%), տևական (մասնագիտական) աշխատանք դպրոցներում (45%), հասարակության մոտեցումների և հասարակական կարծրատիպերի փոփոխություն (27%), օրենսդրական փոփոխություններ (24%):

 

Ըստ Երևանի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի տվյալների ներկա դրությամբ կենտրոն տեղափոխված երեխաներից 75-%-ը ընտանիքում ենթարկվել է անտեսման, 53%-ը` ֆիզիկական, 8%-ը սեռական, 61%-ը` հոգեբանական բռնության: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում և համայնքային ցերեկային 2 կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այստեղ խնամվող շուրջ 1650 երեխաներից 470 երեխա ընտանիքում ենթարկվել է բռնության, որից շուրջ 15.4%-ը ֆիզիկական բռնության, 33%-ը հոգեբանական, 1,5%-ը` սեռական, 50%-ը անտեսման: Ուշագրավ է, որ ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների, հարցման մասնակիցները հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների թվին դասվող շատ գործողություններ իրականում բռնություն չեն համարում:

 

«Կարևոր է նկատի ունենալ, որ ընտանեկան բռնությունները բացահայտելն ու տիպերը գնահատելը բավականին բարդ խնդիր է նույնիսկ բռնությունների առկայության դեպքում. հարցման մասնակիցները գերադասում են կամ չխոսել դրա մասին կամ պարզապես արձանագրել ընտանիքում բռնությունների բացակայությունը»,-նշվում է նախագծում:

 

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների` 2013 թվականի 12 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 224 դեպք: Հիշյալ դեպքերով տուժող հանդիսացող անչափահասներից 114-ը աղջիկ, իսկ 110-ը` տղա: 2014թ. 4 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 52 դեպք: Հիշյալ դեպքերով տուժող հանդիսացող անչափահասներից 27-ը իգական սեռի են, 25-ը` արական սեռի:

 

Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված հետազոտության երեխաների նկատմամբ կիրառվող ֆիզիկական բռնությունը ավելի բարձր տոկոս է կազմում դպրոցում: Ընտանիքից դուրս հանրակրթական, հատկապես, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կիրառվում են տարբեր տեսակի չարաշահումներ, որոնց մեջ գերակշռում են են հոգեբանական և ֆիզիկական  բռնության ձևերը:

 

«Այսպիսով, ինչպես ընտանիքներում, այնպես էլ կրթական, խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում կիրառվում են երեխայի հանդեպ բռնության տարբեր տիպեր: ՀՀ քրեական օրենսգիրքը (Գլուխ 20) և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը (հոդված 178) նախատեսում են պատասխանատվության միջոցներ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների (իրավախախտումների) համար, սակայն սահմանված պատասխանատվության միջոցները համարժեք չեն կատարված արարքներին և անհրաժեշտ է երեխայի հանդեպ կատարված բռնության դեպքերում նախատեսել առավել խիստ պատժամիջոցներ»,-ասված է հայեցակարգի նախագծում:

 

Հայեցակարգի նպատակն էսահմանել երեխայի հանդեպ բռնության երևույթի վերացմանը, կանխարգելմանը և բռնության ենթարկված երեխայի, ինչպես նաև բռնություն գործադրող անձի վերականգնմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

Հայեցակարգը մշակած նախարարության մասնագետները նշում են, որ փաստաթղթի ընդունման դեպքում ակնկալում են արդյունքում ունենալ  երեխաների հանդեպ բռնության երևույթի և անտեսման վերաբերյալ բարեփոխված օրենսդրություն, շահագրգիռ գերատեսչությունների սահմանված գործառույթներ և համագործակցության մեխանիզմներ,  երեխաների հանդեպ բռնության երևույթն արտացոլող պետական վիճակագրություն և տեղեկատվության հավաքագրման կառուցակարգեր, երեխաների հանդեպ բռնության երևույթի նկատմամբ հասարակական գիտակցության փոփոխություն, դեպքերի, իրավիճակների միջամտության և վերականգնման մեխանիզմներ:

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 7936

Գլխավոր էջ